Ինչո՞ւ էին սատկում Տավուշի խոզերն ու մեղուները
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղից ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը 2013թ. նոյեմբերի 29-ին նամակ է գրել ՀՀ վարչապետին եւ գյուղատնտեսության նախարարին, ուր հայտնել է, որ գյուղնախարարության կողմից վնասատուների դեմ ուղաթիռներով կատարված քիմիական պայքարի հետեւանքով Տավուշի մարզում ոչնչացել են բազմաթիվ խոզեր եւ մեղվաընտանիքներ:
Սարիբեկյանը հայտնել է, որ քիմիական պայքարի հետեւանքով վարակվել է անտառի կաղինը,այդ կաղնով սնված բազմաթիվ խոզերի անկում է եղել: Մեղուներն էլ թունաքիմիկատներով վարակված ծառերից, ծաղիկներից նեկտար վերցնելով՝ ոչնչացել են: Ա. Սարիբեկյանը նամակում առաջարկել է Տավուշի մարզում վնասատուների դեմ քիմիական պայքար չիրականացնել. դրա համար պետական բյուջեից հատկացված 30 միլիոն դրամն ուղղել սահմանամերձ գյուղերի համար հացահատիկահավաք կոմբայն կամ արժեքավոր ծառատեսակների տնկիներ գնելուն:
2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը Ա. Սարիբեկյանին պատասխան նամակ է ուղարկել,ուր հայտնել է , որ գյուղատնտեսության նախարարությունը բույսերի պաշտպանության ծրագրի շրջանակներում 2009թ. հունիսի 16-19-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունների 2200 հա անտառային տարածքում ավիացիոն պայքար է իրականացրել, որի ընթացքում օգտագործված նյութերը կենդանիների եւ թռչունների համար անվնաս են, իսկ «մեղուների համար, եթե դրանք ուղիղ շփման մեջ չեն մտնում, նույնպես վտանգ չեն ներկայացնում»:
Նամակում նշվում է նաեւ , որ Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսությունները զանգվածային լրատվամիջոցներով՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով այդ տարածքի բնակիչներին ավիացիոն պայքարի գործողությունների եւ ժամկետների մասին իրազեկել են:
Ա. Սարիբեկյանը զարմացած է , թե հունիս ամսին ՝մեղվի զարգացման բուռն ժամանակաշրջանում մեղուներն ինչպե՞ս կարող էին անմիջական շփման մեջ չմտնել թունաքիմիկատներով վարակված ծառերի եւ ծաղիկների հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: