Սթոլթենբերգը Մյունխենում կհանդիպի Պորոշենկոյին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում: Ընդգծվում է, որ Ուկրաինայի հարցը քննարկվելու է վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն նկատում է Ուկրաինայում իրավիճակի հետագա վատթարացում, և դրա հետ կապված՝ քննարկվելու է Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցելու հարցը:
Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Ուկրաինային զենք մատակարարելու հարցով, և որ այդ հարցով զբաղվում են նրա մի շարք անդամներ. «ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը»: