Բաժիններ՝

Ցեղասպանությունից «մազապուրծ» եղած գաթանախշիչի ճակատագիրը

Հայաստանի Փայտարվեստի թանգարանն ամբողջ աշխարհում միակ մասնագիտացված թանգարանն է, միակը՝ ամբողջ Եվրոպայում: Այն հիմնադրվել է 1977թ.՝ փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և ՀՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ։ Թանգարանի ինտերիերը ձևավորված է Գրիգոր Խանջյանի էսքիզներով, իսկ մետաղյա ձևավորումը՝ նկարիչ-դարբին Վարդան Օհանյանի։ Հավաքածուն համալրվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվությունների, հետագայում՝ գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ։

Թանգարանում, դռան բռնակից սկսած, ամեն ինչ փայտից է, յուրաքանչյուր ցուցանմուշ եզակի է և ունի իր պատմությունը, ճակատագիրը: Ցուցասրահում ներկայացվող իրերը դասավորված են՝ ըստ երեք բաժինների: Հնագույն մշակույթի բաժնում ներկայացված ամենահին իրը մ.թ.ա. 2-րդ հազարամյակից է հասել մեզ, իսկ մնացած իրերը մեծ մասամբ պատկանում են 18-19-րդ դարերին: Մյուս երկու՝ քանդակի և կիրառական արվեստի բաժիններում ներկայացված են ժամանակակից վարպետների փայտյա աշխատանքներ:

qar

Ներկայացվող ցուցանմուշներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքիր ու ինքնատիպ պատմությունը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, թանգարանի գիտաշխատողները Ցեղասպանության հետ կապվող մի իրի պատմություն առանձնացրեցին:

Կարդացեք նաև

Հնագույն մշակույթի բաժնում ներկայացվող գաթանախշիչը ստեղծվել է 19-րդ դարում, պատմական Հայաստանի քաղաքներից մեկում՝ Կեսարիայում: Լինելով Իսպենչյան տոհմի կենցաղի մի մասը, այն տեղ է գտել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթական հայ ընտանիքի կապոցում և հասել օվկիանոսից այն կողմ՝ Կանադա: Տարիներ անց Իսպենչյան գերդաստանի ժառանգներից մեկը, հասկանալով, որ այդ գաթանախշիչը մնալով տան մի անկյունում՝ այդպես էլ կկորչի ու իր արժանի տեղը չի գտնի տան մյուս իրերի կողքին, Հայաստան գալով՝ որոշեց այն իր հետ բերել և նվիրել թանգարանին:

hatvac-cucadrutyunic-21

IMG_2931

hatvac-cucadrutyunic-11

Զբոսաշրջիկների խմբի հետ Սևան գնալու ճանապարհին Իսպենչյան տոհմի ներկայացուցիչը խնդրել է մեկ րոպեով կանգ առնել թանգարանի մոտ, ու գաթանախշիչը արագ հանձնելով Փայտարվեստի թանգարանի աշխատակիցներին՝ վերադարձել է ավտոմեքենա ու հեռացել՝ խոստանալով վերադառնալ: Դրանից հետո Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց նվիրատվություն ստացած իրը դասվել է թանգարանի եզակի ցուցանմուշների շարքում ու թանգարանի աշխատակիցների համար առանձնացել իր ինքնատիպ պատմությամբ: «Գաթանախշիչը հանդիսանում է նաև հայերի ձեռակերտ արևը»,- ասում են թանգարանի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս