
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից Թուրքիային տարածքների հանձնումը հավանական է. Էդգար Էլբակյան
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում. Ստամբուլի օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Թուրքիա գնացած Ադրբեջանի նախագահին օդանավակայանում անձամբ դիմավորեց Թուրքիայի նախագահը։
Փաշինյանն իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին, երեկոյան բանակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Թեև Փաշինյանի մամուլի ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի հոգևորական ջերմորեն ողջունում Փաշինյանին, սակայն, ինչպես պարզվեց, նա Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա, իսկ ահա Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն էլ մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ-ում»,- ասել է Էստուկյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի նպատակների մասին, նախ շեշտեց՝ 2020 թվականից հետո Թուրքիան դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների լիիրավ կողմ՝ Ադրբեջանի շահերի պաշտպան։
«Կարծում եմ՝ շուտով կլսենք, որ Թուրքիայի հետ սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա պետք է կատարվի։ Շատ մեծ է հավանականությունը, որ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի մարզերից տարածքներ հանձնեն Թուրքիային՝ չակերտավոր սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի անվան տակ»,- ասաց Էլբակյանը՝ ընդգծելով, որ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպումից կոնկրետ արդյունքները միաժամանակ կախված չեն լինելու միայն Էրդողանից. այդ հարցում մեծ է տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը։
«Այսօրվա այցի հետ կապված՝ կա վտանգ, որ Թուրքիան կարող է օգնության հասնել Փաշինյանին, եթե լինեն որոշակի զարգացումներ։ Կլինի՞, թե՞ ոչ, դա կախված է նաև մեզանից»,- ասաց Էդգար Էլբակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։