1 միլիարդ կաթոլիկ աշխարհի առաջ Հռոմի պապը հայտարարեց, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն. Արման Նավասարդյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պետք է արձագանքի Հայաստանը, եթե իրականան այն լուրերը, ըստ որոնց՝ Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Ելիզավետա Երկրորդը, ապրիլի 24-ին կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտին նվիրված, Թուրքիայի կազմակերպած միջոցառմանը։ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարզել՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է Մեծ Բրիտանիայից ետ կանչի իր դեսպանին
– Չէ, իհարկե, բոլորովին։ Դա քաղաքականություն է, իսկ Թուրքիան այդ մակարդակով է իր քաղաքական հարցերը լուծում։ Այս պահին հետ կանչել Անգլիայի դեսպանին, դա կլինի քաղաքական կոպիտ սխալ։
Թուրքիան ուզում է ապացուցել, որ չի եղել Եղեռն, որովհետև այն, ինչ կատարվեց Հռոմում, կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է ՀՀ-ի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների համար։
Շատերը կարծում են, որ Վատիկանը մի փոքր կառույց է, Վատիկան ասելով՝ պետք է հասկանալ 1 միլիարդ կաթոլիկ աշխարհը, փաստորեն 1 միլիարդ կաթոլիկ աշխարհի առաջ Հռոմի պապը հայտարարեց, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, դրա համար վրդովվեցին, կատաղեցին։ Ինչ-որ եղավ, ես շատ բարձր եմ գնահատում ու շատ ուրախ եմ դրա համար։
Հ.Գ. Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից այն բանի համար, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր մատուցել»։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։