
Ինչ են մտածում ՌԴ–ում հայտնի հայ գործիչները Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին. Sputnik Արմենիա

Ռուսաստանում հայտնի հայ գործիչներն իրենց աջակցությունն են հայտնում գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար և բարերար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Խորապես ցնցված եմ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից և Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրադարձություններից։ Որովհետև կարծում եմ, որ նա` որպես արժանապատիվ հայ, կանգնել է ի պաշտպանություն մեր ազգի հիմքերի։ Անկեղծ ասած, դժվար է բառեր գտնել, երևի «ցնցվելը» դեռ մեղմ է ասված: Ես ինքս ուշադիր նայել եմ Կարապետյանի հայտարարությունը և բացի եկեղեցուն ու հայ ժողովրդին սատարելու խոսքերից, այլ բան չեմ լսել։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա այլ կերպ մեկնաբանել»,-նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանին առաջին հերթին առաջնորդում է հայրենիքի հանդեպ սերը, և պետք է գնահատել նման մարդկանց։ Սողոմոնյանը հիշեցրեց, թե Կարապետյանը որքան բան է արել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայ եկեղեցու համար։
Նա մտավախություն ունի, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները բացասաբար կանդրադառնան տարիներ շարունակ նրա աջակցությունը վայելող ոլորտների վրա:
«Երբ Կարապետյանին համոզեցին թիմ ստեղծել Ռուսաստանում, և այդ թիմը դուրս եկավ Առաջին լիգա, նա ինձ ասաց` եթե գումար ներդնել, ապա Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում։ Որովհետև Ռուսաստանում առանց այդ էլ շատ թիմեր կան, իսկ Հայաստանում քիչ են, և դա օգուտ կբերի երեխաներին։ Հենց այդ նպատակով էլ նա թիմը Ռուսաստանից տեղափոխեց Հայաստան։ Իրոք, արժանի թիմ է։: Ես կարծում եմ, որ եթե այս բոլոր հետապնդումների պատճառով ինչ-որ բան տեղի ունենա նաև այս թիմի հետ, ապա հայկական ֆուտբոլը բավական մեծ կորուստներ կունենա», – ասաց Սողոմոնյանը։
Նա նաև չբացառեց, որ Կարապետյանի նկատմամբ իշխանությունների գործողությունների ֆոնին կարող են խնդիրների բախվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդները: Սողոմոնյանի խոսքով` Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ–ի գնումը, կարելի է ասել, սոցիալական նախագիծ էր, քանի որ այն իրականում բազմամիլիոնանոց վնասներ է պատճառում «Տաշիր» ընկերությանը:
«Եթե չգիտեք, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցերը» բացարձակապես վնասաբեր ընկերություն է։ Այն 90-ականներից հետո պարզապես մղձավանջային վիճակում էր և ամեն տարի միլիոնների վնասներ էր պատճառում։ Դրա համար ես՝ որպես գործարար, կարող եմ հստակ ասել, որ դա բիզնես չէ, այլ սոցիալական բեռ։ Ինձ, անկեղծ ասած, շատ է վախեցնում ազգայնացման մասին հայտարարությունը։ Այստեղ սոցիալական նախագծից բացի ոչինչ չկա, և ՀԷՑ–ի շուրջ աղմուկը քաղաքական է և կապ չունի բիզնեսի հետ», – ընդգծեց ռուսաստանցի գործարարը։
Նա ՀԷՑ–ի ազգայնացման կամ պետականացման մասին հայտարարություններն անվանեց ցուցադրական ակցիա, որն իր մեջ քաղաքական շարժառիթից բացի ոչինչ չունի։
Սողոմոնյանը վստահ է՝ չի կարելի դիտորդի դերում մնալ և թույլ տալ, որ կատարվի այն, ինչ հիմա կատարվում է։ Սա վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև իրեն հարգող յուրաքանչյուր հայի։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Քամալովը խորապես ցավում է այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում Սամվել Կարապետյանի շուրջ:
«Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Տասնամյակներ շարունակ նրա կողմից կյանքի են կոչվել հարյուրավոր բարեգործական և մարդասիրական նախագծեր», – Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց Քամալովը։
Նա ընդգծեց` Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների ֆոնին Կարապետյանը` որպես հայ քրիստոնեական հավատքի արժանի հետևորդ, պաշտպանել է մեր գլխավոր սրբավայրը՝ Սուրբ Էջմիածինը։
«Հպարտ եմ, որ պատիվ ունեմ այս ազնվական մարդու հետ երկար տարիներ ընկերություն անելու։ Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանն ուղղված գործընթացին: Համազգային հոգևոր արժեքները պաշտպանելը չի կարող քրեորեն պատժելի լինել», – ասաց նա։
Հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինը նույնպես պաշտպանում է Սամվել Կարապետյանին:
Նամինի խոսքով՝ ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ վերջին տարիներին հաճախ է գալիս Հայաստան, և իրեն ապշեցնում է, որ հայ ժողովրդի ավանդական մշակույթի հետ մեկտեղ գոյություն ունի բյուրոկրատիայի և իշխանություն ստացած մարդկանց «արատավոր մշակույթը»։
«Ես հիանում եմ ամենապարզ մարդկանց՝ մատուցողների, խանութների վաճառողների, տաքսիստների և հատկապես մարզերում բնակվողների ներքին կուլտուրայով։ Բայց, անկեղծ ասած, միևնույն ժամանակ ես զարմանում եմ բյուրոկրատների ճոռոմ ցինիզմի, անտարբերության և չարացածության վրա: Ես ապշած եմ դրանից, քանի որ նախկինում Հայաստանում երբեք նման ցինիզմ և կոպտություն չի եղել, չէ՞ որ ԽՍՀՄ-ում հայերը հայտնի էին իրենց ազնվությամբ ու բարությամբ։ Բայց այն, ինչ հիմա է կատարվում, դուրս է բոլոր սահմաններից։ Թեև ոչ ոք չգիտի` որն է խիղճ ու ազնվություն չունեցող մարդկանց սահմանը», – նշեց Նամինը։
Նա ընդգծեց, որ Գարեգին Բ-ն և գործարար Սամվել Կարապետյանն ամբողջ հայությանը հայտնի են որպես արժանավոր և բարեխիղճ մարդիկ, որոնք վայելում են ազգի սերը: Նրանք իսկական հայրենասերներ են և, անկասկած, արժանի են համընդհանուր հարգանքի։
Ինչպես նշեց Նամինը, վաղուց արդեն անցել են Շառլ դը Գոլի և Մարգարետ Թետչերի ժամանակները, և որոշ երկրների ներկայիս առաջնորդներ ոչ միայն չունեն պետական մտածողություն, այլև հասել են շրիշակից ցածր մակարդակի: Խոսքի ազնվությունը վաղուց արդեն անհետացել է շատ պետությունների առաջնորդների բառապաշարից, մինչդեռ պետք է ինչ-որ սահմաններ լինեն։
«Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանն ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին, ոչ մի կերպ հնարավոր չէ որակել որպես պետության դեմ ահաբեկչական գործողության ակնարկ։ Նրան մեղադրելն ու բանտարկելը, իմ կարծիքով, բոլոր օրենքների և արդարության բացահայտ ոտնահարում է։ Պատմության մեջ, իհարկե, եղել են պետական իշխանության նման չարաշահման դեպքեր, բայց Հայաստանում այդպիսի բան չի եղել ոչ միայն խորհրդային շրջանում, այլև վերջին 30 տարիների ընթացքում: Իմ տեսանկյունից դա իշխանության բացահայտ յուրացում է, որը նշանակում է անպատժելիություն», –եզրափակեց Նամինը։
Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է և խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ, իրականացվում են սոցիալական այլ նախագծեր: