Ասոցացման համաձայնագրեր ստորագրած Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան խորհրդակցություններ կանցկացնեն Թբիլիսիում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրած երկրներ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը Թբիլիսիում կանցկացվի մարտի 11-ին: Հանդիպման նախաձեռնողը վրացական կողմն է:

Դրա հետ կապված՝ Թբիլիսի կայցելեն Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլենա Զերկալն ու նրա մոլդովացի գործընկեր Յուլիան Գռոզան: Հանդիպման ժամանակ Վրաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն ասոցացման օրակարգում գտնվող այժմեական խնդիրների քննարկումն է. «Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվելու ընթացիկ տարվա մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Ասոցացման գծով գործընկերները պետք է միասնական դիրքորոշում մշակեն ԵՄ-ին հետագա ինտեգրման տեսանկյունից»:

Վրացական կողմը հուսով է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում որոշում կընդունվի ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին:

Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ-ում նախագահող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը սրանից առաջ հայտարարել էր, որ ԵՄ-ն աշխատում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային օգնելու փաթեթի մշակման վրա: Դրանից առաջ էլ նա հայտարարել էր, որ ԵՄ-ը պետք է ավելի անհատական մոտեցում ցուցաբերի իր արևելյան հարևանների հանդեպ:

Օրեր աաջ էլ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարեց, որ մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անցկացվելու է ուկրաինական ճգնաժամի և դրան իրենց (ԵՄ-ի) պատասխանի համատեքստում՝ ընդգծելով, որ ԵՏՄ-ն արդեն իսկ գործարկվել է, և որ «Արևելյան գործընկերության» գծով ԵՄ-ի երկու գործընկերները՝ Հայաստանն ու Բելառուսն արդեն իսկ անդամակցել են դրան:

Տեսանյութեր

Լրահոս