Ջեյ Դի Վենսի այցը Երևան ու Բաքու՝ Հարավային Կովկասում ԱՄՆ նոր ներկայության մեկնարկի ազդանշան

Փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս։ Օրերս Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին»,- գրել էր ԱՄՆ նախագահը:

Թրամփն այս մասին գրել էր օրերս Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում իր նախաձեռնած «Խաղաղության խորհուրդ» (Board of Peace) միջազգային կազմակերպության հիմնադրումից հետո: Ինչպես հայտնի է, Թրամփի այս նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը՝ մի շարք այլ երկրների հետ միասին։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջեյ Դի Վենսի այցն արտացոլում է Վաշինգտոնի կողմից Հարավային Կովկասի նկատմամբ մոտեցման, հավակնությունների որակական փոփոխությունը և ԱՄՆ-ի «վերադարձը» տարածաշրջան՝ ավելի հաշվարկված դերակատարությամբ։

Կարդացեք նաև

Նրա գնահատմամբ, միջազգային համակարգի խորքային վերաձևավորման փուլում Հարավային Կովկասը դառնում է ոչ թե երկրորդական ուղղություն, այլ ռազմավարական հանգույց՝ գտնվելով երեք առանցքային ուժերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի խաչմերուկում։

«Սակայն երկար ժամանակ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում սահմանափակվել է որոշ փոքր նախագծերով և ԵԱՀԿ ՄԽ շրջանակում դիվանագիտական միջնորդությամբ՝ ճանաչելով ՌԴ դերակատարությունը։ Բայց այսօր Վաշինգտոնի օրակարգը փոխվել է, թեև, այս ամենին զուգահեռ՝ Վաշինգտոնն ընդունում է, որ Ռուսաստանն ունի ազդեցություն ռեգիոնում։ Վենսի այցն ամերիկյան նոր հաշվարկների, նոր պրոյեկտների ու ներկայության արտահայտությունն է։

ԱՄՆ-ը դիրքավորվում է՝ որպես ազդեցիկ ուժ ու դերակատար Հարավային Կովկասում։ Սակայն գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես է ԱՄՆ-ի այս դիրքավորումը համադրվելու Իրանի, Ռուսաստանի ազդեցությանն ու շահերին»,- ասաց Սիմոնովը։

Ըստ նրա, Հայաստանի համար սա և հնարավորություն է, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ նոր ռիսկերի վտանգ։

«Թե ստեղծվող իրավիճակն ինչպիսի արդյունքների կվերածվի՝ կախված է ռեգիոնում հենց Երևանի ու Բաքվի քաղաքականությունից, նրանից, թե ինչպիսին կլինի դիվանագիտությունը և որքանով հեռատես քաղաքականություն կորդեգրվի։ Հետագա զարգացումները կախված են նաև այն հանգամանքից, թե արդյո՞ք կհաջողվի ռեգիոնը դիրքավորել բազմաբևեռ աշխարհի տրամաբանության մեջ՝ առանց աշխարհաքաղաքական խիստ մրցակցության ու դրանից բխող վտանգների, թե՞ այդ մրցակցությունն էլ ավելի կխորանա՝ ապակայունացնելով ռեգիոնալ իրավիճակը։ Սրանք դեռ անորոշ հարցեր են։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը Հարավային Կովկասում խիստ մրցակցության մեջ չէ, քանի որ ՌԴ-ի առաջնահերթ օրակարգը շարունակում է մնալ իրավիճակն Ուկրաինայի շուրջ»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Սակայն, նրա խոսքով, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը որքան հնարավոր է՝ բոլոր ուղղություններով պահպանում է ստատուս-քվոն, խուսափելով դիվանագիտական «ցնցումներից»։

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով օրերս Դավոսում հանդիպեց Իլհամ Ալիևին, երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

«Նախագահները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի «Խաղաղության խորհրդի» աշխատանքը, առևտրային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»,- ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս