ԵԿԵ՛Ք ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՔՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։
Հայոց բանակի օրվա առթիվ Մարինե Պետրոսյանն ասում է՝ մեր բանակը եղել է հաղթական, եղե՛լ է հաղթանակը, իսկ Նիկոլ Փաշինյանը «թքում» է այդ հաղթանակի վրա։
Նա ամենամեծ սուտն է համարում Փաշինյանի այն պնդումը, թե իբր Արցախը կորցնելով՝ Հայաստանի Հանրապետությունն ամրապնդել է իր ինքնիշխանությունը։ Ժամանակակից գրողի համոզմամբ՝ Հայոց ինքնիշխանությանը հասցված ամենամեծ հարվածն Արցախյան շարժումը «սխալ» համարելն է։

«Նիկոլ Փաշինյանը հենց դա է ասում։ Ասում է՝ «սխալ է, մենք չպիտի պահանջեինք Արցախը, հիմա կմոռանանք Արցախը, կլինի խաղաղություն»։ Չի՛ լինի խաղաղություն այդպես, որովհետև եթե մենք ոչ մի բան ենք, եթե մենք ուրանում ենք մեր հաղթանակը, ուրեմն մենք ոչ մի բան ենք։ Իսկ եթե մենք ոչ մի բան ենք, ապա մենք այս փոփոխվող աշխարհում ոչ մի բանի էլ չենք կարողանա երբևէ հասնել»,- կարծում է Մարինե Պետրոսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին՝ Մարինե Պետրոսյանն ասաց՝ ամեն դեպքում Փաշինյանը չի հաղթել Եկեղեցուն, սակայն վտանգավոր քայլեր է անում։
Նրա խոսքով՝ սխալ է, թե մենք թույլ ենք, և Նիկոլն էլ չլինի, մենք ոչինչ չենք կարող։
«Մենք ունենք ռեսուրս՝ աշխարհասփյուռ հայությունը։ Եթե ունենանք ղեկավար, որը կկարևորի մեր ինքնիշխանությունը, սփյուռքը հսկայական ուժ կդառնա»,- նշեց բանաստեղծը։
Մարինե Պետրոսյանը մեծ կարևություն է տալիս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ եթե ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մեծ մասը գնա ընտրության, մեծ են շանսերը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կպարտվի ընտրություններում։
«Եթե 2026-ին էլ Նիկոլ Փաշինյանն անցնի, դա իսկապես ամոթ կլինի մեր ազգի համար։ Ես հույս ունեմ, որ դեռ մինչև ընտրությունները մթնոլորտը կփոխվի, և եթե դա կատարվի, չեմ ուզում ասել, թե վստահ եմ, որ Փաշինյանը կպարտվի, իմ կարծիքով՝ շանսը 50/50 է, բայց նույնիսկ, եթե ընտրություններով, Աստված մի արասցե, չհաջողվի իրավիճակ փոխել, մթնոլորտի փոխվելու պարագայում շարունակություն կունենա»,- ընդգծում է Մարինե Պետրոսյանը։
Ըստ նրա՝ մարդիկ ոչ թե չեն գիտակցում, որ առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել, այլ չեն գիտակցում, որ ընտրությունը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին, այլ վերաբերում է մեր արժանապատվությանը։

«Դրսից մեդալներ են տալիս Նիկոլ Փաշինյանին, բայց մենք մեր ազգի արժանապատվությունը տրորողին մեդալ չենք տալիս։ Նիկոլ Փաշինյանը մեր ամբողջ ազգի արժանապատվությունն է ոտքի տակ դրել։ Հույս ունեմ, որ չի հաջողվի իրեն, և մենք դուրս կգանք այդ ամոթի տակից, բայց դրա հետ կապված՝ նաև կարևոր է ընդհանուր մթնոլորտը, որը, հույս ունեմ՝ կստեղծվի նաև մեր խոսքով, և ես ուզում եմ բոլորին կոչ անել՝ եկե՛ք ոտքի կանգնենք, եկե՛ք այս անարժանապատիվ վիճակից դուրս գանք։ Այս տարի մենք ունենք այդ շանսը», – հավելեց Մարինե Պետրոսյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
