Թուրքիայի քաղաքացիները ևս 1 տարի կկարողանան այցելել հունական կղզիներ

Հունաստանը ևս մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի քաղաքացիների համար Էգեյան ծովի կղիզներ այցելության գործընթացը հեշտացնող ծրագրի ժամկետները, որով վերջիններս կարող են վիզա ստանալ Հունաստանի անցակետերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծրագիրը մեկնարկել էր 2024 թվականի ապրիլի 1-ին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերը։ Սկզբնական փուլում այն ընդգրկում էր 10 կղզի, սակայն հետագայում ցանկը ընդլայնվել է՝ հասնելով 12-ի։

Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լանա Զոհիուի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիներն առաջիկա 1 տարվա ընթացքում այդ գործընթացով կարող են մուտք գործել հետևյալ կղզիներ՝ Իսթանքյոյ, Միդիլի, Ռոդոս, Սիսամ, Սաքիզ, Իլերյոզ, Լիմնի, Կալիմնոս, Մեյս, Սյոմբեքի, Բաթնոզ և Սեմադիրեք։

Ծրագրի շրջանակում Թուրքիայի քաղաքացիներն ազատվում են նաև Շենգեն վիզա ստանալու պարտադիր ընթացակարգից, սակայն տրամադրվող վիզան գործում է միայն տվյալ կղզու տարածքում և չի թույլատրում տեղաշարժ Հունաստանի այլ շրջաններ։ Նշենք նաև, որ վիզայի արժեքը կազմում է 85 եվրո, սակայն փաստաթղթերի ձևակերպումը իրականացվում է ոչ թե անհատական կարգով, այլ՝ լաստանավային ընկերությունների և տուրիստական գործակալությունների միջոցով, որոնք կարող են հավելյալ վճարներ գանձել ծառայությունների համար։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վավերական (առնվազն 6 ամսով) անձնագիր, կենսաչափական լուսանկարներ, բանկային հաշվեհամարի քաղվածք, հյուրանոցային ամրագրում, երկկողմանի լաստանավի տոմս, առողջապահական ապահովագրություն և այլն: Թուրքական մամուլում որպես պայման նշվում է նաև, որ անձնագրում չպետք է լինի Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության մուտքի կնիք, իսկ վիզաները տրամադրվում են սովորաբար 1-7 օրով:

Միևնույն ժամանակ, տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան աստիճանաբար դառնում է Հունաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկա. 2025-ին Թուրքիայից Հունաստան օդային ճանապարհով այցելել է շուրջ 766.000 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 14.5%-ով։

Ընդհանուր առմամբ, տարբեր ուղիներով Թուրքիայից Հունաստան այցելությունների թիվը գերազանցել է 1.8 միլիոնը՝ ապահովելով երկրի համար կարևոր տեղ հիմնական զբոսաշրջային շուկաների շարքում։ Միևնույն ժամանակ, Հունաստանից Թուրքիա այցելությունների թիվը նույն տարում նվազել է՝ կազմելով ավելի քան 621.000։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930