Բաժիններ՝

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտին պատրաստ է հայտեր ընդունել ողջ աշխարհի ոսկեգործներից

«Երևան շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ պաշտոնապես իր դռները բացեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին։ Իր չափերով և կատարված լայնածավալ աշխատանքներով աչքի ընկնող ենթակառուցվածքը պատրաստ է ընդունել առաջին ռեզիդենտներին։«Արմենպրես»-ը զրուցել է«Մերիդիան» հոլդինգի ծրագրերի ղեկավար և տնօրեն Նիկա Մանուկովայի հետ՝ պարզելու ազատ տնտեսական գոտու շահագործմանը վերաբերող մանրամասները։

– Մեկ տարի նախապատրաստական աշխատանքներից հետո վեջապես տեղի ունեցավ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու բացումը։ Զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունեք։

– Ազատ տնտեսական գոտիների զարգացումն ընդամները գործիք է տնտեսության զարգացման համար։ Կլաստերային զարգացումն ամբողջ աշխարհում տնտեսության շարժիչ ուժերից մեկն է։ Մենք ևս փորձել ենք Հայաստանում ստեղծել ոսկերչական ազատ տնտեսական գոտի, որը մեզ թույլ կտա արտահանմանն ուղղված քաղաքականության ներքո խթանել ոսկերչության զարգացումը։ Արդեն մեկնարկեց ազատ տնտեսական գոտին, և մենք պատրաստ ենք հայտեր ընդունել։ Նախատեսում ենք, որ լայնածավալ աշխատանքներ կկատարվեն ոչ միայն հայտնի բրենդների, այլև ամբղջ աշխարհի ոսկերիչների, ադամանդագործների և ժամագործների հետ։ Նորաբաց ցուցասրահը, որտեղ չորս օրում տարբեր միջոցառումներ անցկացրինք, ընդամենը գործիքներից մեկն է, որպեսզի կարողանանք ամբողջ հանրությանը տեղեկացնել նման տարածքի և հնարավորությունների մասին։

– Այս օրերի ընթացքում հաջողվե՞ց պայմանավորվածություններ ձեռք բերել պոտենցիալ ռեզիդենտների հետ։ Նրանց թիվը որքա՞ն կարող է հասնել մինչ տարեվերջ։

– Ճիշտն ասած, մինչև ազատ տնտեսական գոտու բացումը այս մեկ տարվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ ենք իրկանացրել և շատ կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Թե ինչքանով են դրանք հաջողված, ցույց կտան մինչ տարվա վերջ կառավարություն գնացող հայտերը։ Մինչև մյուս տարվա այս ժամանակահատվածը մենք նախատեսում ենք, որ տնտեսական գոտում 20-25 կազմակեպություններ տեղավորված կլինեն, ովքեր կստեղծեն մինչև 80 աշխատատեղ։

– Տարածքն իրենից մեծ ենթակառուցվածք է ներկայացնում, ի՞նչ սկզբունքով է լինելու դրա բաժանումը և ինչպե՞ս է առանձնացվելու արտադրական մասը ոչ արտադրականից։

– Նախագծով էլ մեզ մոտ նախատեսված է, որ օրինակ ադամանդագործները տարածքներ են զբաղեցնելու առաջին հարկում։ Այստեղ ունենալու ենք նաև ձուլման տրարածքներ, լաբորատորիաներ և արտադրական գործընթացների համար տարածքներ, որոնք առանձնացված են լինելու։ Ինչպե՞ս ենք մենք աշխատում ռեզիդենտների հետ։ Նրանց հետ շրջում ենք, հասկանում՝ նա ինչով է ցանկանում զբաղվել այս տարածքում և որքանով է նրա չափանիշները համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին։ Արդյունքում առանձնացնում ենք այն տարածքը, որտեղ նա հավակնում է աշխատել։ Մեր թիմում ունենք մասնագետներ, ովքեր օգնում են ռեզիդենտներին՝ գրագետ խորհրդատվություն տրամադրելով նրանց, որպեսզի նրանք էլ ճիշտ ուղու վրա լինեն։

– Ամփոփենք «Երևան Շոու 2014»-ը։ Արդյոք արդարացա՞ն ձեր ակնկալիքները և հասա՞ք սպասված արդյունքին։

– Իհարկե, աշխատանքներ շատ ունենք անելու, բայց շատ տպավորված ենք, որովհետև բոլոր բարձրաստիճան հյուրերը, որոնց հրավիրել էինք, ներկա էին, բոլոր միջոցառումներն անցան մեծ շուքով։ Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել ԱՏԳ-ն, որը մեզ համար քննության պես մի բան էր։ Վերջիվերջո կարողացանք հանրությանը նեկայացնել մեկ տարվա մեր աշխատանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս