Աստանայում ՀՀ նախագահի հետ քննարկելու թեմա չկա. ռուսաստանցի վերլուծաբան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին համատեղ հանդիպում են անցկացնելու Աստանայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ այդ հանդիպման նախաձեռնողը Նազարբաևն է: Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերը, բացի Ուկրաինայում տիրող իրավիճակից, մտադիր են քննարկել երեք երկրների առևտրային-տնտեսական համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ժամանակակից միտումների ազդեցությունը:

Ուշագրավն այն է, որ պաշտոնական հաղորդագրություններում որևէ տեղեկատվություն չկա այդ հանդիպմանը Հայաստանի մասնակցության մասին, այնինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական տարածքի մասն է կազմում հունվարի 2-ից և կանոնակարգի համաձայն՝ այդ տարածքին առնչվող որոշումները պետք է կայացվեն բոլոր կողմերի մասնակցությամբ:

Թեև ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում փորձել է արդարացնել եվրասիական հիմնադիր եռյակի ցանկությունը՝ հանդիպում անցկացնել առանց հայկական կողմի մասնակցության, քննարկումները չեն դադարում. փորձագիտական հանրության մի ստվար հատվածը սա արհամարհանքի դրսևորում, Հայաստանին ստորադասելու փորձ է համարում:

168.am-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնությունում գործող «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Յուլյա Յակուշևան վստահեցնում է, որ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներն ամենևին միտք չունեն ստորադասել Հայաստանի ազգային շահերը՝ չհրավիրելով Սերժ Սարգսյանին մասնակցել Աստանայում կայանալիք հանդիպմանը:

Խոսքը, ըստ Յակուշևայի՝ այն մասին է, որ այն երկրները, որոնք հիմնել են Եվրասիական տնտեսական միությունը ամենաշատն են ազդված Ռուսաստանի հետ առևտրում առաջացած դժվարություններից, որոնց հետևանքով տարաձայնություններ են առաջացել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքերում:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ երկրների հետ, այդ խնդիրները Հայաստանին ամենաքիչն են առնչվում: Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ ռուսական ազգային արժույթի` ռուբլու, արժեզրկումից հետո Ղազախստան ռուսական ապրանքները սկսեցին մատակարարվել շատ ավելի էժան գներով, քան բուն ղազախական արտադրողն էր տրամադրում ղազախական շուկային, համապատասխանաբար՝ ղազախական ապրանքների մրցակցայնությունը ռուսական ապրանքի համեմատությամբ ընկել է Ղազախստանում: Այս թեման ակտիվ կերպով շրջանառվում է ղազախական և ռուսական ԶԼՄ-ներում: Ավելին՝ Ղազախստանում որոշում էր կայացվել ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ռուսական արտադրանքի ներմուծման վրա:

Ես կարծում եմ, որ այս հարցն է լինելու նախագահների քննարկման առանցքային թեմաներից մեկը»,- պարզաբանեց Յուլյա Յակուշևան`շարունակելով, թե կան մի շարք սահմանափակումներ, որոնք Ռուսաստանն էր մտցրել Բելառուսից ներմուծվող ապրանքների ծավալների վրա, քանի որ ՌԴ ապօրինի կերպով եվրոպական ապրանք էր ներմուծվում բելառուսական ապրանքի մակնշմամբ: Ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ` այստեղ կան հստակ տարաձայնություններ, որոնց վերաբերյալ դիրքորոշումները պետք է հստակեցվեն և հարթվեն: Իսկ հայաստանյան կողմը, նրա խոսքով, ամենաքիչն է ներգրավված այն խնդիրներում, որոնց բախվում են եվրասիական երկրները:

«Ուստի մեծ հաշվով ՀՀ նախագահի հետ քննարկելու որևէ թեմա չկա, քանի որ, ինչպես ես ասացի, խնդրահարույց թեմաները վերաբերում են միայն եվրասիական տնտեսական միությունը հիմնած երեք երկրներին»,- ընդգծեց Յակուշևան: Ամփոփելով`«Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրենն ասաց, որ այն կարծիքին չէ, թե սրանից պետք է դավադրության տեսություններ կառուցել Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս