Բաժիններ՝

Քամիները ուժգնանում են, մառախուղները՝ թանձրանում

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս մի զեկույց է հրապարակել, որը կոչվում է «Հայաստանի բնապապանական վիճակագրությունը 2013 թվականին և ցուցանիշների 2008-2013թթ. առաջընթացը»։
Զեկույցը տվյալներ է ներկայացնում հիդրոօդերևութաբանական վիճակի, ընդերքի օգտագործման, շրջակա միջավայրի մասին և այլն։
Առավել ուշագրավ է անբարենպաստ օդերևութաբանական երևույթների վիճակագրությունը։

Այսպես, ըստ զեկույցի՝ վերջին 4 տարիների ընթացքում հաճախակի են դարձել ուժեղ քամիները։ Այսպես, եթե 2010թ. արձանագրվել է 15մ/վ-ից մինչև 25 մ/վ արագությամբ քամիների 132 դեպք, ապա 2011-ին այդ ցուցանիշը դարձել է 216, 2012 թվականին՝ 238, իսկ 2013 թվականին հասել 361-ի։
Հաճախակի են դարձել նաև թանձր մառախուղները։ 2010 թվականին արձանագրվել է մինչև 300մ տեսանելիության 48 մառախուղ։ 2011 թվականին թիվը դարձել է 114, 2012-ին՝ 106, իսկ 2013 թվականն այդ առումով ռեկորդային է եղել՝ 218։

Կարկուտները նվազել են. 2012 թվականին 44 կարկտահարության դիմաց 2013-ին արձանագրվել է 10 կարկուտ։

Հաճախակի են դարձել նաև հորդառատ անձրևները (20մմ տեղումներ՝ 12 ժամվա ընթացքում)։ 2013 թվականին գրանցվել է 46 հորդառատ անձրև։ Մինչդեռ 2012-ին ցուցանիշը կազմել է 17, իսկ 2010 և 2011թթ. այդպիսի տեղումներ ընդհանրապես չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին գրանցվել է 638 միավոր անբարենպաստ երևույթ (2012-ին՝ 412 միավոր, 2011-ին՝ 356 միավոր)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս