Ադրբեջանը պետք է շուտափույթ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին. Amnesty International և Human Rights Watch
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների խախտումները վնաս կպատճառեն Եվրոպական խաղերին, եթե Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեները Ադրբեջանի կառավարությանը կոչ չանեն ազատելու կալանավորված լրագրողներին ու ակտիվիստներին:
Այս մասին նշված է Սպորտի ու իրավունքների պաշտպանության դաշինքի այսօրվա հայտարարությունում: Ադրբեջանը հունիսի 12-18-ին կայանալիք եվրոպական խաղերին հրավիրել է Օլիմպիական շարժման հովանու ներքո գտնվող 50 երկրի 6000 մարզիկների:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Նազարսկին հայտարարել է, որ եվրոպական օլիմպիական կոմիտեն բացառիկ հնարավորություն ունի՝ նախագահ Իլհամ Ալիևի առջև բարձրացնելու համար այդ բոլոր խնդիրները:
Սպորտի ու իրավունքների պաշտպանության դաշինքը ստեղծվել է ոչ վաղ անցյալում, նրա կազմում ներառվել են Amnesty International-ը, Human Rights Watch-ը, FIFPro-ն (Եվրոպայում ֆուտբոլային երկրպագուների միություն) և Transparency International-ը:
Դաշինքը ձգտում է հասնել նրան, որ մեգա-մարզական միջոցառումներ հյուրընկալող երկրում հարգեն մարդու իրավունքները, պահպանեն շրջակա միջավայրը և սպորտի ոլորտում պայքարեն կոռուպցիայի դեմ: