ՊՈՒՏԻՆՆ ԱՍԱՑ՝ ԼԱՎ ՄՏԱԾԵՔ… ԵԹԵ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՆՈՒՄ ԵՍ ԱՉՔԵՐԴ, ՄԻ՛ ԲՈՂՈՔԻՐ՝ ԿՈՒՐԱՑԵԼ ԵՍ… ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՏԵՍԱ՞Վ ՍԻՐԻԱՅԻ ԲԱԽՏԸ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Երբ Աֆրիկայում հսկայական գործ արած, իմ իմացած մեծագույն քարոզիչներից մեկը եկել էր Հայաստան, ինձ խնդրեց իրեն տանել Էջմիածին: Մայր Տաճարը դեռ վերանորոգված չէր: Ինքը ներս մտավ, նայեց մրոտ պատերին ու ձեռքերը վեր բարձրացրեց, ինչը բնորոշ չէ բողոքականներին… Նա հանձնվեց հայ ժողովրդի սակրալ, սրբազան ինքնության առաջ…
- Չի կարելի հոգևորի ոլորտում գործել հրմշտոցով ու բռունցքներով, ո՛չ մի դեպքում, որովհետև դա ճաք է առաջացնելու, որը ոչ մի կերպ կարող է և չկարողանաս լցնել: Հոգևոր միասնականությունը չի կարելի խախտել: Ոչ մի ընտրություն չպետք է կապ ունենա հավերժությունն իր մեջ կրող բացառիկ պահի հետ: Տեղի ունեցածը Սուրբ Աննա եկեղեցու ներսում անթույլատրելի ընթացք էր… Եկեղեցին այն կաճառն է, լույսի խորանը, որից սնվում է հայ քրիստոնյա բազմությունը:
- Պատարագին կարող ես մասնակից, հաղորդակից լինել վերջին շարքերից, ինչու ես ճեղքում բազմությունը ու գնում առաջին շարքեր… Համաշխարհային կրոնում գոյություն չունեն բարձր և ցածր մարդիկ, գոյություն ունեն հավատացյալներ: Դա էքսցես էր. կապ չունի՝ որտեղ ես կանգնում պատարագի ժամանակ…
- Ամերիկյան հիմնի կանոնական տարբերակը երգում է միայն մորմոնների երգչախումբը: ԱՄՆ-ի բնակչության 1/3-ը գտնվում է մորմոնական ոլորտում, տեսակարար մեծ կշիռ ունեն:
- Բռնության մեխանիզմն աշխատում է, որ հնարավորինս ապահովի իշխանության վերարտադրությունը: Կա դատախազություն, հազար ու մի ինստիտուտներ, որոնք ապահովում են իշխանության ինստիտուցիոնալ պաշտպանությունը, բայց չի կարելի չարաշահել դա:
- Երկրի երեսին հնարավոր չէ գտնել այնպիսի ժողովուրդ, այնպիսի ծանրության կենտրոն, ինչպիսին հայերի մոտ կա:
- Որտեղ կա փող և իշխանություն, այնտեղ կա արատ, բայց չի կարելի արատ փնտրել այն իշխանության մեջ, որն ունի ներքին հարստություն. սրանք Կոնֆուցիոսի խոսքերն են:
- Հայաստանի՝ իր պատկերացրած քարտեզը կրծքին խփած՝ Պուտինի մոտ նստելը նշանակում էր, որ Հայաստանը պահպանելու է այն արտաքին քաղաքական գիծը, որին մինչ այս հետևել է: Դա Պուտինի համար չէր, տեսախցիկների առաջ կադրի պոստանովկա էր, սիմվոլ, որը հետագայում կկարողանա խաղարկել ընտրապայքարի շրջանում:
- Մենք եվրոպական ասոցացման պայմանագիր ենք փորձել (CEPA) ստորագրել, և նրանում գոյություն ունեցող առանցքային կետերից մեկն, օրինակ, այն էր, որ Հայաստանին կտրվի թեթև արդյունաբերության ապրանքների՝ Եվրոպա ներմուծման արտոնություն, ինչը տեղի ունեցավ Վրաստանի դեպքում: Ես համենայնդեպս չեմ տեսել եվրոասոցիացիա ստորագրած որևէ երկիր, որը հետո վատ չի ավարտել: Ի՞նչ եղավ Վրաստանի դեպքում… Ոչինչ, ասացին՝ վրացական գինիների մակարդակը չի համապատասխանում եվրոպական գինիների մակարդակին: Վերջ: Վրացիները կորցրեցին ռուսական հսկայական շուկան, ոչինչ ձեռք չբերեցին եվրոպական շուկայում: Ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը գնել էր վրացական գինեգործությունը, որը վաճառեց քոռ կոպեկներով, որովհետև համարեց, որ եթե ռուսական շուկան չկա, իրենք չեն հավակնում որևէ արդյունքի: Հիմա մեր պարագայում մտածենք՝ ինչը կարող է փոխարինել ռուսական շուկային:

- Եվրոպան այսօր առաջվա Եվրոպան չէ, որը կարողանա անել ամեն ինչ ու մարսել: Այսօր տեղի է ունեցել մեգա պատերազմ Իրանի դեմ, և դեռ հայտնի չէ՝ ինչով կավարտվի այն: Ամերիկան պատրաստ է զոհել վերջին ամերիկացին՝ այդ պատերազմում հաղթանակի հասնելու համար, ինչպես Եվրոպան՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն էր հայտարարում, որ պետք է զոհել վերջին ուկրաինացուն ռուսների դեմ հաղթանակ տանելու համար:
- Փաշինյան-Պուտին հանդիպումներից երեկվա հանդիպումը, թերևս, ամենակոշտն էր. դա էր հուշում երեկվա լեյտմոտիվը:
- Եվրոպան հասկանում է, որ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վտանգված են: Էս դեպքում Եվրոպան ապագա վերելքի հավակնություններ կարող է ունենալ միայն Չինաստանի միջոցով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի վրայով, ինչից ելնելով՝ մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավոր քայլերը: Արդյո՞ք սա մեր շահերի հետ համադրելի է:
- Ես չեմ հասկանում՝ այ ախպեր, Թուրքիան էդ ո՞նց դարձավ մեր բարեկամը… այդ երկրի յուրաքանչյուր մտածումը միայն ավելի շատ հայեր կոտորելն է:
- Հայ ժողովուրդը չտեսա՞վ Սիրիայի բախտը: Եթե մենք իմաստնություն և փորձ պետք է քաղենք միայն սեփական սխալներից, մենք կկործանվենք:
- Փաշինյանի ասած Եվրոպան ո՞րն է, և ո՞ւր է ուզում նա գնալ: Որևէ վերլուծական փաստաթուղթ կա՞, կա՞ վերլուծություն, որ, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Ավստրիայի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մենք կարող ենք այնտեղ ներկայություն ունենալ:
- Էդ 42 կմ-ը որ տվել ենք՝ TRIPP-ը, մենք կարողանալո՞ւ ենք որևէ կերպ վերահսկել, ստուգել՝ ի՞նչ են տանում՝ զե՞նք, թե՞ մի ուրիշ բան: Հենց փորձեք, տեղնուտեղը դա կդառնա բաց ճանապարհ՝ ընդդեմ մեր շահերի, որը ոչ մի կերպ կասեցնել չի լինի: Այլ բան է, եթե ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները: Ինչ տնտեսական օգուտ էլ լինի, ռուսական շուկայի բերած օգուտների 1/100 մասը չի լինելու: Երեկ Պուտինը Փաշինյանին ասաց՝ մտածեք, եթե ուզում եք ձեր շահը թողնել ու ձեռք բերել խնդիրներ, ազատ եք ձեր ընտրության մեջ…
- Եվրոպան կախյալ է, անգամ ազատել է իր ավտոտնտեսությունը, եվրոպական մեքենաներն ԱՄՆ-ում, Չինաստանում են արտադրվում:
- Կամ մենք փոքր քայլերով առաջ կգնանք, կամ մեծ քայլերով կգնանք դեպի մեզ համար ամենավտանգավոր ուղղություն: Ստեղծվող նոր աշխարհը չի ենթադրելու այն ելքերը, որոնք մենք պատկերացնում ենք:
- Մոլդովայի սցենարն այդ ժամանակ եղել է հնարավոր. երեկ Պուտինն ակնարկեց՝ Մոլդովայի սցենարը չի աշխատելու: Արդարացի ընտրություն անցկացրեք, արդյունքները բոլորը կճանաչեն, բայց եթե լինելու է արհեստական խճանկար, նոր ձևավորվող աշխարհում դուք խնդիրներ եք ունենալու:

- Ժողովուրդ ջան, բազմաբևեռ աշխարհ՝ նշանակում է, որ պատերազմները շարունակվելու են, և մենք դրանից չենք խուսափելու, որքան էլ ուզենք: Եթե մենք չենք կարողանալու պատրաստ լինել պատերազմի, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը չի փոփոխվելու:
- Պուտինը չի ասել՝ Ռուսաստանի քաղաքացիները պետք է գան, ընտրություններում առաջադրվեն, բայց դա չի նշանակում, որ այն ուժերը, որոնք ունեն ռուսական կողմնորոշում, պետք է Հայաստանում հալածյալ լինեն:
- Այսօր ստեղծվել է երկու ուժ, երկու բևեռ՝ աներևակայելի բարձրացող Չինաստան, որին հնարավոր չի լինում խեղճացնել, որովհետև որպես դաշնակից՝ ունի Ռուսաստանին, և Իրանին, որը եվրասիական մայրցամաքի յուրօրինակ տրանսլյատորն է: Մենք կանգնելու ենք ձևավորվող աշխարհի վտանգների առաջ, իսկ այնտեղ հարցուփորձ չի լինելու: Պետք չէ, որ այս պահին աչքի ընկնենք անհապաղ որոշումներով՝ պատկանում ենք այս կամ այն բանակին: Մենք միշտ աչքի ենք ընկել երրորդ զանգի ժողովուրդ լինելով: Պետք չէ դա մոռանալ:
- Եթե նոր ձևավորվող Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքում դուք կարող եք տեղավորվել, կունենաք այնպիսի ձեռքբերումներ, որոնց մասին չէիք էլ երազում: Օվերչուկը դա էր ասում՝ կլինե՞ք այդ շահերի միջուկում, կունենաք ավելին, չե՞ք անի՝ կունենաք կորուստներ: Ներկայիս աշխարհն այլ բան չի պատկերացնում: Յուրաքանչյուրը գործելու է իր շահերի կիզակետում:
- Եթե մենք մեզ հետ տեղի ունեցածից հետո էլ պիտի հավատանք, որ թյուրքալեզու ժողովուրդները սպասարկելու են հայկական շահը, ուրեմն կեցցեն թուրքերը: Պետք չէ գնալ ինքնասպանության: Եթե սեփական մատներով հանում ես աչքերդ, մի՛ բողոքիր, որ կուրացել ես:
- Հարբեցողի զառանցանք է. ի՞նչ է նշանակում՝ դու կգաս, մեզ համար կկռվես, մեզ էլ փող կտաս:
- Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշը 80%-ից ավելին է: Որևէ այլ կառույց կամ անհատ հավակնո՞ւմ է ավելիին, ունի՞ ավելի բարձր հեղինակություն:
- Կոկորդիլոս էր ուզում բուծե՞ր այդ մարդը (ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը,- հեղ.): Բայց չգիտեի՞ն, որ կոկորդիլոսի միսը տղամարդկանց չբերություն է առաջացնում:
- Այսօր աշխարհը բաժանվել է մասերի, և միասնական գործունեության արդյունքում է, որ Իրանում ԱՄՆ-ը հաջողության չհասավ: Աշխարհում այլևս հեգեմոն պետություն չի լինելու: Չկա այլևս այդ հնարավորությունը: Ինչո՞ւ է Իրանն ասում՝ նավթի վաճառքը յուանով լինի. դա Իրանը չի ասում, այլ Չինաստանը: Նոր աշխարհը նախորդող աշխարհի մանրակերտի հետ կապ չի ունենալու:
- Իրանը չի կարող համակերպվել որևէ բանի հետ, բացի անվիճելի խաղաղություն երաշխավորող խաղաղության փաստաթղթից, որում արտացոլված կլինեն Իրանի կենսական շահերը: Նույնն անում է Ռուսաստանն Ուկրաինայի պարագայում: Սա միասնական մոտեցման արդյունք է: Իրանը չի կարող թույլ տալ, որ հիմա գնան, 6 ամիս հետո էլի գան:

- Չմոռանանք, որ երբ Նազարբաևը Ղազախստանը լքեց, գնաց Թուրքիա: Չմոռանանք նաև, որ երբ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ն էր նախագահում, ու Ղազախստանում ճնշվեց ընդվզման փորձը, Էրդողանը հայտարարեց՝ հայերի ու ռուսների ոսկրոտ ձեռքերը մոտեցել են, որ բռնեն ու խեղդեն թյուրքալեզու ժողովուրդների ադամանդին՝ Ղազախստանին: Թյուրքական աշխարհը ձևավորվող երևույթ է, որը Ռուսաստանը պայթեցնելու է հարավից, Չինաստանին մեկուսացնելու է իր սարքած երկաթուղային և սովորական ճանապարհներից: Մեզ պե՞տք է դառնալ այդ թշնամական գործողությունների սատելիտը:
- Մենք միշտ ենք կանգնած լինելու երկընտրանքի առաջ, և դա թող ոչ մեկին չվախեցնի, եթե դու խորագետ ես, հասկանում ես միտումներն ու տենդենցները, դու չես սխալվի: Իսկ եթե ստրատեգիա չկա, ո՞ւր ես գնում…
Մանրամասները՝ տեսանյութում:



