Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ իրեն եկեղեցու դիմացից առևանգել և ծեծի են ենթարկել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ Շիրակի մարզային վարչության, Արթիկի և Մուշի բաժինների ծառայողները ապրիլի 16-ին, ժամը 23.30-ին, Փոքր Մանթաշ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով, բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Արա Գ.-ին, 1986 թ. ծնված Գոռ Բ.-ին և 1983 թ. ծնված Էդգար Գ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել էր «K 6.92» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Ապրիլի 17-ին, ժամը 01.00-ին, Էդգար Գ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում գտնվող եկեղեցու դիմացից իր ծանոթներ ոմն Հովոն, Ուդին և Գոռ Բ.-ն առևանգել են իրեն, ծեծի ենթարկել և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովոն 1975 թ. ծնված Հովհաննես Թ.-ն է, իսկ Ուդին` 1974 թ. ծնված Ռուբեն Ս.-ն:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ռուբեն Ս.-ն, Գոռ Բ.-ն և Արա Գ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն