Բաժիններ՝

«Վետերաններին ուղարկել սահման, նշանակում է՝ անվստահություն բանակի նկատմամբ». Ազատ Արշակյան

«Մենք ունենք անշնորհակալության բարդույթ, մենք՝ նրանք, ովքեր պանիկայի մեջ են, պարզապես անշնորհակալ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շրջանառվող այն կարծիքների մասին, որ անհրաժեշտ է հիմա վետերաններին սահման ուղարկել՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ հայկական բանակը հաջողությամբ կատարում է իր ֆունկցիաները. «Գոյություն ունեցող հայկական պետությունը հայկական բանակի շնորհիվ գոյություն ունի»:

Ա. Արշակյանը կարծում է՝ վետերաններին ուղարկել սահման, նշանակում է՝ անվստահություն բանակի նկատմամբ:

«Վետերանները, ինչպես ամեն տեղ, այդտեղ էլ օգուտ չեն տալու, եթե գնում են դիրքերում մարտական ծառայության՝ դա անհնար է: Ես նրանցից մեկն եմ, 65 տարեկան մարդը չի կարող այս եղանակային պայմաններում խրամատների մեջ մնալ: Ես ընդամենը կխանգարեմ 21 տարեկան լեյտենանտին: Վետերանը պիտանի չէ, նա հարգանքի արժանի է, վաստակել է, նրան կարելի է մեդալներ տալ, հրավիրել ինչ-որ հանդեսների, դա այլ բան է: Հարգանքը պարտադիր է և լավ է, բայց կանոնավոր ծառայության ուղարկել վետերաններին՝ դա անթույլատրելի է»,- ասաց նա:

Ա. Արշակյանը դեմ չէ, որ լինի պայմանագրային զինծառայություն ու կարծում է՝ առայժմ մեզ պետք է նաև պարտադիր զինծառայությունը, որովհետև մենք երկար ժամանակ դա չենք ունեցել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ պատահական մարդ չի առաջարկում վետերաններին սահման ուղարկել, այլ առաջարկում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ում համոզմամբ՝ մինչև ապրլի 24-ը սադրանքներն ավելանալու են, և գոնե այս ժամանակահատվածի համար կարելի է նրանց ուղարկել սահման, Ա. Արշակյանը պատասխանեց՝ «Դրա կարիքը չկա», ապա ավելացրեց.

«Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնի է նրանով, որ երբ սկսվեց ազատագրական շարժումը՝ նա դեմ էր, նրան մեծ դժվարությամբ կարողացան ազատամարտիկները ներգրավել պայքարի մեջ, որովհետև ասում էր, որ զինվորականությունը չի կարող լինել անկանոն: Ինքն ասաց, որ ավելի կանոնավոր զինվորական ծառայության կողմնակից է, և կարծում եմ, որ եթե Կոմանդոսն առաջարկում է իր սկզբունքային ծրագրերից, ուրեմն՝ պետք է անպայման զորակոչի մակարդակով դա լինի՝ դա վետերան կլինի, կին կլինի, ով էլ լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս