Հայաստանի եվրաատլանտյան օրակարգին որևէ այլ ուժ այդքան վնաս չի տվել, քան հենց այսպես ասած «արեւմտամետ» դիրքավորմամբ ուժերը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Բավականին բազմիմաստ է ՌԴ նախագահի հայտարարության հանրային ընկալումը, երբ նա Փաշինյանի հետ խոսում է այն մասին, որ պետք է ապահովել «Ռուսաստանի բարեկամ» ուժերի մասնակցությունը խորհրդարանի ընտրությանը:

Հանրային որոշակի շերտ համարում է, որ այդպիսով ուժեղ աջակցություն են ստանում այն ուժերը, որոնց մասնակցությունը կարող էր հայտնվել արգելափակման ներքո, եթե Նիկոլ Փաշինյանը այդ քայլի հարցում ոչ միայն աջակցություն ստանար Արեւմուտքից, այլ նաեւ խրախուսում, իսկ Ռուսաստանից լիներ լռություն:

Մյուս կողմից, շատերը համարում են, որ ասելով «Ռուսաստանի բարեկամների» մասին, Պուտինը գործնականում «խթանեց» իշխանության մեղադրանքը, թե այդ ուժերը սպասարկում են Ռուսաստանի շահ:

Գործնականում ո՞ր տեսակետն է գերակշռողը: Կարծում եմ՝ այստեղ չափազանց կարևոր է այլ շեշտադրում: Գերակշռողը պետք է լինի իրադրության ռացիոնալ գնահատումը: Կարծում եմ, որ Հայաստանի հանրությունն ի վիճակի է իրադրության եւ հասկացությունների ռացիոնալ գնահատման: Եթե ուժտ Ռուսաստանի բարեկամ է, դա բացարձակապես չի նշանակում, որ Ռուսաստանի ենթակա է, իսկ Արեւմուտքին՝ թշնամի:

Ավելին, այստեղ կա մեծ նենգափոխում, որ փորձ է անում մատուցել հանրությանը թե իշխանությունը, թե մերձիշխանական արեւմտամոլ ուժերը: Հենց նրանք է, որ փորձում են հանրությանը «սնուցել» միտք, թե այն ուժը, որը կողմնակից է Ռուսաստանի հետ դրական, արդյունավետ եւ սերտ գործակցության, ուրեմն հակադիր է Արեւմուտքին, ուրեմն դեմ է ինքնիշխանությանը, եւ այլն, եւ այլն:

Ունենալով վառ «արեւմտամետ» դիրքավորում, այդ ուժերը միաժամանակ դատարկ են Արեւմուտքի հետ հարաբերության իրական օրակարգի տեսանկյունից: Ահա այդ դատարկությունը փորձ է արվում լրացնել հակառուսականությամբ, եւ Ռուսաստանի հետ ռացիոնալ արդյունավվետությամբ բարվոք հարաբերություն կառուցելու կողմնակից ուժերին թիրախավորելով, Ռուսաստանի հետ հարաբերության դրական կոնցեպտը իբրեւ Արեւմուտքի հետ թշնամություն եւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն ներկայացնելով:

Այս ամենն այլ բան չէ, քան պարզապես դրա՝ այլ ուժերի ռացիոնալ օրակարգերը ամեն կերպ ու ինքնանպատակ թիրախավորելու միջոցով «արեւմտյան արեւի տակ» սեփական տեղ ապահովելու սնանկություն:

Եվ դրա մասին է վկայում այն, որ այդ ուժերից գործնականում որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չունի հենց նույն արեւմտյան ուղղությամբ իրական քաղաքական գործընկերային հարաբերության որեւէ լուրջ պատմություն, որեւէ հագեցած բովանդակային գործընկերություն:

Հայաստանի հանրության մի մասն իհարկե սպառում է այդ սնանկ օրակարգը, բայց դա անկասկած փոքր մասն է, ինչը վկայում են թե տեղական մակարդակի, թե համապետական մակարդակի ընտրություններում այդ ուժերի գրանցած ցուցանիշները: Դրանք վկայում են, որ հանրության մեծամասնությունը ունակ է գնահատել իրողությունները ռացիոնալ հիմքով: Ըստ այդմ, գլխավոր խնդիրը՝ հանրության հետ ռացիոնալ հաղորդակցության հետեւողական աշխատանքը շարունակելն է:

Ինչպես շատ անգամ եմ առիթ ունեցել ասելու, Հայաստանի եվրաատլանտյան օրակարգին որեւէ այլ ուժ այդքան վնաս չի տվել, քան հենց այսպես ասած «արեւմտամետ» դիրքավորմամբ ուժերը, որոնք եվրաատլանտյան ուղղությամբ Հայաստանի հարաբերությունների օրակարգ ձեւավորելու փոխարեն, այդ հարցը հավասարեցրել են բանալ հակառուսականության, նույնականացրել են հակառուսականության հետ:

Սա իրականում աղավաղել է հենց եվրաատլանտյան օրակարգի հեռանկարը, զրկելով այդ հարցում հանրային որեւէ լուրջ դիսկուրսի հնարավորությունից:

Իսկ Եվրաատլանտյան դերակատարներին դա իհարկե չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետեւ նրանց իհարկե պետք չէ, որ Հայաստանում լուրջ, պատասխանատու, ստեղծարար օրակարգ մշակվի իրենց հետ հարաբերության իմաստով, որովհետեւ այդպիսի բնույթ եւ բովանդակություն ունեցող հարաբերությունը իրենցից պահանջելու է առավել «պատասխանատու» խնամք:

Մինչդեռ, անհամեմատ անկաշկանդ ու դյուրին է պարզապես վճարել ինքնանպատակ հակառուսականության համար, լուրջ օրակարգի մասին խոսողներին պիտակավորելու համար, եւ մնացյալը կծավալվի այսպես ասած ինքնահոսով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930