Եվրասիական «վոժդերի» բարդ հարաբերությունները կազդե՞ն ԵՏՄ-ի կայացման վրա

Ի՞նչ խոչընդոտներ կան Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կայացման ճանապարհին, և արդյո՞ք Մաքսային միության ներսում առկա լուրջ տարաձայնությունները նպաստում են այդ կառույցի ձևավորմանը:

aram05Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը 168.amի հետ զրույցում մեկնաբանելով հարցը՝ ասում է` ԵՏՄ-ի ձևավորման գործընթացը, բնականաբար, հարթ չի անցնելու:

Փորձագետի գնահատմամբ` կառույցի ձևավորմանը կարող են խոչընդոտել մի շարք հանգամանքներ: Առաջինը, ԵՏՄ-ում տնտեսական որոշակի անհարիրություն կա, որովհետև, եթե Ռուսաստանում և Ղազախստանում (Հայաստանին մի կողմ դնենք) ինչ-որ չափով կան շուկայական հարաբերություններ, ապա Բելառուսում այդ հարաբերությունները շատ քիչ են, որովհետև այդ երկրի կացութաձևը շատ է հիշեցնում խորհրդային հանրապետությունները:
Երկրորդը, կարևոր գործոն է նաև այն, որ ԵՏՄ հիմնադիր երեք պետություններն էլ` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ժողովրդավարական երկրներ չեն, ինչը նույնպես լրջորեն ազդում է տնտեսական հարաբերությունների վրա:

Ահա թե ինչպես է Արմեն Բադալյանը բացատրում այս հանգամանքը. «Ինչպես տեսնում ենք, երեք երկրներում էլ առաջնորդները բավական երկար ժամանակ են կառավարում, իսկ դա խոսում է այդ երկրների քաղաքական համակարգի ոչ ժողովրդավարական լինելու մասին, ինչն էլ բերում է նաև այդ երկրների ղեկավարների բարդ հարաբերություններին, որովհետև մի բան է, երբ իրար հետ հարաբերվում են ժողովրդավարական սկզբունքով ընտրված գործիչներ, այլ բան է, երբ իրար հետ հարաբերվում են սուլթաններ, ազգի «վոժդեր» և այլն»:

Իսկ երրորդ գործոնը, որը, ըստ մեր զրուցակցի, կարող է խոչընդոտել ԵՏՄ-ի ձևավորմանը, այն է, որ Արևմուտքն ընդգծված կերպով մերժում է այդ միության գոյությունը և ամեն ինչ անում է նրան խանգարելու համար:

«Կան բազմաթիվ այլ հանգամանքներ, և այդ հանգամանքների հանրագումարը հանգեցնում է նրան, որ ԵՏՄ-ի ձևավորումն ընթանում է, մեղմ ասած, շատ բարդ իրավիճակում»,- ասաց Արմեն Բադալյանը:

aram01

Եթե ԵՏՄ-ն, այնուամենայնիվ, կայանա՝ որպես լուրջ կառույց, այն կգործի ավելի շատ որպես տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական միավոր` հաշվի առնելով անդամ երկրների տնտեսությունների ոչ այնքան մրցունակ լինելը, ԵՏՄ հիմնական խաղացողի` Ռուսաստանի ներկայիս բարդ տնտեսական վիճակն ու Արևմուտքի հետ նրա հակասությունները:

Խոսելով այս հարցի մասին` Արմեն Բադալյանը նշեց. «Այդ հարցը կարող ենք նշել նախորդ պատասխանի մեջ` որպես կառույցի  կայացմանը խանգարող հանգամանքներից մեկը, այսինքն` այս կառույցի երկու անդամները (Հայաստանը հանում եմ, որովհետև Հայաստանն այնտեղ ազդեցիկ դեր չունի)` Բելառուսը և Ղազախստանը, ԵՏՄ-ին նայում են` որպես զուտ տնտեսական միություն, և այս պահի դրությամբ նրանք կարողանում են օգտագործել այդ կառույցի հնարավորություններն իրենց շահերի համար, իսկ մյուս անդամը` Ռուսաստանը, դրան նայում է` որպես աշխարհաքաղաքական միություն, թեև, իհարկե, Ղազախստանի նախագահը կարողացավ միության պայմանագրից դուրս բերել քաղաքական տարրերը և թողնել զուտ տնտեսականը: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ կառույցին որպես աշխարհաքաղաքական միավոր նայելու՝ իր քաղաքականությունից»:

Այսպիսով ԵՏՄ-ն Ռուսաստանի համար իր աշխարհաքաղաքական դերակատարությունը բարձրացնելու հնարավորություն է: Կկարողանա՞  Մոսկվան հասնել դրան, թե՞ ոչ, ինչպես ասում են` արդեն այլ հարց է:

Նկատենք, որ Արմեն Բադալյանի կողմից նշված գործոններից մեկը, որը վերաբերում էր երկրների առաջնորդների հարաբերություններին, վերջին շրջանում վառ կերպով դրսևորվեց հատկապես Բելառուս-Ռուսաստան հարաբերություններում: Այս անգամ եվրասիական «վոժդերից» գլխավոր դերում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր, ով մեկ ամիս շարունակ ռուսական մամուլի քննարկման գլխավոր թիրախներից մեկն է: Ըստ էության, խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, և Բելառուսն ու Ղազախստանը սկսեցին արևմտյան երկրների արտադրանքն իրենց տարածքից արտահանել Ռուսաստան: Շուտով Ռուսաստանն արգելք դրեց մոտ 20 բելառուսական ձեռնարկության սննդամթերքի մատակարարումների վրա` պատճառաբանելով, որ դրանցում վտանգավոր միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ խիստ արձագանքեց սրան` եղբայրական Ռուսաստանին մեղադրելով անպարկեշտության մեջ:

aram02

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Բելառուսի օրինակով հերթական անգամ, կպնելով մե՛կ գազային խողովակաշարին, մե՛կ նավթայինին, հիմա էլ՝ պարենային ապրանքներին, ուզում են ինչ-որ մեկին կամ ամբողջ աշխարհին ցույց տալ, ինչ-որ մեկին դաս տալ: Բայց մենք հո շան լակո՞տ չենք, որ մեր վզից բռնած ման ածեն… Պետք չէ կարծել, թե Բելառուսը Ռուսաստանից փոքր է և ոչ մի բանի ընդունակ չէ: Մենք Ռուսաստանին երբեք չենք թողել» ,- նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպմանը հայտարարեց Լուկաշենկոն:

Շուտով նաև Բելառուսն արգելք դրեց ռուսական արտադրության սննդամթերքի մի շարք տեսակների վրա: Լուկաշենկոն նաև հրահանգեց կառավարությանը վերականգնել Ռուսաստանի սահմանին մաքսակետերը, ինչպես նաև Ռուսաստանի հետ առևտուր անել դոլարով կամ եվրոյով: Կրեմլը պատասխանեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի շուրթերով: Ուշակովը նախ զգուշացրեց Լուկաշենկոյին ԱՄՆ-ի հետ բարեկամություն անելու առնչությամբ` ակնարկելով, որ նա կարող է արժանանալ նախկինում ԱՄՆ-ի հետ բարեկամանալու փորձ կատարած Սլոբոդան Միլոշևիչի, Մուամմար Քադաֆիի և Սադդամ Հուսեյնի ճակատագրին: Ավելի ուշ Ուշակովը լրագրողներին տեղեկացրեց, որ Պուտինը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք գագաթաժողովների շրջանակներում առանձին հանդիպում չի պլանավորել Լուկաշենկոյի հետ: Ճիշտ է, Լուկաշենկոն, երբ ելույթ էր ունենում  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, փորձեց մեղմել իրավիճակը` հերքելով այն կարծիքը, որ իր այդ քննադատությունների նպատակը «Ռուսաստանից մի բան պոկելն է»:

aram03

Արևմուտք-Ռուսաստան հակամարտության սրման պայմաններում ինքնուրույն քաղաքականություն է վարում նաև Ղազախստանը, որը, Բելառուսի հետ միասին, հրաժարվեց միանալ Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին: Հոկտեմբերի 9-ին Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը և Եվրահանձնաժողովի նախագահ Մ. Բարոզուն Բրյուսելում պաշտոնապես հայտարարեցին կողմերի միջև «Ընդարձակ համագործակցության պայմանագրի» ստորագրման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս համատեքստում մեկ այլ ուշագրավ դրվագ է դեկտեմբերի 22-ին Կիևում Ղազախստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Նազարբաևը պատրաստակամություն հայտնեց միջնորդի դեր ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում` ասելով, որ Ղազախստանը միանման է նայում և´ Ուկրաինային, և´ Ռուսաստանին, և ավելացնելով, որ իր կարծիքով` «բոլորի խնդիրը պետք է լինի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը և Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելը»:

Տեսանյութեր

Լրահոս