Վրաստանը շատ կցանկանար, որ Հայաստանը լինի իր գործընկերը Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին. Վրաստանի ԱԳ նախկին նախարար

«Արևելյան գործընկերությունը ներկայիս ձևաչափով կենսունակ կլինի ապագայում ԵՄ քաղաքականության ճիշտ մշակման դեպքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում  ասաց 1995-2003թթ Վրաստանի ԱԳ նախկին նախարար, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իրակլի Մենագարիշվիլին, անդրադառնալով մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Նա նախ նշեց, որ Վրաստանը գագաթաժողովից մի շարք հարցերի հստակեցում է ակնկալում: Մենագարիշվիլին հիշեցրեց, որ Վրաստանը ԵՄ-ի հետ արդեն ստորագրել է Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր, որը ենթադրում է, որ բոլոր  այն միջոցառումները, որոնք վերաբերում են ԵՄ քաղաքականության դինամիկային և Արևելյան գործընկերությանն ու ԱլԳ  երկրներին, Վրաստանի  համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում:

«Այն հարցերը, որոնց շուրջ մենք մտահոգություններ ունենք, մի քանիսն են: Առաջին հերթին՝ ակնկալում ենք, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև վիզային հարաբերությունները կկարգավորվեն, ավելին՝ ազատ վիզային ռեժիմը կներդրվի, ուստի հույսեր ունենք, որ  այդ գագաթաժողովի ընթացքում առաջընթաց կարձանագրվի այս հարցերում: Հնարավորություն կընձեռվի գործընկերների հետ քննարկել ԱլԳ հեռանկարները, այն փաստաթղթերի և պարտավորությունների իրականացումը, որոնց շուրջ ավելի վաղ համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ-ի և ԱլԳ երկրների միջև: Թեև շատ համաձայնագրեր արդեն աշխատում են, բայց կարիք կա, որ համաձայնությունների ողջ համալիրն իրագործվի»,- մեկնաբանեց դիվանագետը:

Հարցին, եթե Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ներկայացուցիչները մշակում են միասնական տեսլական՝ կապված մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովի համատեղ հռչակագրի հետ, չի՞ նշանակում արդյոք, որ ԵՄ այս ձևաչափը վեց երկրների մոդելով այլևս կենսունակ չէ, նա պատասխանեց, որ դա, այսինքն` ԱլԳ ապագան և հեռանկարները, շատ լուրջ խնդիր է, հետևաբար՝ պետք է լինի Ռիգայի գագաթաժողովի առանցքային թեման:

«ԵՄ-ում կարծիք կա, որ ԵՄ-ն իր հարևանության նկատմամբ քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկի, վերանայի՝ համապատասխանեցնելով աշխարհի ներկայիս  իրողություններին: Մենք` ԱլԳ երկրների ներկայացուցիչներս, ունենք մեր դիրքորոշումները, որոնց շուրջ կցանկանայինք բանակցություններ վարել մեր  եվրոպացի գործընկերների հետ, այնպես որ, այդ հարցը ևս դառնալու է քննարկման առարկա գագաթաժողովի ընթացքում»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին` շարունակելով, որ ԵՄ ճիշտ քաղաքականության դեպքում ծրագիրը ներկայիս ձևաչափով կարող է շարունակվել և կենսունակ լինել ապագայում ևս:

Անդրադառնալով ծրագրում Հայաստանի դերին և եվրոպացի դիվանագետների կարծիքներին, թե Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչը` նա նախ նշեց, որ Վրաստանը  շատ կցանկանար, որ  իրենց եղբայրական ժողովուրդը լինի իրենց գործընկերը, ուղեկիցը՝ Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին:

«Թեև մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանը կայացրել է որոշակի ընտրություն՝  միանալով ԵՏՄ-ին, որը ենթադրում է որոշակի պարտավորություններ, և, ինչպես երևում է, ստեղծում են որոշակի սահմանափակումներ ևս այլընտրանքային որոշումների կայացման հարցում: Բայց ես չեմ կարծում, որ իրավիճակն անելանելի է, հաշվի առնելով այն, թե որքանով է  հայաստանյան հասարակության շրջանում բավարար արտահայտված ցանկությունը՝ ԵՄ-ի հետ մերձենալու և չհրաժարվելու այդ ուղուց: Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի վավերացման հնարավորությունները բացառել չեմ կարող»,- ասաց նախկին նախարարը:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ ՌԴ-ն թույլ չի տա Հայաստանին կառուցել խորը քաղաքական հարաբերություններ ԵՄ-ի հետ, այսինքն` անհնար է նաև համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրելը` արձագանքեց՝ ասելով, որ  եթե հայաստանյան հասարակության շրջանում այդ ընտրությունը բավարար հասունացած է, կա հստակ տրամադրվածություն, ապա խնդիրներ չեն լինի: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարողանա  ճնշել և  հակադրվել հասարակության որոշմանը»,- ընդգծեց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին:

Հիշեցնենք, որ օրերս Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանը ներկայացրել էին Եվրոպական հարևանության ծրագրի վերանայված տարբերակը, որը, նրանց իսկ խոսքով, ենթադրում է  դիվերսիֆիկացված քաղաքականություն՝ ԱլԳ յուրաքանչյուր երկրի նկատմամբ, հաշվի առնելով այդ երկրների առանձնահատկությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս