Երևանում թուրք լրագրողին վրաերթի ենթարկած վարորդն ու ավտոմեքենան հայտնաբերվել են. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում հայտնաբերվել է Ավստրալիայի քաղաքացի, ազգությամբ թուրք, 43-ամյա Գայե Ջոշարիին վրաերթի ենթարկած ավտոմեքենան և վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Գրիգորյանը, ով վրաերթի պահին վարելիս է եղել Opel մակնիշի 34 DC 699 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Ջոշարին 2014 թվականի նոյեմբերից «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված է եղել որպես լրագրող և հետազոտող՝ Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծում: Նախագիծը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի բաղադրիչներից մեկն է:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած Գ. Ջոշարիի փաստաբանը Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն է, իսկ կասկածյալ Ա. Գրիգորյանի փաստաբանը՝ Նորայր Նորեկյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կան տեսաձայնագրված նյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Գ. Ջոշարին օրորվելով (ըստ տեղեկությունների՝ ոչ սթափ) վիճակում փողոցն անցել մինչև վրաերթի վայրում հայտնվելը, այնուհետև վրաերթի վայրում նա ընկած է եղել գետնին, (հավանաբար՝ նորից ոչ սթափ), և մի քանի ավտոմեքենաներ նկատել են նրան գետնին ընկած ու կարողացել են շրջանցել, սակայն Opel-ի վարորդը կամ չի նկատել կամ, եթե նկատել է, չի հասցրել շրջանցել Գ. Ջոշարիին ու ավտոմեքենայի տակի մասով հարվածել է գետնին ընկած թուրք լրագրողին:
Շարունակությունը և ֆոտոռեպորտաժը՝ սկզբնաղբյուր կայքում