ԲՀԿ-ն, կողմ քվեարկելով, չի ծափահարում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը. Ստեփան Մարգարյան

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին շնորհակալություն չի հայտնել ԵՏՄ պայմանագրին կողմ քվեարկելու համար, բայց ԲՀԿ-ն էլ, կողմ քվեարկելով, չի ծափահարում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ցանկացած ինտեգրացիոն գործընթաց լավ է ճիշտ աշխատելու դեպքում, իսկ չհաջողելու դեպքում, եթե հետո պարզվի, որ որոշումը ճիշտ չէր, ԲՀԿ-ն ներողություն կխնդրի հայ ժողովրդից:

ԲՀԿ-ականներ Ս.Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը չհամաձայնեցին, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը. «Զիջում են բոլորը, բայց եթե դու ավելի շատ ես զիջում, ուրեմն վատ ես բանակցել: Մենք գտնում ենք, որ այդ միության շրջանակներում հիմքերը կան զիջել այնքան, որքան բոլորը»:

Ըստ պատգամավորների, ՀՀ-ն կարող էր չեզոք մնալ, բայց կորցրեց այդ հնարավորությունն ու ներկա իրողություններում ԵՏՄ-ն միակ ճիշտ որոշումն է:

Թե ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորներից ոչ բոլորն էին մասնակցում քվեարկությանը, պատգամավորները նշեցին, որ խմբակցության դիրքորոշումը միանշանակ կողմ էր, իսկ բացակա պատգամավորների որոշումն անհատական է եղել, մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել Հայաստանում չլինելու պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս