Հոգեբանը՝ Գյումրիում և ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունների մասին
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը ուղղակի ծայրահեղ է. այստեղ մի քանի հոգի սպանել են մեկին: Դուրս եկե՛ք այս ինտիտուտից և տեսե՛ք՝ մեր հասարակության մեջ այդպիսի դեպքեր չկա՞ն: Համացանցը բացեք՝ ամեն օր ասում են՝ դանակահարություն, կրակել են, սպանել են…»,- ասում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:
Հոգեբանի կարծիքով՝ պետք չէ կենտրոնանալ միայն բանակի վրա, որովհետև միայն այս կառույցը հասարակությունից դուրս չի կարող ինքն իրեն ուրիշ ձևով ապրել. այն հասարակության մասնիկ է, և որպեսզի բանակում այդպիսի բաներ տեղի չունենան, ըստ նրա, հասարակությունից է պետք սկսել, որովհետև բանակ գնացողը հասարակությունից է դուրս գալիս:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են:
Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ բանակը, ինչպես յուրաքանչյուր պետական կառույց, իր մեջ ներառաում է այն, ինչ տեղի է ունենում հասարակության մեջ, պարզապես, ուժային ծառայությունների հանդեպ հասարակության ուշադրությունն ավելի մեծ է լինում, սակայն, հասարակության մեջ շատ հաճախ են տեղի ունենում այսպիսի երևույթներ: «Բանակը մեր մասնիկն է, և այս առումով կարծում եմ՝ այստեղ ավելի խորը պատճառներ կան: Նախևառաջ՝ վերջին տարիների ընթացքում մեր ազգը բավականին ծանր իրադրություններում է ապրել, բավականին ծանր փոփոխություններ են տեղի ունեցել և նորին հարմարվելը շատ դժվար է եղել, նորի մեջ էլ եղել են և՛ դրական շարժեր, և՛ բացասական»,- ասում է նա:
Հոգեբանը նշեց նաև, որ այսպիսի դեպքերում դաստիարակությունը շատ կարևոր դեր է կատարում: Նրա խոսքով՝ այն սկսվում է ընտանիքից, և հիմնականում մայրն է դաստիարակում երեխային փոքր հասակից, նույնիսկ հիմա խոսվում է, որ դաստիարակությունն սկսվում է նախքան ծնվելը: Երեխայի դաստիարակության վրա նաև մեծ ազդեցություն է ունենում հեռուստացույցը, համացանցը: Հոգեբանի կարծիքով՝ այսօրվա մուլտֆիլմերում շատ ագրեսիա կա: Եվ կամաց-կամաց ագրեսիվ վարքն ընդունվում է որպես նորմ. որպեսզի հաղթես, դու կարող ես քեզ ամեն ինչ թույլ տալ, և այդ գաղափարը մտած է մարդու մեջ դեռևս վաղ հասակից:
«Ես բազմաթիվ անգամ մասնակցել եմ Պաշտպանության նախարարության խորհրդակցություններին, և նախախարը մի քանի անգամ նշել է՝ լուրջ խնդիր է, երբ, այսպես ասած, գողական, բանտային օրենքները մտել են բանակ: Ո՞վ է գալիս բանակ, գալիս է այն մարդը, որը մեր կողքին է ապրում, որին մենք կոչում ենք խուլիգան, վատ վարքով մարդիկ, և բանակայինի հետ գործ է ունենում ստորին սպայական կազմը, որը և՛ կրթությամբ, և՛ իր վարքով չի տարբերվում նրանցից: Այն սպայական կազմը, որը բարձր է, նրանք համապատասխան կրթություն են անցնում, և այլն: Եվ այսպես ստացվում է մի ամբողջական օղակ՝ մեկը մյուսից դուրս եկող: Այս առումով՝ այստեղ պատճառն ավելի խորն է: Շատ կարևոր է, որ բոլոր օղակները ուղղված լինեն նրան, որ այսպիսի երևույթներ չլինեն. իհարկե, սա սարսափելի երևույթ է, և կարծում եմ՝ նախաքննությունը ցույց կտա, որ բաներ կան, որոնք հետո պարզ կդառնան»:
Խոսելով նաև Գյումրու սարսափելի դեպքերի մասին՝ հոգեբանն ասաց. «Մինչև չվերջանա նախաքննությունը, որևէ բան ասելն անմիտ է, քանի որ բաներ են բացահայտվում, որոնք պետք է ճշտել ու պարզաբանել, սա ասեկոսեի բան չի, այսպիսի բամբասանքները չի կարելի օգտագործել: Շատ հաճախ ինֆորմացիայի աղբյուրներում ավելի շատ հանդիպում ենք բամբասանքի մակարդակի բաներ: Իմ կարծիքով՝ այս դեպքերում ավելի շատ մասնագիտական մոտեցում է պետք ցուցաբերել: Պետք է նախաքնությունն ու քնություննը պարզաբանեն՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է եղել, նոր խոսել դրա մասին: Օրինակ՝ համացանցում կար ինֆորմացիա՝ կա կասկած, որ Պերմյակովը մենակ չի գործել. մի նախադասություն ու վերջ, և ամեն մեկս, մեր գաղափարներից ելնելով, ինչ ասես կարող ենք մտածել: Այսպիսի բաներ չի կարելի թուլ տալ»:
Լուսանկարը՝ հեղինակի