Դեսպան Թումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրանի արտաքին գործերի նախարարին

Ապրիլի 11-ին Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարգրերի պատճենը հանձնեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Հավատարմագրերի պատճենի հանձնումից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն Իրանի ԱԳ նախարարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները` նշելով, որ որպես դեսպան` գործադրելու է առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև առկա 23-ամյա ջերմ դիվանագիտական հարաբերությունների հետագա խորացման համար:

Իր հերթին Իրանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց Իրան – Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը և իր զորակցությունը հայտնեց ՀՀ նորանշանակ դեսպանին վերջինիս առաքելության իրականացման գործում:

Դեսպան Թումանյանը նշեց, որ իր աշխատանքը նպատակաուղղված է լինելու քաղաքական բարենպաստ պայմաններում տնտեսական հարաբերությունների առավել խթանմանն աջակցելուն:

Անդրադարձ կատարվեց Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Այդ համատեքստում դեսպան Թումանյանը նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց բանակցությունների արդյունքում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս