Հայ պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ մեծամասնական ընտրակարգով Ախալքալաքում ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը երեկ ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում՝ կոչ անելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Պետրոսյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ճանաչելն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ապագայում կանխվեն նմանատիպ հանցանքները. «Հարցը կարևոր է պատմական պլանում: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, մի երկրի զավակներ ենք և պետք է ապրենք խաղաղության ու միասնության մեջ:
Այդ պատճառով էլ կարևոր է, որ պատմական դեպքերը գնահատվեն ճիշտ: Հուսով եմ, որ Հայաստանն ու Թուրքիան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար կգտնեն ընդհանուր լեզու: Այն, ինչ 100 տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, ցայսօր վիթխարի վնասվածք է հայ ժողովրդի համար»: