RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի նախօրեին հանդիպելու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով պատմելու է Կիև կատարած այցի արդյունքների մասին:
Միևնույն ժամանակ Կրեմլը չի պլանավորում առանձին հանդիպում անցկացնել ԵՏՄ-ի գծով մյուս դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ի պատասխան նրա կողմից Մոսկվայի քաղաքականության քննադատությանը՝ Պետդումայից զգուշացում է արվել Լուկաշենկոյին:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Պուտինն այսօր Մոսկվայում բանակցելու է Նազարբաևի հետ, ով Մոսկվա է ժամանելու Կիևից:
Ուշակովի խոսքերով՝ հանդիպման ժամանակ նախագահները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգրի հարցերը, այդ թվում նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչը տրամաբանական է՝ կապված Նազարբաևի կիևյան այցի հետ:
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ այսօր երեկոյան հեռախոսային կոնֆերանս է ունենալու այսպես կոչված «նորմանդական ձևաչափով»՝ Ուկրաինայի անախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ.
«Դրա ժամանակ քննարկվելու են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցն ու Ուկրաինայի գծով շփման խմբի հանդիպման անցկացման հնարավորությունը»:
Նազարբաևի ու ստեղծվող ԵՏՄ-ի մյուս մասնակիցների հետ շփումները կշարունակվեն վաղը: Օրվա երկրորդ կեսին Կրեմլում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովը, որին կմասնակցեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները:
Օրվա առաջին կեսին էլ տեղի կունենա ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, որի կենտրոնական թեման դառնալու է Աֆղանստանում առկա իրավիճակի համատեքստում կազմակերպության աշխատանքը:
Ուշակովը հայտարարել է, որ գագաթաժողովի ժամանակ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու ընթացակարգերի ավարտի մասին, և կարող է ստորագրվել միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:
Ուշակովն ընդգծել է, որ Բիշքեկը կատարել է օրենսդրության ներդաշնակության վիթխարի աշխատանք, և ակնկալվում է, որ այդ պայմանագիրն ուժի մեջ կմտնի մոտավորապես 2015 թվականի մայիսի 1-ին՝ բոլոր անդամ երկրների կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո:
Վաղը երեկոյան Պուտինն առանձին հանդիպում է ունենալու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ: Ուշակովի խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու համատեքստում այդ երկրի տնտեսությանն աջակցելու միջոցներ:
Ուշակովը հայտնել է, որ Պուտինը դեռ չի պլանավորել առանձին հանդիպում ունենալ Բելառուսի նախագահի հետ, սակայն բացառված չէ, որ նախագահները դրա շուրջ կպայմանավորվեն միջոցառման ժամանակ: Ուշակովը չի մեկնաբանել ռուս-բելառուսական հարաբերություններում էլեկտրոնիկայի մատակարարումների սահմանափակման ու մյուս բարդությունների հարցը:
Լուկաշենկոն երեկ ժամանել է Կիև և տնտեսական համագործակցություն հաստատելու շուրջ պայմանավորվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ Կիև մեկնելու նախօրեին նա քննադատական մի շարք հայտարարություններ է հասցեագրել Մոսկվային:
Նա Բելառուսից մսամթերքի մատակարարումների վրա արգելք դնելու Ռուսաստանօի քաղաքականությունը որակել է որպես «կատարյալ հիմարություն ու անխելքություն»: Նա հերքել է որակի հանդեպ ռուսական կողմի ներկայացրած դժգոհությունները. նրա խոսքերով՝ ռուս մասնագետներն ապշած են եղել բելառուսական արտադրանքի բարձր որակից:
Լուկաշենկոն սահմանված արգելքը բացատրել է քաղաքական դրդապատճառներով: Լուկաշենկոյի պատասխանն այսօր հնչեց Պետդումայից: Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն առավոտյան Twitter-ում կատարած գրառմամբ զգուշացրել է Լուկաշենկոյին՝ կապված ԱՄՆ-ի հետ համագործակցելու հետ:
Պուշկովը Լուկաշենկոյին հիշեցրել է Սլոբոդան Միլոշևիչի, Մուամարդ Քադաֆիի ու Սադդամ Հուսեինի ճակատագրերը, որոնք նույնպես փորձել են բարեկամություն անել ԱՄՆ-ի հետ: Պուշկովն ընդգծել է, որ դա վտանգավոր փորձ է: