60-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչո՞ւ է բենզինով այրել նախկին կնոջն ու նրա ամուսնուն
60-ամյա տղամարդն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել սպանության, սպանության փորձի, ինչպես նաև սպանության սպառնալիքներ տալու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված է համարել, որ տան սեփականության հետ կապված՝ ամբաստանյալը լարված փոխհարաբերությունների մեջ է գտնվել նախկին կնոջ և նրա ամուսնու հետ: Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը պարբերաբար հայտնել է, որ իրեն վտարելու դեպքում վրեժխնդիր կլինի, նախկին կնոջ ամուսնու հասցեին տվել է սպանության և առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ` սպառնալով հրկիզել նրան:
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ ապացուցված է համարել, որ սեփականության իրավունքից իրեն զրկելու, իրեն և իր ընտանիքի անդամներին վտարելու հարցի շուրջ իր նախկին կնոջից և նրա ամուսնուց վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ ամբաստանյալը որոշել է հրկիզելու եղանակով սպանել նրանց, միաժամանակ հրկիզել նաև նրանց բնակության վայր հանդիսացող վագոն-տնակը։ Ըստ դատարանի՝ երկու անձանց առանձին դաժանությամբ` այրելու եղանակով սպանելու դիտավորությամբ՝ ամբաստանյալը քաղաքից գնել է 3 լիտր բենզին, վերցնելով բենզինով լցված տարաները, գնացել է այն վագոն-տնակի մոտ, որտեղ ապրել են ամուսինները։
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը, բենզին լցնելով տնակի պատուհանների վրա, իր հետ այդ նպատակով նախապես վերցրած լուցկիով հրկիզել է այն։ Այդ ժամանակ ամուսինները տնակում քնած են եղել, բռնկված կրակից ամբաստանյալի նախկին կինն արթնացել է, բացել տնակի դուռը։ Ըստ դատարանի՝ ամբաստանյալը բենզին է լցրել նախկին կնոջ վրա, որից հետո վերջինս փակել է դուռը։ Այնուհետև կինը կրկին բացել է տնակի մուտքի դուռը, որից հետո ամբաստանյալը կրկին բենզին է լցրել նրա վրա և այրել նրան, իսկ ամուսինն օգնության է հասել վերջինիս։ Ըստ դատարանի՝ ամբաստանյալը բենզին է լցրել նաև նախկին կնոջ ամուսնու վրա, ինչի արդյունքում բռնկված կրակից ինքը ևս այրվել է, որից հետո հեռացել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` վագոն-տնակում գտնվող ամուսինների դուստրն օգնություն է ցույց տվել ծնողներին` զանգահարել է շտապօգնության կայան, և նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոցում մահացել է:
Դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունքներ է տվել, որ ամուսնալուծվել է կնոջից, որից հետո թե՛ ինքը, թե՛ կինն ամուսնացել են։ Նախկին կինն իրեն անհայտ ճանապարհով բնակարանի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Նշված բնակարանում նախկինում բնակվել են իր հանգուցյալ ծնողները։ Բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու նպատակով դիմել է դատարան, կինն իր հերթին՝ ևս դիմել է դատարան, ինչի պատճառով իրենց փոխհարաբերությունները սրվել են։ Կինը նշված բնակարանը վաճառել է ամուսնուն, դրանից հետո վերջինս դիմել է դատարան` իրեն և իր ընտանիքին վտարելու պահանջով:
Ըստ դատարանի՝ ամբաստանյալն ասել է, որ ինքը բազմիցս զգուշացրել է ամուսիններին, որ իրեն բնակարանից վտարելու դեպքում կվնասի նրանց, վերջիններիս առաջարկել է հաշտություն կնքել, սակայն ապարդյուն։ Իմանալով նրանց բնակության վայրը՝ որոշել է բենզին լցնել նրանց վրա, այրել նրանց և վագոն-տնակը` սպանելով նրանց։Այդ նպատակով գնել է 3 լիտր բենզին, բենզինը լցնելով վագոն-տնակի պատուհաններին` այրել է, որպեսզի բռնկված կրակից ամուսինները դուրս գան, իսկ ինքը մնացած բենզինը լցնի նրանց վրա։ Քիչ անց նախկին կինը բացել է տնակի դուռը, որից հետո ինքը 2 տարա բենզին լցրել է նրա վրա։ Կինը կրկին փակել է դուռը, որից հետո ինքը 1 տարա բենզին լցնելով տնակի վրա` դռան հատվածում, բորբոքել է կրակը, ինչից հետո կինը կրկին բացել է տնակի դուռը։ Այդ ժամանակ ևս մեկ տարա բենզին է լցրել նրա վրա, ինչի արդյունքում վերջինս սկսել է այրվել ու օգնություն կանչել։ Համոզվելով, որ այրել է վագոն-տնակը և այնտեղ գտնվող ամուսիններին՝ հեռացել է և իր բջջային հեռախոսով զանգահարել Ոստիկանություն` հայտնելով իր կատարած հանցանքի մասին և իր գտնվելու վայրը: Կատարածի համար չի զղջացել` ամուսինները երկար տարիներ «վառել են» իրեն, ինքն էլ «վառել է» նրանց:
Դատարանը նշել է. որ քրեական գործի դատական քննությամբ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, դատարանին հայտնել, որ ինքը նախաքննությամբ ցուցմունք է տվել, բայց ոչ լիարժեք, ինչ-որ գաղտնի բաներ կան, քննիչը ոչ լիարժեք քննություն է կատարել, միակողմանի, չի խորացել խնդրի էության մեջ` այն, ինչ կատարվել է իր հետ։ Ինքը հրեշավոր գործ է կատարել, այո, վրեժխնդիր է եղել, իրեն հասցրել են դրան, մեղավոր է ճանաչում` մասնակի, կյանք է խլել` ոչ մարդու կյանք, կինն իր հրեշությամբ՝ իրեն հրեշ է դարձրել, սարքել է գազան, զրկել է արժանապատվությունից, իրավունքներից, բնակարանից, երեխաներից, թոռներից։ Վերադարձ չկա։ Դատարանից խնդրել է հաշվի առնել իր տարիքը, այնպիսի վճիռ կիրառել, որպեսզի կարողանա դուրս գալ, պիտանի լինել երեխային, ընտանիքին։ Նախկին կինը հայտնվեց հողի տակ, խնդրում է իր արարքը չորակել չար հրեշագործություն, արարքը կատարել է ինքնակառավարումից դուրս, նա իրեն դրդել է և ստիպել դա անել, խնդրում է մեղմ վարվել։ Սպանության սպառնալիքի մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը չի սպառնացել, դա զրպարտություն է` շանտաժ: Իր նպատակը եղել է միայն նախկին կնոջը վերացնելը:
Նախաքննության ընթացքում տուժող կնոջ ամուսինը հայտնել է, որ դեպքի օրը քնած է եղել, երբ արթնացել է կնոջ ձայնից, նկատել է, որ տնակի պատուհաններն այրվում են։ Անմիջապես գնացել է կնոջ մոտ, ով գտնվել է տնակի մուտքի դռան հատվածում, որտեղ գտնվելու ժամանակ նկատել է ամբաստանյալին, ով դռան արանքից բենզին է լցրել կնոջ վրա, ինչի արդյունքում վերջինս սկսել է այրվել։ Այդ ժամանակ բենզին է լցվել նաև իր վրա, և ինքը ևս սկսել է այրվել։ Կնոջը մի կողմ է հրել և գցել հատակին, իսկ տնակում գտնվող և իրենց ձայներից արթնացած` վերջինիս դուստրը սկսել է մարել մոր վրա բռնկված կրակը։ Ինքը սկսել է մարել իր վրա բռնկված կրակը, որից հետո դուրս գալով տնակից՝ նկատել է հեռացող ամբաստանյալին։ Այնուհետև մարել են նաև վագոն-տնակում բռնկված կրակը, որից հետո կնոջ դուստրը զանգահարել է շտապօգնություն, և իրենց տեղափոխել են հիվանդանոց։