Մենք դարձել ենք վենետիկյան հանձնաժողովի ստրո՞ւկը

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն հ/կ նախագահ  Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ 2014 թվականը դրական էր այն առումով, որ շատ բաներ բացահայտեցին ու ներկայացրին համապատասխան մարմիններին:

«Նախ՝ Արաբկիր-Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղգործն էր՝ Արմեն Միքայելյանը (Հայ Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ)՝ ընդդեմ իր եկեղեցու: Դատական պրոցեսի ընթացքում հարցաքննվող Հարություն Ներսիսյանը, որը Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենն է, նշեց, որ քանի որ արտասահմանից իրենց ֆինանսավորումը կրճատում են՝ իրենք այդ երեք տարածքները՝ Արագածոտն, Գեղարքունիք և Կոտայք, փակել են: Այստեղ մի հարց է առաջանում, որի մասին Հայաստանի պաշտոնյաների դիրքորոշումը մինչ օրս պարզ չէ. Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 13-րդ հոդվածով արգելվում է արտասահմանում հոգևոր կենտրոններ ունեցող կառույցների ֆինանսավորումը դրանցից: Այսպիսով՝ իրենք պարզ ասացին, որ ֆինանսավորվում են Ամերիկայից: Սա փաստ էր, որը կարելի էր հանգիստ օգտագործել թեկուզ հենց նույն՝ չաշխատող օրենքի շրջանակներում: Բայց նոյեմբերից մինչ օրս դա դեռ քննարկման պրոցեսում է:

Մյուսը՝ «Կյանքի խոսք» կառույցի հոգևոր առաջնորդի  հայտարարությունն էր, երբ մարտի 9-ին հայտարարեց, որ 40 տարի սխալ է եղել և հիմա հարելու է Կաթոլիկ եկեղեցուն: Դրանից հետո մեր կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների հետ կապված աշխատանքների բաժինը պետք է կասեցներ «Կյանքի խոսքի» գործունեությունը, բայց այն մինչ օրս շարունակում է իր գործունեությունը»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում շատացել են ինքնասպանության փորձերն ու ինքնասպանությունները, բայց ոչ ոք հետազոտություն չի անում՝ պարզելու շարժառիթը. «Սոցիալականի տակ քողարկում են ինքնասպանությունների բուն պատճառը: Առողջապահության միջազգային կազմակերպության ստատիստիկայով ինքնասպանության 51%-ը կենցաղային բնույթի են, այլ ոչ միայն սոցիալական, իսկ մնացած 49%-ի պատճառներն անհայտ են, այսինքն՝ աղանդավորական կառույցների  ու հոգեկան շեղումների հողի վրա են լինում»:

Ամարյանը մեծ բացթողում է համարում համապատասխան օրենսդրության բացը և մասնագետների պակասը. «Հայաստանում մի քանի անգամ փորձեցին այդ օրենքն ընդունել, բայց չգիտես ինչու՝ վենետիկյան հանձնաժողովը թույլ չի տալիս: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք դարձել ենք վենետիկյան հանձնաժողովի ստրուկը, որ ներսում մեր օրենքները չենք կարող հստակեցնել, այլ պետք է վենետիկյան «հանձնաժողովը» մեզ դիքորոշում տա՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել օրենքը:

Պետական ուսումնական հաստատություններում պետք է պատրաստվեն մասնագետներ, որոնք կլինեն և՛ կրոնական կառույցների հետ կապված փորձագետներ, և՛ կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունները  բացահայտողներ, և՛ կարողանան դատարանում մեղադրանքը պաշտպանողներ: Սա մեզ մոտ բաց է և ցանկացած կրոնական հանցագործություն դատարանում միանշանակ պայթող է: Օրինակ, «Եհովայի վկաներն» իրենց դատական պրոցեսների ընթացքում հրավիրում են համապատասխան մասնագետներ արտասահմանից, որոնք մեր դատական համակարգը սարքում են զրո»:

Տեսանյութեր

Լրահոս