Բաժիններ՝

Մադրիդում Սերվանտեսի անվան սկզբնատառերով դագաղ է հայտնաբերվել

Մադրիդի վանքում գիտնականները հայտնաբերել են մարդու մնացորդներ և դագաղ, որոնք, հնարավոր է, պատկանում են իսպանացի նշանավոր գրող,  «Դոն Քիշոտ» վեպի հեղինակ Սերվանտեսին:

Միգել դը Սերվանտեսի գերեզմանը փնտրող պատմաբանները տեղեկացրել են, որ իրենց հաջողվել է գտնել դագաղի մասեր, որոնց վրա գրված են գրողի անվան և ազգանվան սկզբնատառերը:

Սերվանտեսը մահացել է 1616թ. ապրիլի 22-ին, նրան հուղարկավորել են Մադրիդի Սուրբ Երրորդություն եկեղեցում, և քանի որ եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է, գրողի գերեզմանի հստակ տեղն այդպես էլ անհայտ է:

Սերվանտեսի գերեզմանի փնտրտուքները սկսվել էին դեռևս անցյալ տարվա ապրիլի վերջին: Իսկ այս տարվա հունվարի 26-ին  հետազոտողները հայտարարել են, որ պեղումների ժամանակ հայտնաբերել են մի քանի ոսկորներ և դագաղի մասեր, որոնցից մեկի վրա գրված են «Մ» և «Ս» տառերը: Այս տառերը համընկնում են Սերվանտեսի անվան և ազգանվան սկզբնատառերի հետ:

Թեև հետազոտողները չեն բացառում, որ հենց այդտեղ կարող էր լինել գրողի գերեզմանը, այնուամենայնիվ, այդ փաստը հաստատող դեռևս ոչ մի ապացույց չկա:

Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ դիակի արտաշիրմումն ու ուսումնասիրությունը կտևի մի քանի ամիս: Մնացորդների պատկանելությունը հնարավոր է պարզել՝ օգտագործելով գրողի կյանքի մասին ունեցած տեղեկությունները, ինչպես, օրինակ, այն փաստը, որ գրողը 24 տարեկանում Լեպանտոյի կռվի ժամանակ վնասվածք է ստացել, որի արդյունքում ամբողջ կյանքում չի կարողացել աշխատեցնել ձախ ձեռքը:

Ֆրանցիսկո Էչևերիայի կարծիքով՝ Սերվանտեսի գերեզմանի փնտրտուքը կյանքում իր առջև դրված ամենագլխավոր խնդիրներից մեկն է: «Սերվանտեսը խորհրդանշում է Իսպանիան, ինչպե՞ս կարող ենք չիմանալ, թե որտեղ է նա թաղված»,- ասել է Էչևերիան:

Այս ծրագրի ղեկավար գիտնական Ֆեռնանդո դը Պրադոն 4 տարի ծախսել է  ֆինանսավորում գտնելու վրա: Արդյունքում՝ Մադրիդի իշխանությունը համաձայնել է 12 հազար եվրո տրամադրել փնտրտուքների համար: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, իշխանությունը խոստացել է շարունակել ֆինանսավորումը: Ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է 100.000 եվրո:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս