Թուրքիայում 5 մլն թոշակառու կդատապարտվի չքավորության

Թուրքիայի հասարակության շրջանում շարունակում է օրակարգային հարց մնալ կենսաթոշակառուների ֆինանսական ոչ պատշաճ ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդգծվում է, որ չնայած ընդդիմության արձագանքներին Թուրքիայի նախագահականը շարունակում է աչքաթող անել երկրի կենսաթոշակառուների շուրջ տիրող իրավիճակը և կենցաղային ծառայությունների/ապրանքների թանկացման ֆոնին միլիոնավոր թոշակառուներ դատապարտվում են չքավորության:

Ներկայումս Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը կազմում է ամսական 16.881 լիրա (390 դոլար): Նշվում է, որ միայն ամսական վարձավճարները թոշակառուների համար կազմում է 25.000 լիրա (578 դոլար) և վերջիններս, ունենալով ավելի ցածր ամսական կենսաթոշակ, փորձում են ծայրը ծայրին հասցնել:

Այս պայմաններում քննադատվում է նաև կենսաթոշակների բարձրացման այն նախագիծը, որի համաձայն հունվարից սկսած ամենացածր կենսաթոշակը պետք է կազմի 20.000 լիրա (462 դոլար): Ըընդգծվում է, որ դրանով մինիմալ և միջին (28.000 լիրա) կենսաթոշակ ստացողների թիվը հասնելու է շուրջ 5 միլիոնի: Ստացվում է, որ պետության կողմից տրամադրվող նման ֆինանսական միջոցների պարագայում 5 մլն կենսաթոշակառու չի հատելու երկրում ձևավորված սովի շեմը, որը կազմում է ամսական միջինում ավելի քան 30.000 լիրա (693 դոլար):

Նշենք, որ Թուրքիայում 4 անձից բաղկացած ընտանիքի առողջական կարիքները հոգալու համար, ըստ հարկի ու անհրաժեշտության, նախատեսված ծախսերի չափը համարվում է սովի շեմ։

Տեսանյութեր

Լրահոս