Օգյուն Սամասթը դատախազին հայտնել է, որ պատմելու բաներ ունի Հրանտ Դինքի սպանության գործով

T24-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը բանտից նամակ է գրել գործը վարող դատախազին՝ ընդգծելով, որ պատրաստ է խոսել:

Երկու տարի առաջ տված իր ցուցմունքում Սամասթը նշել էր, որ սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել է մի մարդու հետ, որ իրենք միասին թեյ են խմել, և որ պատմելու է, թե ով է եղել այդ մարդը և ինչ կապ է ունեցել Դինքի սպանության հետ:

Սամասթի խոսքերով՝ Դինքի սպանությունն իրականացվել է երեք փուլից բաղկացած պլանի շրջանակներում: Նա ընդգծել է, որ մինչ այժմ իր պատճառներն է ունեցել՝ դատարանին չասելու համար ողջ եղելությունը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը Օգյուն Սամասթի կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում:

2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման:

2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:

Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս