«Ինչո՞ւ են բոլորը ժամանակից շուտ անհանգստանում». «Պրոմեթեյ Բանկի» նախագահը՝ բանկերի խոշորացման գործընթացի մասին

«Ինչո՞ւ են բոլորը ժամանակից շուտ անհանգստանում: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բնական, հերթական երևույթ է: Նույնիսկ եթե այս կապիտալի պահանջը չլիներ, շատ հնարավոր է այդ գործընթացները լինեին: Սա ամբողջ աշխարհում ընդունված է, ոչ մի նոր բան չկա և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Պրոմեթեյ Բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ԿԲ-ի սահմանած նոր նորմատիվների արդյունքում սպասվող բանկերի խոշորացման հետ կապված:

Ըստ նրա՝ որոշ բանկեր, եթե կապիտալի պահանջը չկատարեն, պարզ է, կմիավորվեն: Սակայն, Է.Սողոմոնյանը հավաստաիցրեց, որ դեռ վաղ է այս հարցի շուրջ խոսել, քանի որ դեռ 2 տարի ժամանակ կա պահանջը կատարելու համար, իսկ այդ ժամանակամիջոցում շատ փոփոխություններ կարող են լինել:

«Մեր բանկի վերաբերյալ ոչ մի նոր բան չեմ ասի, բանկն առաջինն է գրանցվել ՀՀ-ում և կշարունակի գործել: Կմիաձուլվենք, թե կլինի այլ բան, ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:

Է.Սողոմոնյանը խորհուրդ տվեց բանկերի հետ կապված հարցերում զգուշավոր լինել. «Բանկերի վերաբերյալ չի կարելի լայն մասսայական քննարկումներ կատարել, որովհետև բանկերը մի քիչ այլ ստրուկտուրա են: Սա կոշիկի խանութ չէ, որ մեկը փակվի, մյուսը հեշտությամբ բացվի: Սա լուրջ գործընթաց է: Եվ պետք չէ ժամանակից շուտ դրա վերաբերյալ քննարկումներ կատարել: Սովորական գործընթաց է, ոչ մի բարդություն հeտագայի համար ես չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ՀՀ Կենտրոբնական բանկի կատարած փոփոխությունների համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվել է՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ 5 մլրդ դրամ, նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը 30 մլրդ դրամ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ 30 մլրդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս