Ո՞րն է օդաչուների պաշտոնական կարգավիճակը. իրենք զոհվա՞ծ են, անհայտ կորա՞ծ են, թե՞ ինչ. Սամվել Մարտիրոսյան
«Ուղղաթիռի վրա կրակելու օրը և հաջորդ օրը հայկական մի շարք լրատվականների վրա հարձակումներ եղան, որպեսզի խափանեն նրանց աշխատանքը: Փաստացի, բավականին շատ լրատվականներ երկար ժամեր կամ չէին աշխատում, կամ վատ էին աշխատում: Դա արդեն ընդունված պրակտիկա է դառնում. հենց իրավիճակը սրվում է, փորձում են պետական կամ լրատվական կայքերը «պառկեցնել», որպեսզի հայկական կողմը չկարողանա իր կարծիքը հաղորդել: Իրականում դա սովորել են հայերից, որովհետև 2012-ին հայկական կողմն եր իրենց լրատվականները «պառկեցրել»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նկատեց, որ երկու կողմն էլ շատ դեպքերում չեն գիտակցում, որ եթե խոսքը գնում է սեփական կարծիքը հաղորդելու մասին, կարևորվում են ռուսալեզու և անգլիալեզու լրահոսները. «Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ այդ խնդիրը կա, այսինքն՝ լրատվամիջոցներն աշխատում են ներքին շուկայի համար: Պետք է հասկանանք, որ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով նյութերը հայերը չէն կարդում. դա ուղղված է երրորդ կողմին»:
Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ մեզ մոտ շատերը լավ չհասկացան, թե այդ ուղղաթիռի հետ ինչ է եղել. «Համաձայնե՛ք, որ եթե ամեն ինչ բացատրվել է, թե ինչ է եղել մինչև ուղղաթիռի խոցվելը, դրանից հետո կատարվածը մենք լավ չենք հասկանում: Դրա համար հասարկությունն ընկալել է այնպես, որ երեքն էլ զոհվել են, բայց ասեմ, որ այդպիսի պաշտոնական հայտարարություններ էլ են եղել: Այսինքն՝ չի ասվել, որ իրենք անհայտ կորած են կամ՝ նրանց ճակատագիրը հայտնի չէ: Օրինակ՝ ո՞րն է օդաչուների պաշտոնական կարգավիճակը, որ հայտարարությունները կարդաք՝ չեք հասկանա՝ որն է: Այսինքն՝ իրենք զոհվա՞ծ են, անհայտ կորա՞ծ են, թե՞ ինչ:
Մենք գործ ունենք մի իրադարձության հետ, որի սկզբնաղբյուրները միայն պաշտոնական հայտարարություններն են: Այս տեսանկյունից՝ մենք առաջին ժամերին խնդիր ունեինք: Ադրբեջանական ՊՆ-ն, կարծես, նախապատրաստված էր, որովհետև դեպքից անմիջապես հետո սկսեցին լրատվություն տարածել, դրա համար արտասահմանյան կայքերը սկզբից ներկայացրին ադրբեջանական կարծիքն ու մեկնաբանությունները, որովհետև երկրորդ աղբյուր չունեին: Բայց հետագայում իրավիճակը փոխվեց այն առումով, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները սկսեցին դանդաղել և սկսեց մեր մոտից տեղեկատվության հոսք: Մեր լրատվամիջոցները հիստերիա չտարածեցին ու սկսեցին տեղեկատվությունը ճշտելուց հետո տարածել: Ընդհանուր դաշտը շատ ավելի զուսպ էր, օբյեկտիվ և ճիշտ աշխատող»,- եզրափակեց փորձագետը: