
Սամվել Կարապետյանի աջակիցների մոտ 50 մեքենա ոստիկանությունը տարել ու չի վերադարձնում

Հունիսի 17-ին, երբ տեղի ունեցավ փաշինյանական ոստիկանության ասպատակությունը ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատան վրա և շուրջ 4 տասնյակ մարդու, ոտք ու ձեռք կոտրելով, բերման ենթարկեցին, նրանք միայնակ չէին. Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից «բերման ենթարկվեցին» նաև նրա ընտանիքի անդամների, ազգականների, հարազատների ու աջակիցների մեքենաները:
Բերման ենթարկված մարդիկ ազատ են արձակվել, իսկ ահա նրանց թվով 50 մեքենաները հայրենի իշխանությունը չի վերադարձրել: Ուսումնասիրում են: Թե ի՞նչը, հայտնի չէ: Երևի ավտոմեքենաներում թաքնված իշխանազավթներ են փնտրում:
«Ենթադրյալ հակաիրավական արարքներին նշված մեքենաների առնչությունը պարզելու ուղղությամբ այս պահին իրականացվում են ստուգողական գործողություններ»,- ասացին ՆԳՆ-ից
Այդպես եղավ նաև «Սրբազան պայքարի» մասնակիցների՝ տուգանային հրապարակ տարված տասնյակ մեքենաների հետ, որոնք ամիսներով չէին վերադարձվում սեփականատերերին: Հիմա նույնն անում են Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաների հետ:
Հիշեցնենք, Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդումների են ենթարկում, կալանավորել են Եկեղեցուն աջակցելուն ուղղված այս խոսքերի համար.
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: