Բաժիններ՝

40 հեռախոսազանգ. ինչպես գժտվեցին Պուտինն ու Մերկելը

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում «հաջողեցրել է» գժտվել արևմտյան բոլոր առաջնորդների հետ: Նա ամենահաճախը շփվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, սակայն նրանց երկխոսությունը վաղուց համեմատում են «ցրտահարության» հետ: Այս մասին նշված է հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:

Պուտինը, ով տիրապետում է գերմաներենին, ու Մերկելը, ով իր հերթին տիրապետում է ռուսերենին, վերջին շրջանում 40 հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ: Ընդ որում, իշխանության գալուց հետո՝ սկզբնական շրջանում, Պուտինի ու Մերկելի փոխհարաբերություններում նկատվել է սառնություն, քանի որ Մերկելը մեղմ ասած զգուշավորություն է պահպանել իշխանության եկած ՊԱԿ-ի նախկին սպայի հետ հարաբերություններում:

Սակայն ժամանակի ընթացքում գրանցվել է որոշակի ջերմացում, ինչին նպաստել է նաև լեզվական գործոնը (առանց թարգմանչի շփվելու ունակությունը): Ընդգծվում է, որ դրան նպաստել է նաև այն, որ գերմանական բիզնեսը Մերկելին կոչ է արել լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:

Միևնույն ժամանակ Պուտինի կողմից Ռուսաստանի նախագահի պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին զիջելը ոչ միայն չի տխրեցրել, այլև կարելի է ասել, որ ուրախացրել է Մերկելին, ով մեծ հույս է կապել Մեդվեդևի հետ և վստահություն է տածել նրա նկատմամբ:

Եվ երբ Պուտինը հայտարարել է, որ վերադառնալու է նախագահի պաշտոնին, Մերկելը դա որակել է որպես վերադարձ անցյալին: Դրանից հետո Մերկելը սկսեց Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտի խնդիրների մասին արտահայտվել հրապարակավ, մինչդեռ նախկինում դա անում էր տետ-ա-տետ հանդիպումներում:

Գերմանիայում սկսեցին դադարել Ռուսաստանին ռազմավարական գործընկեր անվանել, իսկ վերջնական ճեղքը տեղի ունեցավ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ: Պուտինի ու Մերկելի հարաբերությունների վատթարացումն տեղի ունեցավ մի քանի փուլով. նախևառաջ Ղրիմի դեպքերի, իսկ հետո՝ Դոնբասի հակամարտությունում Ռուսաստանի ներկայիս դերակատարության պատճառով: Երրորդ փուլն էլ կապված է նրա հետ, որ Պուտինը ներկայումս պատրաստ չէ զիջումների գնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս