Փաշինյանը սրում է խաղի կանոնները երկրի ներսում, իր բաժին պատրաստություններն է տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փաշինյանը սրում է խաղի կանոնները երկրի ներսում, ձերբակալություններ իրականացնում՝ վստահ լինելով, որ դրա դիմաց դրսից որևէ քննադատության չի արժանանալու, որովհետև բանակցված է Արևմուտքի՝ հատկապես ԵՄ-ի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երկրում ՀՀ ՆԳՆ-ի կազմակերպած գործողություններին ընդդիմադիրների շրջանում:

Նշենք, որ ՆԳՆ-ն այսօր կեսօրից հանրապետությունով մեկ արտակարգ ծառայություն է իրականացնում՝ խուզարկություններ իրականացնելով և ձերբակալելով ընդդիմադիրների:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կարդացեք նաև

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասված էր հաղորդագրությունում: Հիշեցնենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցին զուգահեռ, ինչպես նաև ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումից օրեր անց:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ներքաղաքական օրակարգերը դուրս չեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից:

«Ինձ համար միանշանակ է, որ փոխկապակցվածություն լինում է, ինչ-որ շրջանում՝ ակտիվ, ինչ-որ շրջանում՝ պասիվ: Ներկայումս այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ի ներսում, իմ խորին համոզմամբ՝ բավական տեսանելի թելերով կապված է մեր տարածաշրջանի զարգացումների հետ:

Խնդիրն ինչումն է՝ կա տարածաշրջանը վերափոխելու և այստեղ նոր իրողություններ հաստատելու հնարավորություն: Թուրքիայի համար կա նմանատիպ հնարավորություն, Ադրբեջանի համար՝ ևս, և դա պայմանավորված է իրանա-իսրայելական հակամարտությամբ:

Թուրք-ադրբեջանական դաշինքը սպասում է հարմար պահի, երբ չի լինի կամ կթուլանա Իրանի դիմադրությունը, իր առջև դրված աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խնդիրները լուծելու համար: Դրանց մի մասն ուղիղ կապված է ՀՀ տարածքի և ՀՀ դիրքորոշման հետ: Իմ համոզմունքն այն է, որ այդ նախապատրաստական աշխատանքների շրջանում տեղի են ունենում զարգացումներ նաև ՀՀ ներսում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը գիտի և հասկանում է, որ կարող է իր առջև պահանջներ դրվեն, օրինակ՝ Սյունիքի մարզով՝ Թուրքիային և Ադրբեջանին, այսպես կոչված, միջանցք տրամադրելու վերաբերյալ, կամ ցանկացած այլ պահանջ, որը նա պետք է կատարի:

«Որպեսզի կատարի, Փաշինյանը սրում է խաղի կանոնները երկրի ներսում, ձերբակալություններ իրականացնում՝ վստահ լինելով, որ դրա դիմաց դրսից որևէ քննադատության չի արժանանալու, որովհետև բանակցված է Արևմուտքի հետ և հատկապես ԵՄ-ի հետ, ինքն էլ իր բաժին պատրաստություններն է տեսնում հնարավորության պարագայում ադրբեջանական դաշինքի պահանջները կատարելու և դրա հետևանքով իշխանությունը չկորցնելու համար»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նա գտնում է, որ Փաշինյանն ըստ էության պատերազմ է հայտարարել բոլոր կենտրոններին երկրի ներսում: Ըստ նրա, առանձին պատերազմ է հայտարարվել եկեղեցուն, պատերազմ է հայտարարվել մեծ ռեսուրսներ ունեցող Սամվել Կարապետյանի թևին, առանձին պատերազմ՝ «Սրբազան պայքար»-ին, ՀՅԴ-ին:

«Իմ տեղեկություններով՝ պրոցեսներ կան նաև ՀՀԿ-ի հետ կապված, նաև տեղեկություններ են տարածվում, որ կանչվում են իրավապահ մարմինների կողմից Արցախի Հանրապետության պատգամավորները և քաղաքական գործիչները: Այսինքն՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ուժային կենտրոններ են ընդդիմադիր, բոլորի դեմ զուգահեռ գործողություններ են իրականացվում, այսինքն՝ դաշտը տոտալ ճնշելու, բոլոր դիմադրության օջախներն իսպառ վերացնելու քաղաքականություն է իրականացնում Փաշինյանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը սա անելու հնարավորություն մինչ այս պահն ունի: «Իշխանությունը շատ լավ հասկանում է՝ ինչ տրամադրություններ են ընդդիմության ներսում, հակասություններ, տեսնում է, որ ընդդիմության զգալի հատված չի ցանկանում իշխանափոխության շատ գործող օրակարգին՝ իմպիչմենտին միանալ: Ուստի տեսնելով, որ չկա միաձայնություն ընդդիմության մեջ, հմուտ և թիրախային հարվածներով լուծում է այդ խնդիրը, քանի դեռ ընդդիմությունն այս վիճակում է»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս