«Որպես ի՞նչ են այդ երեխաներին տարել-կանգնեցրել Ծիծեռնակաբերդում». Աղասի Թադևոսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Ապրիլի 1-23-ը՝ ժամը 10:00-18:00-ն աշակերտները հերթափոխով ոգեկոչելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,- նշել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է այս նախաձեռնությունը:

«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես՝ հիմնական, այնպես էլ՝ ավագ դպրոցները»,- հայտարարել է նախարարը: Որքանո՞վ է այս երևույթը նորմալ, և, ընդհանրապես, ինչպե՞ս պետք է երեխաներին ներգրավել նման սգո միջոցառումներին:

168.am-ի հետ զրույցում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ դա նորմալ երևույթ չէ և արտացոլում է այդ մտահղացումը կայացնողների՝ Ցեղասպանության ընկալումը, որը «զուտ դիտարկում են՝ որպես ողբի և լացուկոծի, աշխարհին այդ ամենը ցույց տալու, խղճահարություն առաջացնելու տեսանկյունից»: «Չեմ կարծում, որ այդ տարիքի երեխաներին նման միջոցառումներին ներգրավելը ճիշտ է: Նախ՝ պետք է հասկանալ, թե մանկավարժորեն ինչպես է ճիշտ ներգրավել, ես չեմ կարծում, որ շատ խորն այդ հարցերը քննարկվել են, ընդհանրապես, կարծես նման քննարկումներ տեղի չեն ունեցել՝ ո՛չ Կրթության նախարարության մակարդակով, ո՛չ էլ, ասենք, գոնե դպրոցների խորհուրդների մակարդակով»,- ասաց մեր զրուցակիցը:

Ա. Թադևոսյանի խոսքով՝ «սովետական», «պարադային» վիճակ է տիրում ցեղասպանության տարելիցի շուրջ. «Հենց այդ սովետական պառադի մթնոլորտն է, որը, անկեղծ ասած, ինձ մոտ խորը հիասթափություն է առաջացրել այս պրոցեսներից, ինչ ընթանում է, շատ տխուր է: Այդ սիմվոլիկայի տարածումը, դպրոցներում դրանցով ինչ-որ սեղաններ են նախշում, խորհրդանշան անմոռուկն էլ մի տեսակ շատ պայծառ, վառվռուն, գարնանային գույներ ունի, այնպիսի տպավորություն է, որ ամբողջ հարապետությունն այդ ողբերգությանը մոտենում է՝ որպես մի իրադարձության, որը համատեղ ուրախ միջոցառում է»,- ասում է նա:

Կարդացեք նաև

AshakertnerՄեր զրուցակիցը նկատեց, որ Ցեղասպանության տարելիցը տոն չէ, դա ցավալի իրադարձության 100-ամյակ է, որը պետք է հիշել հենց որպես ողբերգություն՝ «ոչ միայն՝ ազգային ողբերգություն, այլև՝ համամարդկային, որ մարդու հանդեպ ոտնձգություն է արվել, և սպանել են մարդկանց՝ խտրականության հողի վրա»: Ըստ նրա՝ շատ կարևոր է դնել հենց խտրականության, ռասիզմի խնդիրը, բայց «մեզ մոտ ո՛չ սիմվոլիկան, ո՛չ միջոցառումների տեքստերը նման բաներ չեն արտացոլում»: «Երբ այդ երեխաներին էլ տանում են, կանգնեցնում են այդ կրակի շուրջ, ես հիշում եմ ճիշտ այդպիսի միջոցառումներ սովետական շրջանում՝ «Անմահ զինվորի» հիշատակի կրակի շուրջ պիոներներ թե հոկտեմբերիկներ էին հերթապահում, ոչ մի բանով դրանից չի տարբերվում, այսինքն՝ որպես ի՞նչ են այդ երեխաներին տարել-կանգնեցրել այնտեղ, գոնե այդ երեխաները գիտե՞ն՝ ինչի համար են կանգնում, թե՞ պարզապես, քանի որ 100-ամյակ է, այնտեղ էլ հիշատակի կրակ է վառվում, ինչ-որ մեխանիկական, ստերեոտիպային մի միտք են հղացել, ու կարծես թե շատերն իրենք իրենց արածից գոհ են»,- ասաց Ա. Թադևոսյանը:

Հարցին՝ ընդհանրապես չպե՞տք է ներգրավել երեխաներին նման միջոցառումներին, թե՞ այլ կերպ պետք է դա անել, Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Եթե խորը, բազմակողմանի՝ հոգեբանների, մանկավարժների, ծնողների և նույնիսկ մշակութաբանների ներգրավմամբ չի քննարկվել այդ հարցը, չի որոշվել՝ ինչպես պետք է այդ երեխաներին ներգրավել, ինչ պետք է նրանց բացատրել, ինչպիսին պետք է լինեն Ցեղասպանությանը վերաբերող մանկական տեքստերը, ինչպես պետք է իրենք վերարտադրեն այդ տեքստերը, բովանդակությունները, եթե այդպիսի բան չի արվել (իսկ այդպիսի բան չի արվել), ապա նման ձևով՝ զուտ սովետական համ ու հոտով, «Անմահ զինվորի» հիշատակարանի ֆորմատով՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ երեխա տանել-կանգնեցնել՝ դա անմտություն է առնվազն, բառիս բուն իմաստով՝ միտք չունեցող, անմիտ արարք է»:

 

Տեսանյութեր

Լրահոս