Տիգրան Պասկևիչյան. «Չզբաղվենք սնապարծությամբ»

Իր առաջին ու մինչ այսօր միակը համարվող գիրքը բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը տպագրել էր 1998 թվականին («Ինքնուրույն աղոթք»): 16 տարի նա մտածել է` տպե՞լ, թե՞ չտպել նոր գիրք: Բայց այդ ամբողջ տարիներին իր նոր բանաստեղծություններն ու հոդվածները ընթերցողին հասցնելու խնդիր Տիգրան Պասկևիչյանը երբեք չի ունեցել. մամուլում ու ժամանակակից գրականության տարբեր տարածքներում տպագրվում էին նրա հին ու նոր բանաստեղծական շարքերը, իսկ մամուլի «դռներն» էլ միշտ բաց են եղել Տիգրան Պասկևիչյանի հրապարակախոսության և հոդվածների առջև: Գրքի ծնունդը, իհարկե, ուրիշ է. ջերմ ու ինքնատիպ շնորհանդեսն էլ իր հերթին է ավելացնում գրքի ծննդյան հմայքը, մանավանդ, երբ երկար տարիների ընդմիջումից հետո տպում ես միանգամից երկու գիրք, և հավաքվում են մարդիկ, որոնք ժամանակակից թվային աշխարհում, այնուամենայնիվ դեռ մնում են իբրև տպագիր գրքի ջատագով խավ: Բայց ինչպես Ավագ Եփրեմյանն ասաց մեզ հետ զրույցում՝ հավաքվածները միայն բանաստեղծության կամ գրի շուրջ չեն համախմբվել, այլ նաև (գուցե հենց առաջինը.- Ա.Թ.)՝ Տիգրան Պասկևիչյանի անվան:

Tigran Paskevichyan (18)

Tigran Paskevichyan (12)

Tigran Paskevichyan (8)

Tigran Paskevichyan (9)

Tigran Paskevichyan (3)

«Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, չխաբենք ինքներս մեզ, չզբաղվենք սնապարծությամբ»,- Տիգրան Պասկևիչյանի խոսքերն են, և թերևս հենց այս սկզբունքով ապրելով էլ՝ նա վաստակել է անունը, որի շուրջ մեկ օրվա մեջ կարող են համախմբվել հարյուրավոր մարդիկ:

«Ձնեմարդու ավետարանը» բանաստեղծությունների և «Դոն Կիխոտի օրագիրը» հրապարակախոսական գրառումների ժողովածուները Տիգրան Պասկևիչյանի երկու նոր գրքերն են, որոնք շնորհանդեսի օրը` Խնկո-Ապոր անվան գրադարանում, վաճառվեցին գրեթե ամբողջությամբ. սկզբից՝ բանաստեղծությունների ժողովածուն ամբողջությամբ, այնուհետև` «Դոն Կիխոտի օրագիրը» գրեթե ամբողջությամբ սպառվեցին հաշված ժամերի ընթացքում: Յուրաքանչյուր գրքից 300 տպաքանակով տպագրած «Ակտուալ արվեստ» մշակութային միության հրատարակչությունը պատրաստվում է գրքերի նոր խմբաքանակ իջեցնել գրախանութներ, որպեսզի դրանք հասու լինեն նաև ավելի մեծ թվով ընթերցողների:

Tigran Paskevichyan (19)

Tigran Paskevichyan (13)

Tigran Paskevichyan (7)

Tigran Paskevichyan (6)

Tigran Paskevichyan (5)

Վերջին շրջանում տեղի ունեցող գրքերի շնորհանդեսներին սովորաբար վաճառվում են գրքերը, ի տարբերություն շատ ավելի վաղ ընդունված այն սկզբունքի, երբ շնորհանդեսի օրերին մակագրվում և նվիրվում էր գիրքը: Ներկաներից ոմանք, օրինակ, Մհեր Արշակյանը, խոստովանեցին, թե իրենց դուր է գալիս այդ սկզբունքը, և ճիշտը սիրած գիրքը գնելն է, մանավանդ, երբ գրքերի վրա մտավոր ու ֆիզիկական մեծ աշխատանք է կատարվել: Գրքերի ինքնատիպ ձևավորման հեղինակները Գրիգոր Խաչատրյանն ու Մկրտիչ Մաթևոսյանն են:

«Դոն Կիխոտի օրագիրը» հրապարակախոսական գրառումների ժողովածուում ամփոփված են 2004-2012 թվականներին «168 Ժամում», «Հայկական Ժամանակում», «Հետքում» «Tert.am»-ում Պասկևիչյանի լույս ընծայած հոդվածները, հրապարակախոսական նյութերը, ինչպես նաև՝ առցանց տարածքում իբրև մեկնաբանություն (comment) թողնված որոշ գրառումներ, որոնք, հեղինակի կարծիքով՝ կարող են հետաքրքիր թվալ ընթերցողին և տեղ են գտել գրքում: Մեր այն հարցին, կվերադառնա՞ հրապարակախոսական դաշտ, Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց Չարենցի տողերով.

«Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն»:

Tigran Paskevichyan (11)

Tigran Paskevichyan (4)

Tigran Paskevichyan (1)

Tigran Paskevichyan (16)

«Ձնեմարդու ավետարանը» բանաստեղծությունների գրքում տեղ գտած բանաստեղծությունների մեծ մասը Տիգրան Պասկևիչյանի պոեզիայի սիրահարներին ծանոթ գործեր են. դրանք գրվել են վերջին տասնամյակում և տպագրվել են տարբեր տարիների, բայց գրքում ամփոփվելով՝ ցույց են տալիս բանաստեղծական այն ճանապարհը, որ մեկ տասնամյակում անցել է գրողը:

Շնորհանդեսին ցուցադրվեցին նաև Տիգրան Պասկևիչյանի «Ներթափանցում» (բանաստեղծն անցնող տարիներին հասցրել է նաև տասնյակ ֆիլմեր նկարել) ֆիլմ-էսսեի համար պատրաստված և սկզբունքների ու կարծրատիպերի վաճառքի հայտարարություններով ձևավորված շապիկներ, որոնք գրքի շնորհանդեսին խաղարկվեցին (և արագ սպառվեցին) այն ներկաների միջև, ովքեր «Ձնեմարդու ավետարանից» բանաստեղծություններ ընթերցեցին:

Տիգրան Պասկևիչյանը բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունից շատ ավելի վաղ գրքում ծանոթագրություններ կատարելու առաջարկով դիմել էր բանաստեղծ Վահագն Աթաբեկյանին: Ծանոթագրություններն ուշացել էին, տեղ չէին գտել գրքում, սակայն շնորհանդեսի օրը Վահագն Աթաբեկյանը դրանք, իբրև «Ծանոթի գրություններ», հրապարակեց Ֆեյսբուքում` միանալով այն բազմաթիվ մաղթանքներին ու շնորհավորանքներին, որ դեռ հնչում են Տիգրան Պասկևիչյանի գրքերի տպագրման և տպագրությանը համընկած նրա 50-ամյակի առթիվ:

Կիսաբաց նամակ Տիգրան Պասկևիչյանի ժողովածուների շնորհանդեսի առնչությամբ

 

Tigran Paskevichyan (2)Դիըր Տիգրան Պասկևիչյան,

 

Տարեդարձդ, որի կապակցությամբ բարի գալուստ եմ մաղթում չխեղված հիսունամյաների սակավամարդ ակումբ, առիթ էր` վերընթերցելու և նորընթերցելու ստիխներդ, որոնցից գրեթե յուրաքանչյուրի աշխարհ գալու ուղեկիցն ու ականատեսը լինելու ուրախությունն եմ ունեցել տասնամյակների մեր մտերմության տարբեր հանգրվաններում` այն աստիճան, որ ներքին ցանկություն առաջացավ, իսկապես, գրելու ծանոթագրություններ, ավելի ճիշտ` ծանոթի գրություններ։ Մի բան, որ հուսով եմ՝ կհասցնեմ անել, ոչ միայն, բայց` հատկապես քո գալիք ընթերցողների համար, քանի որ բանաստեղծությունը, առավել, քան արվեստի դրևորման այլ եղանակ, խորապես եսակենտրոն է, և ընթերցողին հետաքրքրում է ոչ այնքան այն, թե ինչ է ասում բանաստեղծը, որքան այն, թե ինչ էր կատարվում բանաստեղծի հետ ասելու պահին` գրեթե պատմական ճշգրտությամբ։ Մինչ այդ, ստիխներիդ շնորհանդեսի այս օրը վերադառնամ մի զրույցի` ի շարունակություն իմ հոդվածի, որ ավելի քան քսան տարի առաջ տպել էիր «Ար»-ում` «Հանուն, ընդդեմ և շնորհիվ հանգի» վերտառությամբ, որտեղ խոսում էի որևէ լեզվի առանձնահատկությունների հրամայական և որոշիչ ազդեցության մասին` այդ լեզվով գրված և գրվող պոեզիայի էվոլյուցիայի վրա։

Խոսքը իշխանություն է։ Յակոբսոնից մինչև Բարթ, մեկ այլ հարթության վրա` Ֆրոյդից մինչև Լական, հետևողականորեն մատնանշվել է խոսքի իշխանական գործառույթը` այն աստիճան, որ հաճախ, և միշտ` թյուրիմացաբար, պահանջվում է մտավորականներից, այդ թվում՝ մասնավորապես Մեսրոպատառ գրել դեռևս համարձակվողներիցս, ըմբոստանալ այդ իշխանության դեմ։ Թյուրիմացաբար, որովհետև պահանջողները որպես կանոն խոսքի իշխանությունը շփոթում են քաղաքական իշխանության հետ, այն դեպքում, երբ խոսքի իշխանությունն, ի տարբերություն այլաբնույթ իշխանությունների (որոնք ուղղահայաց են և ընտրովի), հորիզոնական է և համատարած։ Եվ այս` խոսքի իշխանության դեմ ընդվզումն ու պայքարն ընթանում են բոլորովին ուրիշ տիրույթում, որի մասին էլ հավակնում եմ խոսել։

Մարդաբանական տեսակետից այս իշխանությունը նաև մշտնջենական է. շամանային բանդագուշանքներից (որոնց անվերծանելի կրկնառիթմերն, ըստ ամենայնի, առաջին քայլն են դեպի պոեզիայի նախահիմքերը) մինչև, ասենք, Նոբելյան մրցանակակրի վերջին բանախոսությունը, մենք գործ ունենք չընդհատվող իշխանություն իրականացնելու մի միջոցի, գործիքի, առարկայի հետ, որն էլ հենց խոսքն է, ավելի ճշգրիտ` խոսքի դրևորման հարկադիր եղանակը` լեզուն։

Որևէ լեզու ենթադրում է ներքին կանոնակարգում, և որևէ կանոնակարգում ենթադրում է պարտադրում, ուստի և` արգելանքներ։ Ակնհայտորեն` եթե լեզուներն իրար նմանվում են նրանով, թե ինչ է հնարավոր արտահայտել տվյալ լեզվով, ապա նրանց միջև տարբերությունը բխում է այն հանգամանքից, թե ինչ հնարավոր չէ՛ ասել նույն այդ լեզվով։ Անգլերենն, օրինակ, խոսողին թույլ չի տալիս դերանունով զրուցակցին դիմելիս նրա հանդեպ դրսևորել աֆեկտիվ վերաբերմունք։ Ռուսերեն խոսողը հարկադրված է շարունակ ընտրություն կատարել արական, իգական և չեզոք սեռերի միջև` անգամ անշունչ առարկաների դեպքում։ Հայերենն արգելում է գոյականները բաժանել սեռերի առհասարակ, իսկ անձի առման դեպքում՝ նույնիսկ անձնական դերանվան մակարդակում։ Լատիներենի հոլովական համակարգը չժառանգած ֆրանսիացին ստիպված է իր խոսքը միշտ սկսել ենթակայով` նախադասության մնացյալ մասը ածանցելով վերջինիս։

Պարզունակ այս օրինակների շարքը չշարունակելով` նշեմ միայն, որ լեզվական կանոնների և արգելանքների համակարգը մեծապես ձևավորում է տվյալ լեզուն կրողի նախ, անշուշտ, լեզվամտածողությունը, բայց ու այլև` աշխարհընկալումն առհասարակ։

Խոսքը պարզ ստրուկտուրալիզմի մասին չէ, այլ այն ներքին, չգիտակցված ցենզուրայի, որին ենթակա է յուրաքանչյուր անհատ` իր մայրենի լեզվի առանձահատկությունների բերումով` վերը նշված օրինակների դեպքում` քերականական մակարդակով։

Հարցի իմաստային մակարդակը գալիս է էլ ավելի համապարփակ դարձնելու լեզվի իշխանությունը, քանի որ յուրաքանչյուր բառի մեջ նիրհում է կարծրատիպ կոչվող հրեշը։ Բառի յուրաքանչյուր կիրառություն հակված է յուրօրինակ տուրք մատուցելու այդ հրեշին, որովհետև բառիմաստի գոյացումն իսկ կառուցված է բառի շարունակական կրկնության վրա, իսկ յուրաքանչյուր կրկնություն գալիս է հաստատելու, ամրապնդելու, բյուրեղացնելու կարծրատիպը` տվյալ բառի հաջորդ կիրառողների համար։ Եվ, եթե ասում եմ` բյուրեղացնելու, ապա միայն այն վերապահումով, որ էպոխաների փոփոխությունը ժամանակ առ ժամանակ կարող է հղկել բառիմաստի այս կամ այն երանգը, բայց դա էպոխայի կնիքն է, և ոչ լեզուն կրողի։

Ոչ միշտ եմ համաձայն Բարթի մտքերի հետ, բայց այս մեկն ինձ կիրառելի է թվում. իր բնույթով լեզուն ֆաշիստ է, որովհետև ֆաշիզմը ոչ թե արգելում է խոսել, այլ ստիպում է ասել իր ուզածը։

Ընդորում, բառիմաստի ծառայամիտ հարմարվողականության մեջ տեղավորվող սերնդափաղանգներին անհնար է օգնել կողքից, արտաքին միջամտությամբ, դրսից, որովհետև, ավաղ, լեզուն չունի դուրս, այն ներփակ տարածք է։

Այս իմաստով է, որ, ըստ նախորդած կանխավարկածիս` խոսքի իշխանության դեմ ընդվզումն ու պայքարն ընթանում են բոլորովին ուրիշ տիրույթում, որը է՛ լեզվի հետ առճակատումը ներսից, լեզվի՛ իսկ զինանոցով, իր իսկ միջոցներով։

Հենց այս` լեզվի հետ առճակատումը ներսից, ի՛ր իսկ զինանոցով, իր իսկ միջոցներով. քերականական կանոնները շրջանցելը կամ` սեփական կանոններ ստեղծելը, բառի կարծրատիպային կենսագրությունն անտեսելը, ոճական քարացած կաղապարները կոտրելը, այն է թե` լեզվի բռնատիրական իշխանությունից ձերբազատվելու այս միակ հնարավոր ճանապարհը, այս միակ սքանչելի իշխանափոխությունը, այս միակ երանելի հեղափոխությունն ինձ համար կոչվում է գրականություն։

Այս ունակությամբ ամեն մեկը չէ, որ օժտված է։ Բայց հատուկենտ օժտվածների համար այն (գրականությունը) դառնում է էություն, կացութաձև, կենսակերպ։ Օրինակը` դու:

Վահագն Աթաբեկյան, 21.02.2015թ.»։

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի և Կարեն Անտաշյանի

 

Տեսանյութեր

Լրահոս