«Չեմ կարծում, որ այդպես հեշտ կարելի էր ձևական մրցույթ կազմակերպել»

«168 Ժամը» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ զրուցել է այն իրականացնող հանձնաժողովի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

– Պարոն Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում անցկացված մրցույթը:

– Կարծում եմ՝ այնպիսի խախտումներ չեն եղել, որից կարելի էր ասել, որ ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուի ընտրությունը կարելի է խաթարված համարել: Եղել են խախտումներ, ինքս դա նկատել եմ և բարձրաձայնել եմ, բայց այդ խախտումներն այդքան էական չէին: Օրինակ՝ խախտումը կապված էր երեք թեկնածուների գրանցման հետ, որ Արդարադատության նախարարության աշխատակազմի հետ կապված այդպիսի աղմուկ բարձրացավ: Հասարակական կազմակերպությունն էր այդ հարցը բարձրացրել, որին հանձնաժողովն անդրադարձավ: Ավելին՝ կար նաև մտահոգություն. մասնակիցներից մեկը հարց էր բարձրացրել, որ նախարարության աշխատակազմը հ/կ-ին պատասխանելու ժամանակ որոշակի գնահատողական դատողություններ էր կատարել, և դրա արդյունքում կարծես թե, այսպես ասած, բացասական ֆոն էր զգացվում: Հանձնաժողովը համարեց, որ դա անելով` աշխատակազմը դուրս է եկել լիազորություններից:

Այսինքն՝ հանձնաժողովը կարծես թե գնահատականները տվել է: Ինչ վերաբերում է երեք թեկնածուներին. բոլոր թեկնածուներին լսելուց հետո, իհարկե, այդ արձագանքը կար, և հանձնաժողովի նիստը վարողը հայտարարեց, որ այդ հարցն անպայման քննարկման առարկա է դառնալու: Հետագայում, երբ հանձնաժողովն արդեն որոշումներ էր կայացնում, առաջինը քննարկեց հենց այս հարցը: Նախքան մրցույթի մասնակիցներին գնահատելն անդրադարձանք այս հարցին: Նորմալ էր այդ հարցադրումը, որովհետև դիտորդ կազմակերպությունը բարձրաձայնել էր և կասկած էր հայտնել երեք թեկնածուների գրանցման մասով: Դրան չանդրադառնալը, կարծում եմ, կլիներ ամենամեծ խախտումը: Հանձնաժողովն անդրադարձավ, և ըստ հերթականության` փորձեց անցնել: Առաջինը քննարկվում էր Արմեն Հարությունյանի հարցը: Ասեմ, որ հանձնաժողովի աշխատակազմը, Արդարադատության ախարարության աշխատակազմը ներկայացրեց Արմեն Հարությունյանի փաթեթը: Փաթեթում կար փոստային ծրարը, որի վրա դրված էր 2014թ. սեպտեմբերի 23-ի դրոշմակնիքը:

Եթե նայենք ժամանակի առումով, դրոշմակնիքի վրա կար 10:00 նշումը, այսինքն՝ ստացվում էր, որ մեկ օր առաջ՝ ժամը 10:00-ին, այդ փաթեթը հանձնվել էր փոստային ծառայությանը: Ստացման դրոշմակնիքի վրա գրված էր` սեպտեմբերի 24, ժամային առումով՝ 18-ից սլաք կար դեպի աջ: Ենթադրվում էր, որ 18:00-ից հետո է եղել: Թեկնածուի գրանցման հարցն էր առաջանում: Որպես փաստաբան՝ կարծում եմ, որ եթե փոստային ծառայությանը պատշաճ կերպով հանձնվել է մեկ օր առաջ, որևէ խնդիր չկա, մանավանդ, որ հաջորդ օրը տեղ էր հասել:

Ավելին՝ չկար կոնկրետ ապացույց, թե որ ժամին էր մուտք եղել նախարարության աշխատակազմ: Ինչո՞ւ: Մենք նայեցինք դինամիկան, թե ինչպես էր այդ ծրարը տեղաշարժվել: Բոլոր դեպքերում ստացվում էր, որ հաջորդ օրն առավոտյան 10-ին, այսինքն՝ սեպտեմբերի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ին, փոստատարը ստացել է դա իր կենտրոնից, որ հանձնի հասցեատիրոջը: Եթե նա տվել է առավոտյան 10:00-ին, առնվազն ենթադրելի է, որ մյուս օրը 10:00-ին մյուս կողմը կարող է ստանալ: Բացի այդ, ասեմ, որ նախագահի հրամանագրի 16-րդ կետում նշված էր, որ «փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետի լրանալը», իսկ 13-րդ կետում ասվում է, որ «մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»: Այսինքն՝ այստեղ խոսում է օրվա մասին: Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ 18:00-ից հետո է անցել նախագահի հրամանագիրը, որը նաև թվագրված է` որպես նորմատիվ-իրավական ակտ, տվյալ պայմաններում այդ թեկնածուի համար այդ հնարավորությունն ընձեռում են, մանավանդ, որ մեկ օր առաջ այդ ծրարը հանձնվել էր: Այս պայմաններում ես ինքս՝ որպես փաստաբան, կարծում եմ, որ զուտ փոստային առաքումը եղել է պատշաճ:

Մյուս երկու մասնակիցների՝ դատավորների մասով (խոսքը մրցույթի թեկնածուներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի մասին է.- Օ.Հ.) կար հետևյալ խնդիրը: Գործի մեջ չէր երևում, թե երբ էին փաստաթղթերը հանձնվել նախարարության աշխատակազմին: Ավելին, նախարարության աշխատակազմը ներկայացրեց գրանցամատյանի պատճեններ, որում նշված էր, թե երբ են այդ անձինք մուտք գործել նախարարություն: Որքան հիշում եմ, մեկը մուտք էր գործել սեպտեմբերի 22-ին, մյուսը՝ 23-ին: Բայց, չգիտես ինչու, գրանցամատյանի մեջ գրանցված էր 24-ը և գրանցված էր Վահե Գրիգորյանին հաջորդող տողերում, իսկ Վահե Գրիգորյանը, ըստ մամուլի տեղեկությունների, 17:00-ից հետո էր գրանցվել: Այստեղ ինձ համար առնվազն բաց է մնում. անվտանգության ծառայության կողմից ֆիքսված գրանցումն ապացուցում էր մի բան՝ այդ անձն այդ օրը, այդ ժամին մուտք է գործել շենք, բայց դա դեռևս չի ապացուցում, որ այդ անձը փաթեթը հանձնել է աշխատակազմին: Ինձ համար առնվազն բաց էր:

Քանի որ որոշումը կարող էր ազդել այս անձանց իրավունքների վրա, մտահոգություն առաջացավ` ապահովել այս մարդկանց լսվելու իրավունքը: Այդ նկատառումներից ելնելով է, որ այդ անձինք հրավիրվեցին հանձնաժողով, որովհետև միգուցե մարդը գալիս և այնպիսի բացատրություն է տալիս, որ ամեն ինչ դնում է իր տեղը, որովհետև կոնկրետ հանձնաժողովի մոտ գործի նյութերից կասկած կար: Եվ այդ անձանց չլսելը, ես կարծում եմ, այս անձանց իրավունքների կոպիտ խախտում կլիներ: Երբ նրանք եկան, և զրույց տեղի ունեցավ, բոլոր դեպքերում, կարծում եմ, իրենց բացատրություններով մեր կասկածները չփարատվեցին: Ենթադրում եմ, որ դրանից էր կախված նաև նրանց կողմից հրաժարվելը, այսինքն՝ իրենք էլ զգացին, որ այդ կասկածը չի փարատվում մեզ մոտ: Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնեի, եթե նրանք չհրաժարվեին, բայց ինձ համար այդ կասկածները փարատված չէին: Մի թեկնածուի մասով, կարծում եմ, փաստաթղթերը պատշաճ հանձնված էին, մյուս երկուսի մասով այդ կարծիքին չէի:

– Փաստաբանների կողմից կարծիքներ հնչեցին, որ չեն եղել օբյեկտիվ չափանիշեր՝ մրցույթին մասնակցող անձանց գնահատելու համար, նշում էին, որ անհասկանալի է, թե ինչպես են նրանք գնահատվել: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են չափանիշերն օբյեկտիվ եղել:

– Ընդհանրապես գնահատումը ենթադրում է սուբյեկտիվ գործոն: Եթե ինչ-որ բան, ինչ-որ գործընթաց կամ ինչ-որ մարդու կարող եմ գնահատել 1-5 միավորով, դա նշանակում է, որ կարող եմ և՛ 1 ասել, և՛ 5, և՛ 3, և՛ 4: Այս տեսակետից, եթե մենք խոսում ենք գնահատման մասին, եկեք արձանագրենք, որ այստեղ արդեն կա սուբյեկտիվ գործոն: Իհարկե, նաև կան գնահատման որոշակի բաղադրիչներ:

Ըստ գնահատման կարգի՝ ընդհանուր տրված էր 100 միավոր, բայց մեխանիկորեն չէին ասում, օրինակ, 100 միավոր: 100 միավորը բաժանված էր 19 չափանիշի, օրինակ՝ իրավագիտակցություն, որի համար տրված էր առավելագույնը 5 միավոր, արդարության արժեքի ընկալում և դրա նկատմամբ վերաբերմունք, ներպետական օրենսդրության իմացություն, կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացություն, վերլուծելու և տրամաբանելու ունակություն, արագ ընկալելու, կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն, արժեքային և համակարգային մտածելու ունակություն, ներպետական և արտասահմանյան ուսումնական հաստատություններում հավելյալ կրթություն, գիտական աստիճան, հիմնական լեզվով նյութն ընկալելու, հայերենով ներկայացնելու ունակություն, իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակություն, և այլն:

Կային չափանիշեր: Ինչ-որ առումով դա, իհարկե, կաշկանդում է հանձնաժողովի անդամներին, բայց բոլոր դեպքերում գնահատումն ինքնին սուբյեկտիվ գործընթաց է:

– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կազմակերպվի մրցույթը:

– Կարծում եմ՝ ով էլ անցկացնի մրցույթը, բնական է, որ մենք էլի գործ ենք ունենալու սուբյեկտիվ գնահատման հետ: Այլ բան է, թե ով է կազմակերպելու մրցույթը: Նախկինում խոսակցություններ կային, որ քաղաքացիական հասարակությունն էլ պետք է մասնակցի, և կարծեմ նույնիսկ նախագիծ էր շրջանառվում, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցություն ունենան: Այսինքն՝ իրենք էլ ներկայացված լինեին հանձնաժողովում հավանաբար, կամ առանձին իրենց թեկնածուին ներկայացնեն: Չեմ կարող ասել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մրցույթը երևի կարող է առավել նպաստել վստահության գործընթացին, բայց բոլոր դեպքերում, նույնիսկ այդ կազմով լինելու էր սուբյեկտիվ: Այսինքն՝ եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մեծամասնություն կազմեին, իրենք էլ էին սուբյեկտիվ լինելու:

– Հանձնաժողովի կազմում ներգրավված էին անձինք, ում ենթակաները ևս մասնակցում էին մրցույթին: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնաժողովի կազմում էր, իսկ մրցույթին մասնակցող Նելիկ Հարությունյանը Դատախազությունում է աշխատում, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ևս հանձնաժողովի կազմում էր, իսկ այնտեղ աշխատող Եղիշե Կիրակոսյանը մասնակցում էր մրցույթին: Սա էլ ավելի չի՞ մեծացնում սուբյեկտիվ լինելու հավանականությունը:

– Իհարկե, կարծում եմ՝ շատ մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, բայց անկեղծ ասեմ, որ Սահմանադրական դատարանի նախագահի դեպքում ինքն առավել խիստ էր իր ենթակայի նկատմամբ իր գնահատականներում: Ես, համենայն դեպս, կարող եմ այդպես ասել, ինքն առավել խիստ էր:

– Մրցույթում հաղթող է ճանաչվել երեք անձ՝ Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան: Եղել եք հանձնաժողովի կազմում և լսել եք նրանց: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ կարող են կատարել իրենց պարտականությունները:

– Գիտեք, ես Արմեն Հարությունյանին չեմ ճանաչում, ճանաչում եմ այնքանով, որ Մարդու իրավունքների պաշտպան է եղել: Ճանաչում եմ Արայիկ Ղազարյանին՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ: Քանի որ նա մասնակցում է նաև փաստաբանների վերապատրաստման դասընթացներին, դասընթացներ է վարում, և մեր փաստաբանները շատ ակտիվ համագործակցում են Արայիկ Ղազարյանի հետ՝ հենց կապված ՄԻԵԴ-ում վեճերի հետ: Կարծում եմ, որ նա կարող է լավ, պրոֆեսիոնալ դատավոր լինել: Ասեմ, որ ինքս կուզենայի դատավորների կազմում տեսնել նաև Վահե Գրիգորյանին, ով պրոֆեսիոնալ փաստաբան է: Բացի նրանից, որ իր գործի լավ գիտակն է, իր մարդկային հատկանիշներով շատ բարձր անձնավորություն է: Բայց բոլոր դեպքերում ունենք այն, ինչ ունենք:

– Կարծիք կար, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք է եղել: Դուք ականատես եղե՞լ եք նման վերաբերմունքի:

– Ասեմ, որ Վահե Գրիգորյանի ելույթը շատ լավն էր, լավ, պրոֆեսիոնալ պատասխանեց հարցերին: Ինքս Վահե Գրիգորյանին գնահատել եմ իմ ստացած տպավորություններով: Միայն այդքանը կարող եմ ասել: Թե ինչ եմ գնահատել, դա էլ չեմ կարող ասել:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն տեսակետը, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը ձևական բնույթ է կրել, և նախապես որոշված թեկնածուներ են եղել, որոնք պետք է ընդգրկվեին եռյակում:

– Չեմ կարծում, որ այդպես հեշտ կարելի էր ձևական մրցույթ կազմակերպել, առավել ևս՝ երբ այդպիսի անուններ տալիս էին դեռևս վաղուց: Բոլորիս համար գաղտնիք չէ՝ մրցույթի ժամանակ կամ դրան նախորդող ընթացքում անուններ էին հնչում, բայց այնպես չէ, որ այդ անունները հայտնվեցին ցուցակում: Չեմ կարող ասել: Բոլոր դեպքերում ես կարող եմ ասել այն, ինչին մասնակցել եմ և ինչ տեսել եմ: Ես նորից եմ ասում՝ գնահատումը ենթադրում է որոշակի սուբյեկտիվ գործոն: Ընթացակարգ և գնահատում: Մենք այս պահին խոսում ենք ընթացակարգի մասին: Ընթացակարգը կարող է իդեալական անցնել, բայց խոսում ենք գնահատման մասին, որտեղ կա սուբյեկտիվ վերաբերմունք:

– Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը «շատ յուրօրինակ իրավիճակ» էր բնութագրել այն, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչն է: Ձեր կարծիքով՝ այս երկու պաշտոնները որքանո՞վ են համատեղելի:

– Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, որովհետև փորձագետի մակարդակով այդ հարցը չեմ ուսումնասիրել: Նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գլխավոր դատախազն, իհարկե, իր կարգավիճակով կառավարության հետ առնչություն չունի, որովհետև գիտեք՝ գլխավոր դատախազին ընտրում է Ազգային ժողովը: Բայց թե որքանո՞վ են համատեղելի այդ պաշտոնները, երևի թե առավել լավ գնահատական կտան հենց Եվրոպայում: Իրենք պետք է ասեն, իրենց համար ընդունելի՞ է, որ երկիրը ներկայացնում է այս պաշտոնատար անձը, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս