Ընդամենը երկու օր վարսակի շիլա ուտելով՝ կարող եք կտրուկ նվազեցնել «վատ» խոլեստերինը
Հետազոտությունը հուշում է, որ ընդամենը երկու օր միայն վարսակի շիլայով (հերկուլես) սնվելը կարող է օրգանիզմում զգալիորեն նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և շաբաթներ շարունակ պաշտպանել սիրտը: dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ Բոննի համալսարանի փորձագետները պարզել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ վնասակար LDL (ցածր խտության լիպոպրոտեին) խոլեստերինի մակարդակը նվազել է 10 տոկոսով՝ երկու օր բացառապես վարսակի շիլայից բաղկացած ցածր կալորիականությամբ սննդակարգին հետևելուց հետո:
Վարսակը պարունակում է բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելերի մի տեսակ, որը հայտնի է խոլեստերինը նվազեցնելու իր հատկությամբ: Այն աղիքներում վերածվում է գելանման նյութի, որն օգնում կանխել խոլեստերինի ներծծումը արյան մեջ:
Մինչ այժմ առողջապահական ուղեցույցները վկայում էին, որ մեծահասակներին անհրաժեշտ է օրական մոտ 3 գ բետա-գլյուկան (օրը մոտավորապես մեկ աման վարսակի շիլա), որպեսզի ժամանակի ընթացքում խոլեստերինը նվազի 5-10 տոկոսով: Սակայն նոր բացահայտումները ցույց են տալիս, որ կարճատև, ինտենսիվ վարսակային սննդակարգը կարող է նմանատիպ արդյունք տալ ընդամենը մի քանի օրում, որի ազդեցությունը պահպանվել է նույնիսկ 6 շաբաթ անց:
Nature ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 32 մարդ։ Նրանք երկու օր շարունակ բացառապես վարսակի շիլա են կերել՝ 3 անգամ 100 գրամ չափաբաժիններով: Թույլատրվել է շիլային ավելացնել մի փոքր միրգ կամ բանջարեղեն, սակայն նրանց կալորիականությունը սահմանափակվել է սովորականի կեսի չափով:
Արձանագրվել են հետևյալ արդյունքները՝
- LDL խոլեստերին. Նվազել է 10%-ով (ինչը զգալի ցուցանիշ է):
- Քաշ. Մասնակիցները միջինում կորցրել են 2 կգ։
- Արյան ճնշում. Նկատվել է թեթևակի անկում։
«Պարբերական միջակայքերով կարճատև վարսակային սննդակարգը կարող է արդյունավետ միջոց լինել՝ խոլեստերինի մակարդակը նորմայի սահմաններում պահելու և դիաբետը կանխելու համար»,- եզրակացրել են հետազոտողները:
Հետազոտողները նաև պարզել են, որ վարսակի շիլա ուտելը նաև ավելացրել է աղիքների օգտակար բակտերիաների քանակը, ներառյալ ֆերուլաթթուն: Ապացուցված է, որ վերջինս նվազեցնում է խոլեստերինի մակարդակը՝ ընկճելով այն ֆերմենտը, որը գործում է որպես խոլեստերինի արտադրության «փոխանջատիչ» (switch):
Երբ այս ֆերմենտի ակտիվությունը նվազում է, լյարդն ավելի քիչ խոլեստերին է արտադրում, ինչը նվազեցնում է ճարպային կուտակումները և պաշտպանում սիրտը:
Ի դեպ, ուշագրավ է, որ երկու օրից ավելի այս «դիետան» պահելու դեպքում խոլեստերինի մակարդակն այլևս չի նվազում, ինչը նշանակում է, որ կարճատև, բայց խիստ վարսակային սննդակարգն ավելի արդյունավետ է «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար:
«Վարսակի հատկապես կարճատև օգտագործումը նյութափոխանակության վրա զգալի ազդեցություն է ունենում»,- եզրակացրել է գիտնականների խումբը։
