Մահվան համը…

Մարդկային ուղեղն աշխարհի մասին ընկալումները ձևավորում է հինգ հիմնական զգայարանների կողմից ստացված տեղեկատվությամբ՝ աչքեր, ականջներ, լեզու, քիթ և մաշկ։ Այս զգայարանների վրա ազդող գրգռիչներն ազդանշաններ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգին, որը վերլուծելով ստացված տեղեկատվությունը՝ պատասխան ազդանշան է ուղարկում համապատասխան օրգաններին, առաջին հերթին՝ ուղեղին։

Սա ցանկացած մարդու և շրջապատող աշխարհի միջև հարաբերության պարզ մեխանիզմն է, որի ընկալումն ու գնահատումը Հայաստանի համար այսօր դարձել է բառի բուն իմաստով ազգային անվտանգության խնդիր։

Վերջին օրերի իրադարձությունները հերթական անգամ, բայց վերջնականորեն ապացուցեցին, որ Հայաստանում գործում է ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ այլևս առանց որևէ ձևականության, որևէ քաղաքավարական կանոնի պահպանման։ Պետական ողջ համակարգը, իրավապահ մարմինները, ամենատարբեր վերահսկողական կառույցները, բոլորը, մի խոսքով գործում են՝ «գրառում-կատարում» պավլովյան մեթոդով։

Հայաստանում կատարվող ցանկացած իրադարձություն, կայացվող ցանկացած որոշում այլևս կախված է միայն մեկ մարդու գլխում կատարվող կենսաքիմիական գործընթացներից, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Դա նշանակում է, որ կենսականորեն կարևոր է հասկանալ, թե ինչպես են նրա կենտրոնական նյարդային համակարգ հասնում իրեն շրջապատող միջավայրի, աշխարհի մասին տեղեկությունները, ինչպես են դրանք վերլուծվում, նույնացվում և դրա արդյունքում ինչպիսի և ինչ ազդակներ են ուղարկվում  համապատասխան օրգաններին, առաջին հերթին՝ ուղեղին։  

Կարդացեք նաև

Անցած յոթ, անգամ դրան նախորդած տարիների Փաշինյանի հրապարակային գործունեությունը, ելույթները, հարցազրույցները, գրառումները, սթափ կամ որևէ ներգործուն նյութի ազդեցությամբ արձանագրված պոռթկումները վկայում են, որ հինգ զգայարաններից նրա մոտ ամենաարտահայտվածը լեզուն է, աշխարհի մասին տեղեկատվություն փոխանցող զգացողություններից ամենաբովանդակն էլ՝ համը։ Դրա խոսուն ապացույցներն են ուտելիքի, համի նկատմամբ Փաշինյանի անհագուրդ ցանկությունները, որոնք արտահայտվել են ոչ միայն նրա կողմից սննդի դաժանաբարո վերացման ցուցադրական տեսարաններով, այլ նաև պետական քաղաքականության վերածված նրա հռչակումներով ու հայեցակարգերով։

Մինչև իշխանության գալը հանրության լայն շերտերին խոզի խանձման տեսարանով հայտնի դարձած Փաշինյանը, արդեն իշխանության գալիս եթերներում ցուցադրել է, օրինակ, բրդուճի կամ տավարի «քյալլայի» հետ մենամարտում իր անվիճելի գերազանցությունը, հասցրել է չթաքցվող ագահությամբ համտեսել տարբեր մարզային այցերի ընթացքում իրեն հյուրասիրվող արարողակարգային սնունդը, իսկ իշխանության առաջին տարիներին «Քաղաքացու օր» հռչակված տոնակատարությունը պետական մակարդակով նշել է խորովածի օրգիաներով, մեկ անգամ նույնիսկ Երևանի կենտրոնում անձամբ մասնակցելով դրա պատրաստման ծեսին։

Փաշինյանի գաստրոնոմիական անբավարարվածությունը, լեզվի ու համի հանդեպ նրա անզուսպ հակումը դրսևորվել է նաև նրա հրապարակային ելույթներում։ Բազմաթիվ օրինակներից կարելի է հիշել ընդամենը մեկ-երկուսը «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ ա եղել. ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն ա, որ լիզել եք մեր անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք: Դուք լիզել եք և լիզելու եք: Էսօր էլ եք վազում եվրոպաներն ու ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք, կոշիկ լիզողներ», «Բախտնե՛րդ փորձեք, Ձեզ սպասում է ասֆալտի դիետա, ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք»․․․
Ուտելու և ուտելիքի պաշտամունքը Նիկոլ Փաշինյանը լիզելու մասին պոռթկումներից հետո տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն՝ սեփական «Իրական Հայաստանի» հայեցակարգում որպես հիմնական կարգախոս հռչակելով «Այստեղ հաց, այստեղ կաց» տափակաբանությունը…

Լեզուն՝ որպես զգայարան, համը՝ որպես զգացողություն, այսպիսով Փաշինյանի պարագայում ունեն առաջնային նշանակություն և ձևավորում են նրա աշխարհայացքն ու վարքագիծը։ Այս պատճառահետևանքային կապը բացատրում է նրա սոցցանցային վերջին սրացումներում արտահայտված երկիմաստ  սպառնալիքներից մեկը՝ «պետության համը բերաններդ կմնա»։ Կրկին համ, բերան, այս անգամ՝ առանց լեզվի ու կրկին ուտելու մասին մտածում։

Նիկոլ Փաշինյանի այս բոլոր հայտարարությունները, գրառումները, հնարավորության դեպքում՝ նաև նրա հրապարակային շարժուձևը, մարմնի լեզուն, դիմախաղն անշուշտ կարիք ունեն մասնագիտական լրջագույն հետազոտության։ Բայց քանի որ Հայաստանում կամ նման նեղ մասնագիտացում ունեցող մասնագետներ չկան, կամ փոքրաթիվ եղածները լռում են, պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի՝ արդեն իսկ վտանգավոր աստիճանի հասնող մտաժայթքումները մնում են չախտորոշված՝ շարունակելով սպառնալ երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը։

Համի նկատմամբ փաշինյանական մտասևեռումը, ըստ ամենայնի, ունի այլ պատճառներ ևս։ Նրա պաշտոնավարման 7 տարիների ընթացքում արձանագրված մահերը հաշվվում են հազարներով՝ պատերազմից մինչև համավարակ, զորամասում այրված զինվորներից՝ մինչև սեփական ավտոշարասյան կողմից սպանված հղի կին․․․ Մահեր, որոնց մի մասի՝ ուղղակի, մյուսների՝ առնվազն անուղղակի պատասխանատուն ինքն է։ Նիկոլ Փաշինյանը բառի առնվազն փոխաբերական իմաստով անհաշվելի անգամներ ճաշակել է մահվան համը՝ ամեն հաջորդ դեպքից հետո իշխանության պահպանմանը վերաբերվելով արնախումի մոլագարությամբ։ 

Արյամբ սնված իշխանությունը մահվան համը ճաշակելու ու դրանից ավելի անհագ դառնալու փաշինյանական վամպիրիզմի մոնումենտն է, որի պատվանդանի դերում հանդես եկող ՔՊ-ականները, ոստիկաններն ու քննիչները, դատավորներն ու տեսուչները գիտակցում, բայց երևի չեն ուզում խոստովանել, որ դրա վրա կանգնածի գաստրոնոմիական հակումը մի օր հասնելու է նաև իրենց։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս