«2015 թվականը թող լինի հանդարտ, բայց միաժամանակ՝ պայքարի տարի…». Սոս Գիմիշյան

2014 թվականը շատ ծանր տարի էր: Այս կարծիքին է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա միակ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ եվրոպացիների հետ չենք: Խոսելով այս տարվա հայ ժողովրդի ունեցած կորուստների մասին՝ Ս. Գիմիշյանն ասաց.

«Ժողովրդի ծանր կյանքը, հանրապետության ծանր վիճակը, մի տարի կորցրեցին, ու որևիցե մի բարեփոխում, որևիցե առաջխաղացում տեղի չունեցավ, սա կորուստ չէ՞, կորուստ է, տասնյակ-հազարավոր քաղաքացիներ մեկնեցին Հայաստանից, դա էլ է կորուստ»:

Ս. Գիմիշյանից հետաքրքրվեցինք, թե 2015 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունի: Նա նկատեց, որ հունվարի 1-ից Հայաստանը հայտվում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմի մեջ, ու նշեց, որ ուր էլ գնաս, որ միավորմանն էլ միանաս, պետք է լավ, քրտնաջան աշխատես, քո շահերը պաշտպանես, որ կարողանաս ինչ-ինչ օգուտներ քաղել երկրի և ժողովրդի համար.
«Սա նոր երկրում նոր իրավիճակ, նոր հնարավորություններ է ստեղծում՝ և՛ տնտեսական զարգացման, և՛ ապահովվածության, և՛ անվտանգության իմաստներով: Կուզենամ՝ մեր ժողովրդի վիճակը զգալիորեն փոփոխվեր, որովհետև այսպես էլ չի կարելի, այսպես անհնար է ապրել»:

Հարցին՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ կարել է սպասել 2015 թվականին, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ իր համար ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վճիռն արևմտյան երկրների կողմից դրական չի կարող ընդունվել.

«Ես կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը քիչ թե շատ զսպվածություն ցուցաբերեն այն իմաստով, որ արտաքին ճնշումներից հեռու մնան: Իհարկե, պետք է պայքարել, իհարկե, պետք է իշխանություններին քննադատել և ճնշել: Եթե այնպիսի քաղաքական ուժեր ի հայտ գան, որոնք մեր ժողովրդի վստահությունը կվայելեն, և լուրջ փոփոխություններ տեղի կունենան, լավ կլինի, որ դա լինի զուտ մեր ժողովրդի և քաղաքական ուժերի ցանկությունը, ոչ թե դրսից դրդված, կազմակերպված, որովհետև դրսից կազմակերպվածի ազդեցության տակ եթե ինչ-որ սրացումներ տեղի ունենան, դա միանշանակ ի վնաս մեր երկրի կլինի»:
Ս. Գիմիշյանն ուզում է, որ 2015-ը հանդարտ լինի, բայց մյուս կողմից էլ ուզում է՝ ակտիվ պայքար լինի, որը կպարտադրի իշխանություններին՝ «կա՛մ իրենք երկրում նոր քայլեր, նոր ծրագրեր իրականացնեն, կա՛մ եթե չեն կարող, ազատվենք այս իշխանություններից»:

Մենք հետաքրքրվեցինք նրանից՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է՝ 2015 թվականին իշխանափոխություն լինի Հայաստանում: Նա պատասխանեց, որ իշխանափոխություն միշտ է հնարավոր, իշխանափոխություն կարող է միայն ժողովուրդն իրականացնել. «Մեզ համար ընդունելի իշխանափոխությունն այն է, որը ժողովրդի կողմից կարվի և այն քաղաքական ուժերի կողմից, որոնք հայաստանամետ են, որոնք ելնում են միայն և միայն Հայաստանի շահերից: Ցանկացած իշխանափոխություն, որը պետք է դրդված լինի դրսից, ինձ համար ընդունելի չէ, որովհետև համոզված եմ՝ մեր ժողովրդին որևիցե օգուտ չի բերելու»:

Հարցին էլ՝ այդ տեսանկյունից հավատո՞ւմ եք, որ ոչ իշխանական եռյակի՝ հարթակից արված իշխանափոխության կոչերը դրսից պատվիրված չեն, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ չի հավատում. «Ես չեմ հավատում, որ դրանք հայ ժողովրդի սրտից բխող, հայ ժողովրդի ցանկությամբ կատարվող փոփոխություններ են, հատկապես այստեղ ես այդ վտանգը տեսնում եմ և դրական չեմ վերաբերվում, չեմ հավատում»:

Ս. Գիմիշյանը Նոր տարվա կապակցությամբ ցանկանում է շենություն բոլորի օջախներին, լավն ու բարին, համբերություն. «Համբերության իմաստով մեր ժողովուրդը եզակի է: Հույս ունեմ, որ այս տառապանքները, որ ապրել է մեր ժողովուրդը, ի վերջո, կբերեն դրական արդյունքի»:

Տեսանյութեր

Լրահոս