Թաներ Յըլդըզը հերքել է ռուս-թուրքական գազային բանակցություններում խնդիրներ ծագելու մասին տեղեկությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն Անկարայում տեղի ունեցած Turoge-2015 նավթագազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիային ռուսական գազ մատակարարելու զեղչի շուրջ կա համաձայնություն, թեպետ համաձայնագիրը դեռ ստորագրված չէ:
Փետրվարին Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև անցկացված տևական ու բարդ բանակցություններն ավարտվել են պայմանավորվածության ձեռքբերմամբ, ըստ որի՝ ռուսական «Գազպրոմը» Թուրքայի համար կանի 10.25 տոկոսանոց գազային զեղչ:
Մարտի 18-ին ռուսական Коммерсант թերթը, վկայակոչելով իր թուրքական աղբյուրները, հայտնել է, որ գազային զեղչի մասին բանակցությունները հայտնվել են փակուղում, քանի որ թուրքական կողմը պահանջում է ավելին: Թաներ Յըլդըզը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը.
«Բոլոր խոսակցություններն այն մասին, որ խնդիրներ կան ռուս գործընկերների հետ բանակցություններում, անհիմն են: Ես արդեն իսկ հայտարարել եմ 10.25 տոկոսանոց զեղչին հասնելու մասին: Դա նշանակում է, որ այն ձեռք է բերվել, քանի ես ներկայացնում եմ տեղեկատվության պաշտոնական աղբյուր:
Զեղչի մասին փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել, սակայն դրանք արդեն տեխնիկական դետալներ են: Գլխավորն այն է, որ մենք պայմանավորվել ենք, իսկ ստորագրությունները կլինեն»: 2014 թվականին «Գազպրոմը» Թուրքիային մատակարարել է 27.4 միլիարդ խորանարդ մետր գազ: