ԱՄՆ-ը դեռ անհրաժեշտ չի համարում թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը դեռ անհրաժեշտ չի համարում թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծելը, սակայն շարունակում է Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել այդ նախաձեռնությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը.
«Ինչպես ձեզ հայտնի է, Թուրքիայի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ բարձրացնում է ոչ թռիչքային ու բուֆերային գոտիներ ստեղծելու հարցը, այդ գաղափարը նոր չէ, և մենք շարունակում ենք քննարկել, թե որքանով դա կնպաստի տարածաշրջանում անվտանագության ապահովմանը: Սակայն ներկայումս մենք չենք քննարկում այդպիսի գոտու ստեղծումը»:
Նոյեմբերի 21-ին Թուրքիա է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցը քննարկելու է Թուրքիայի ղեկավարության հետ և մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: