
Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ավտորիտարիզմով չի կարող 2026թ. ընտրություններում վերարտադրվել, ուստի որոշել է անցում կատարել տոտալիտար կառավարման. Սուրենյանց

«Ամեն նոր բռնությամբ, ամեն նոր ապօրինությամբ, ամեն նոր զոռբայությամբ Նիկոլ Փաշինյանն այրում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու կամուրջները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ներքաղաքական լարված իրադրությանն ու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Թուրքիա:
Նշենք, որ ՆԳՆ-ն այսօր կեսօրից Հանրապետությունով մեկ արտակարգ ծառայություն է իրականացնում՝ խուզարկություններ կատարելով, ձերբակալելով մի շարք ընդդիմադիրների:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասված էր հաղորդագրությունում:
Հիշեցնենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցին զուգահեռ, ինչպես նաև ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումից օրեր անց:
Սուրեն Սուրենյանցը չի կարող հստակ ասել՝ այս ամենը կապ ունի՞ Փաշինյանի թուրքական այցի հետ, թե՞ ոչ: Ըստ նրա, ենթադրաբար ինչ-որ կապ ունի, բայց պետք է ավելի գլոբալ նայել խնդրին: Քաղաքական գործիչն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն դրել է մի այնպիսի իրավիճակի մեջ, որ ամեն րոպե հանրային ընդվզման ակցիաների է սպասում, այսինքն՝ ինքն է իր համար ստեղծել այս վիճակը:
«Այլևս այս իշխանությունն իր վարքագծով և քայլերով իրեն դրել է մերժելիության այնպիսի մակարդակի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ամեն օր նման արտակարգ միջոցառումների դիմել, որովհետև ցանկացած պահի կարող է երկրում հասարակական ընդվզում սկսվել ու տարբեր պատճառներով՝ թե արտաքին, թե ներքին անարդարությունների, խնդիրների կուտակման մթնոլորտով պայմանավորված, թե Նիկոլ Փաշինյանի՝ ակնհայտ տոտալիտար ձգտումների հետ կապված:
Այն, ինչ Սամվել Կարապետյանի մեղադրանքի ու խափանման միջոցի հետ տեղի ունեցավ, Երրորդ Հանրապետության պատմության մեջ արտառոց էր, երբ առանց որևիցե հիմքի մարդուն կալանավորում են, ընդ որում՝ դրանից հետո նրան տանում են մի քրեակատարողական հիմնարկ, որը մաքուր քրեական աշխարհի օրենքներով է ապրում: Նման դեպքերում անձին տանում են ԱԱԾ մեկուսարան, որը շատ ավելի պաշտպանված է, այնտեղ քրեական բարքեր չկան, և այլն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլ, որ անում է, մտքում ունի, որ դա առաջացնելու է հասարակական ընդվզում»,- նման տեսակետ հայտնեց Սուրենյանցը:
Նա նաև ասաց, որ հակված է ենթադրել, որ Փաշինյանն իր թուրքական այցի հետ կապված հնարավոր սցենարներ է պատկերացնում և փորձում է իրեն նախապես կանխարգելիչ միջոցառումներով պաշտպանել:
«Ես ընդդիմադիր շատ ակտիվ գործիչ եմ, առնվազն տեղեկացված չեմ, որ ընդդիմադիր որևէ ուժ այսօր նախապատրաստվում էր ակցիա անցկացնել»,- նկատեց Սուրենյանցը:
Քաղաքական գործչի որակմամբ, իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ երբեք չի եղել:
Նրա խոսքով, կառավարման առաջին փուլում, երբ Փաշինյանը շատ բարձր վարկանիշ ուներ՝ 2018-2020թթ., ևս դեմոկրատ չի եղել, ժողովրդավարական Հայաստան չի եղել, եղել է օխլոկրատիա կամ ամբոխի իշխանություն, երբ նա պոպուլիզմով իր կողմնակիցներին անընդհատ ուղղորդում էր, տարբեր ներքին թշնամիներ էր ստեղծում՝ նախկիններ, հարուստներ, սևեր-սպիտակներ, բաժանումներն անում էր, փորձում էր ներքին թշնամու շուրջ օխլոսին կոնսոլիդացնել և իր իշխանության պահպանման հարցը լուծել»,- հիշեցրեց Սուրենյանցը:
Ըստ նրա, ներկայումս Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ նույնիսկ ավտորիտար մեթոդներով չի կարող 2026թ. ընտրություններում վերարտադրվել, ուստի որոշել է ավտորիտարիզմից անցում կատարել տոտալիտար կառավարման:
«Իսկ տոտալիտար կառավարումը շատ ավելի ագրեսիվ բնույթի կառավարում է, որը բացառում է հասարակության որևէ բազմազանություն:
Նա որոշել է, որ պետք է վերահսկողություն հաստատի մեր կյանքի բոլոր ասպեկտների նկատմամբ՝ քաղաքական, մշակութային, սոցիալական, հոգևոր և այլն: Իսկ որպեսզի նա դա կարողանա անել, պետք է դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնի:
Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, միայն թուրքական այցի հետ չէ կապված, այն, ինչ մենք հիմա տեսնում ենք այս օրերին ու ժամերին, այս ամենի հետևանք են»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը:
Նա գտնում է, որ ամեն նոր բռնությամբ, ամեն նոր ապօրինությամբ, զոռբայությամբ Նիկոլ Փաշինյանն այրում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու կամուրջները:
«Եթե նա զոռբայությամբ փորձի պահել իշխանությունը 2026 թվականի ընտրություններում, դա բերելու է շատ մեծ ցնցումների, այսինքն՝ փոփոխություններ երկրում լինելու են անցանկալի մեծ ցնցումների հետևանքով: Նմանատիպ ռեժիմները նման բռնության գործիքներով կարող են պահպանել իշխանությունը ամիսներ և լավագույնը՝ երկու տարի, որից հետո անփառունակ վախճան են ունենում: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը լավ տարբերակ չունի՝ նա ընտրություն է կատարում վատի ու ավելի վատի միջև, ցավոք սրտի, ընտրելով ավելի վատը»,- նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: