«Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր անկախության գաղափարին»

Անկախությունը կորցնելու մասին խոսակցությունները ոչ այնքան ինքնուրույն և նախկինում անկախությունը կորցրած ու կրկին վերանվաճած Հայաստանում գրեթե երբեք չեն դադարում: Հայաստանն իսկապե՞ս զիջում է իր անկախությունը` միանալով Եվրասիական միությանը, թե՞ գնահատականները «փոքր-ինչ չափազանցված են»: Հավերժական հարցեր` անկախությունն ու ազտությո՞ւնն են առաջնային ժողովրդի համար, թե՞ նյութական բարեկեցությունը, պարզապես գոյատևելը: Որքանո՞վ ենք մենք կարևորում անկախության գաղափարը: Այն պետք է ապրի ամեն մի քաղաքացո՞ւ մեջ, թե՞ դրա մասին պետք է մտածի գլխավորապես ժողովրդի և պետության վերնախավը: Եվ ամենակարևորը` արդյո՞ք այդ վերնախավն իրականացնում է իր այդ գործառույթը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի հետ:

– Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ Ձեզ` այս անդամակցությունը սահմանափակո՞ւմ է Հայաստանի ինքնիշխանությունը:

– Հայաստանի անկախանալուց հետո՝ 1991 թվականից, բազմաթիվ քննարկումներ են եղել, և տարբեր ժամանակներում շատ գործիչներ քննադատել են Հայաստանի իշխանություններին` տարբեր ձևերով Հայաստանի ինքնիշխանությունն այս կամ այն երկրին զիջելու համար: Դա վերաբերել է, օրինակ, տնտեսական հարցերին, երբ վաճառվել են տարբեր կարևոր ռազմավարական օբյեկտներ` և այլն, և այլն: Այս ամենի մեջ ինչ-որ իմաստով ճշմարտություն կա, բայց այստեղ կա նաև երկրորդ ճշմարտությունը, որ աշխարհում լրիվ ինքնիշխան պետություններ չկան, բոլորն իրար հետ կապված են: Համենայն դեպս, դե յուրե Հայաստանը դեռ ինքնիշխանությունը չէր կորցրել:

Այս պայմանագրով Հայաստանը, փաստորեն, դե յուրե զիջում է իր ինքնիշխանությունը: Սա արդեն հստակ պայմանագիր է, որոշումները կայացնելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որտեղ Հայաստանն ընդամենը մեկ ձայն ունի: Դնենք մի կողմ, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու այդ մեկ ձայնը: Ամեն դեպքում, այնտեղ որոշումները մեծամասնությամբ են կայացվելու: Ինչո՞ւ եմ ասում, որ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը դե յուրե, որովհետև այս պայմանագիրը նաև Սահմանադրությանն է հակասում, քանի որ, եթե չեմ սխալվում, ըստ Սահմանադրության առաջին հոդվածի, Հայաստանը ինքնիշխան պետություն է:

Կարդացեք նաև

Եթե նույնիսկ ընդունենք, որ դա հստակ տնտեսական միություն է, ամեն դեպքում տնտեսական իմաստով էլ է սա զիջում. տնտեսական քաղաքականությունն էլ է ինքնիշխան քաղաքականություն: Դու նույնիսկ տնտեսական քաղաքականություն վարելու իրավունքն ես զիջում ավելի մեծ տնտեսական մարմնի, որտեղ դու արդեն որոշում կայացնող չես: Սա հստակ հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Ես գիտեմ, թե ինչ կարող են միանգամից ասել ընդդիմախոսները, որ Եվրամիության (ԵՄ) անդամ պետություններն էլ են զիջել, բայց, ի դեպ, ասեմ, որ ԵՄ անդամ շատ երկրներ, որ իսկապես զիջել են իրենց քաղաքականության տնտեսական մասը, դա արել են իրենց սահմանադրությունների փոփոխությամբ` հանրաքվեով կամ կոնսենսուսով:

Ես չեմ ուզում համեմատություններ անել ԵՄ-ի և ԵՏՄ-ի հնարավոր կայացման միջև, որովհետև իսկապես տարբերությունները շատ մեծ են լինելու: ԵՄ-ին անդամակցում են հստակ կամավոր սկզբունքով, Եվրամիության յուրաքանչյուր երկիր ունի իր ինքնուրույնությունը մշակութային, լեզվական և այլ հարցերում, իսկ այստեղ մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ռուսական կայսրություն, որի մեջ եղել է Հայաստանը ցարական Ռուսաստանի ընթացքում, խորհրդային տարիներին:

Դա Ռուսական կայսրություն է` տարբեր անուններով, և այն, որ ԵՏՄ-ն համենայն դեպս փորձ է Ռուսական կայսրությունն ինչ-որ նոր ձևով վերականգնելու, կարծում եմ, բոլորն էլ համոզված են իրենց մտքում, բայց բարձրաձայն չեն ասում: Եվ սա լինելու է ոչ թե տնտեսական միություն, ինչպես հայտարարվում է, այլ լինելու է քաղաքական միություն` իր հետագա բոլոր հետևանքներով:

Եվ սա ցույց է տալիս, որ Հայաստանում լուրջ դիմադրություն չկա` անկախության կորստի հետ կապված: Այդ ինքնիշխանության կորուստը գնալով ավելի խորանալու է, և եթե այդ միությունն իսկապես կայանա, մենք դառնալու ենք Ռուսական կայսրության ծայրամասային մի գավառը, ինչպես եղել է դարերի ընթացքում: Այս տեսակետից ուզում եմ նաև մի քիչ էմոցիոնալ խոսել: Անկեղծ ասած` ես միայն մղձավանջում կարող էի պատկերացնել, որ մենք այդպիսի դժվարությամբ ձեռք բերված անկախությունը կարող ենք զիջել այսպես հանգիստ, առանց որևէ լուրջ դիմադրության:

Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ Հանրապետական կուսակցությունը, որի հիմնադիրը երկար ժամանակ բանտերում է նստել անկախության համար, այսօր այդքան հանգիստ զիջում է անկախությունը, և նրան դիմադրող ուժ, ցավոք սրտի, չունենք: Ընդդիմությունը, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում` ոչ-իշխանական Եռյակը կամ Քառյակը, ոչ միայն դրան չի դիմադրում, այլ, կարծես, մրցակցության մեջ է մտել իշխանության հետ, թե ով ավելի լավ կարող է ծառայել Ռուսական կայսրությանը: Սա ես համարում եմ նորօրյա Հայաստանի ողբերգությունը: Եվ այս ողբերգությունը, իմ կարծիքով, ավելի հին արմատներ ունի այն իմաստով, որ խորհրդային տարիներին էլ Հայաստանում անկախության կողմնակիցների թիվը շատ քիչ է եղել: Պատահական չէր Հայաստանում համատարած ռուսականացումը: Կարծում եմ` եթե ԽՍՀՄ-ի կյանքն ավելի երկարեր, նույնիսկ այս 20 տարվա ընթացքում հայերեն խոսողների թիվը շատ չնչին տոկոս կկազմեր: ԵՏՄ-ին անդամակցելը հասկանալի է դարձնում, թե ինչպես ենք ժամանակին կորցրել մեր պետականությունը` Անին կամավոր հանձնելով Բյուզանդիային և 1920 թ. անկախ Հայաստանը հանձնելով Ռուսաստանին:

– Անկախության հռչակումից 23 տարի անց Հայաստանի առաջին նախագահը սկսեց խոսել նույն բառապաշարով, ինչ ժամանակին ԽՍՀՄ ղեկավարությունը, որի դեմ պայքարը գլխավորողներից մեկը հենց ինքն էր: Եթե Տեր-Պետրոսյանը «մարդկանց միտք պղտորողներ» ու «ջղաձգվողներ» անվանեց այն քաղաքացիներին, ովքեր, համենայն դեպս, համարում են, որ պայքարում են Հայաստանի անկախության համար` դեմ լինելով Եվրասիական միությանը, ապա Գորբաչովը ժամանակին «էքստրեմիստներ» և «անջատողականներ» է անվանել Արցախյան շարժման մասնակիցներին: «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային դեմքերից մի քանիսն այսօր որևէ խոսք չեն ասում Հայաստանի շարունակվող գաղութացման դեմ: Ինչո՞վ եք բացատրում այս ֆենոմենը:

– Բավական հետաքրքիր համեմատություններ արեցիք այն ժամանակվա և այսօրվա միջև: Նախ` ասեմ, որ Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե անկախության շարժում չէր, և «Ղարաբաղ» կոմիտեն` արդեն իր ընդլայնված կազմով (11 հայտարարված անդամներ և 5 գաղտնի անդամներ) 1988 թվականից, ժամանակ առ ժամանակ…

– Որի մեջ նաև Դուք եք եղել:

– Այո՛: Ժամանակ առ ժամանակ, բացի հընթացս կատարվող գործողություններին արձագանքելուց, քննարկվում էր նաև անկախության խնդիրը: Եվ ես պետք է ասեմ, որ «Ղարաբաղ» կոմիտեից անկախության կողմնակից էին շատ քիչ մարդիկ: Ես կարող եմ նրանց անունները տալ. անկախության կողմնակիցներ էին Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, Սամվել Գևորգյանը, ես` Ավետիք Իշխանյանս, Ալբերտ Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը: Եվ սրանով կարելի է սահմանափակել անկախության կողմնակիցների թիվը:

Եվ պատահական չէր, որ «Ղարաբաղ» կոմիտեն իր մեծամասնությամբ դեմ էր 1988 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության օրը նշելուն: Եվ երբ Մովսես Գորգիսյանն իր համախոհներով կազմակերպեց անկախության նշումն Ազատության հրապարակում, և առաջին անգամ բարձրացվեց եռագույն դրոշը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից երևի միայն ես էի այնտեղ ներկա: Թող ներեն ինձ ուրիշները, եթե ներկա են եղել, բայց ես չեմ հիշում: Հետագա զարգացումները բերեցին նրան, որ 1988 թ. հետո, երբ իրավիճակը բավական փոխվեց, և անկախության գաղափարն ավելի շատ էր արդեն մտել հասարակության մեջ, եռագույն դրոշն արդեն դարձել էր խորհրդանիշ, Հայոց Համազգային Շարժման առաջին համագումարին նախապատրաստվելիս և ծրագիրը գրելիս` «Ղարաբաղ» կոմիտեի մեջ անընդհատ վեճեր էին գնում` անկախության հարցը գրվի՞ Հայոց համազգային շարժման ծրագրի մեջ, թե՞ ոչ:

Ես շատ լավ հիշում եմ այդ վեճերը, որոնք ընթանում էին համարյա ամեն օր: Հիմա ցավով եմ այդ ամենն ասում, որովհետև գուցե այն ժամանակ ես ինքս էլ էի բավական արմատական, և հաճախ անկախության հակառակորդներին քվեարկությունների ժամանակ ստիպում էինք կողմ լինել: Եվ շատերը, որոնց համար անկախությունն առանձնապես մեծ նշանակություն չուներ, հենց այնպես համաձայնում էին: Ի վերջո, մոտավորապես 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդեն պետք է լիներ, այդ տողը դեռևս մնացել էր բաց, որովհետև երկու հոգի կտրականապես մերժում էին անկախության գաղափարը, մեկը Սամսոն Ղազարյանն էր, մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ի վերջո եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջերին, այդ երկուսն էլ մի կերպ համոզվեցին, որ անկախության գաղափարը մտնի: Այսինքն` դա իրենց համար էություն չէր: Ըստ իս` դրա պատճառը շատ ավելի խորն է, որովհետև հայ ժողովրդի մեջ դարերով մտել է այն մտայնությունը, որ` «դու ինքնուրույն չես կարող ապրել, դու պետք է ունենաս հովանավոր»: Եվ ես չեմ մեղադրում «Ղարաբաղ» կոմիտեի այդ անդամներին. նրանք այդ հասարակության մի մասն էին, ում համար կարևոր էր Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղը միացնել Հայաստանին, բայց անկախության մասին նրանք չէին մտածում:

Նրանք, ի վերջո, համաձայնեցին անկախության գաղափարին`գուցե նաև տեսնելով համաշխարհային գործընթացները, որոնք բերում են ԽՍՀՄ-ի փլուզմանը, և մտածեցին` դեմ չլինեն անկախության գաղափարին, քանի որ անկախությունն անխուսափելի է, և գուցե անկախության գաղափարով գան իշխանության: Երբ նայում եմ այսօրվա աչքով, հասկանում եմ, որ իրոք այդպես էր:

«Ղարաբաղ» կոմիտեում մենք ցանկանում էինք, որ այդ անկախության գաղափարը կոնսենսուսով լիներ, այսինքն` որևէ մեկը դեմ չլիներ: Բայց հիմա հասկանում եմ, որ դա սխալ էր, որովհետև թող հստակ լիներ, թե ովքեր են դեմ անկախությանը և ովքեր են կողմ: Դա շատ ավելի ճիշտ կլիներ: Ես նույնիսկ հիշում եմ, որ բանավեճերից մեկի ժամանակ, անունները չեմ ուզում տալ, անկախության դեմ արտահայտվողներից մեկն ասաց` «ես վախենամ` առանց քննարկելու դուք զոռով դնեք անկախության հարցը», և անկախության կողմնակիցներից մեկը նրան կոպտեց` «եթե վախենում ես, գնա վախդ չափել տուր»: Փաստորեն, եթե մարդու մեջ անկախության, ինքնուրույնության ձողը չկա, և նա հենց այնպես է դրան համաձայնում, ապա նա շատ արագ կարող է հետ գալ իր նախկինին, որովհետև անկախությունն իր համար համոզմունք չի եղել: Այդ համատեքստում եմ ես դիտում Լևոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքը:

– Բայց չէ՞ որ նա միշտ արժևորել է անկախությունը, խոսել է «1920 թվականի» վտանգի, այսինքն` հերթական գաղութացումից խուսափելու մասին:

– Կարծում եմ` դա իրավիճակին հարմարվելու քաղաքական գործչի տեսակետ է: Երբ Ռուսաստանը թուլացած էր, և պետք էր Արևմուտքի օգնությամբ իշխանության հասնել կամ իշխանություն պահել, ապա անհրաժեշտ էին այդպիսի մոտեցումներ, իսկ երբ նա տեսնում է Ռուսական կայսրության հզորացումը և նրա նվաճողական նկրտումներն այս տարածաշրջանում, այդ դեպքում պետք է հարմարվել այդ վիճակին: Այսինքն` Հայաստանում գաղափարական պայքար չկա, պայքարը միայն իշխանության հասնելու համար է, անկախ նրանից` այդ իշխանությունը կլինի անկախ Հայաստանո՞ւմ` թե՞ Հայաստան կոչվող ադմինիստրատիվ տարածքում` ինչպես խորհրդային Հայաստանն էր:

Իրենց նպատակն իշխանության գալն է և կոռուպցիոն լծակներին տիրապետելը: Սա վերաբերում է ոչ միայն Տեր-Պետրոսյանին, այլև քաղաքական դաշտի գրեթե բոլոր գործիչներին: Հայաստանում ոչ միայն չկան լիբերալ, սոցիալիստական, ազգայնական և այլ գաղափարախոսությունները կրող իրական կուսակցությունները, այլև նույնիսկ չկան արհեստական գաղափարական կուսակցություններ, այսպես ասած` ռուսամետ կամ արևմտամետ: Քամին որտեղից փչում է` այդ կուսակցությունները դառնում են այդպիսին: Եթե ՀՀՇ-ն և՛ ազգային, և՛ լիբերալ կոչվող կուսակցություն էր, ապա նրանից բազմաթիվ մարդիկ անցան, այսպես կոչված, ազգայնական կուսակցություն` Հանրապետական, և բազմաթիվ այդպիսի դեպքեր կարող ենք հիշել: Հայաստանում գաղափարների պայքար, որպես այդպիսին, չկա: Ես մի առիթով ասել եմ, որ Հայաստանում քաղաքական ուժերը և գործիչները ոչ թե իրավիճակային ելքեր են որոնում, այլ մուտքեր:

– Կցանկանայի քննարկել ոչ միայն դասական գաղափարախոսությունների առկայությունը կամ բացակայությունը, այլև քաղաքական մշակույթը: Ինչո՞ւ է Հայաստանի քաղաքական համակարգն այսքան այլասերված: Սրա պատճառն այն է, որ մենք վերարտադրեցինք Խորհրդային Միության քաղաքական բարքե՞րը: Որտեղի՞ց անձի պաշտամունքը կուսակցություններում, ատելության մթնոլորտը, այս բոլշևիզմը, տոտալիտար մտածողությունը:

– Դուք մի քանի հարցեր դրեցիք այստեղ: Մի կողմից՝ եթե անդրադառնանք զուտ գաղափարական և այլ հարցերին, սա մի քիչ ավելի հին պատմություն ունի: Ես իմ խոսքում փորձեցի մի փոքր նշել, որ դարերով` սկզբից՝ կղերական մտավորականությունը, հետո էլ՝ խորհրդային մտավորականությունը հայ ժողովրդի մեջ մտցրել է մի գաղափար, որ՝ «դու ինքնուրույն չես կարող ապրել, դու պետք է մեկի հովանավորությունն ունենաս», և հայ ժողովրդի մեջ մտել է այսպիսի մի մտածողություն. այն կարելի է պայմանականորեն անվանել «գոյատևման» կամ «քարշ գալու» մտածողություն:

Եվ երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը չեն դնում որևէ վեհ նպատակ` Հայաստանի անկախության, զարգացման և այլնի վերաբերյալ, ապա լինում է մի գաղափարախոսություն` նյութապաշտություն, այսինքն` որքան հնարավոր է` կարողանաս ընտանիք պահել և հարստանալ: Եվ այս գաղափարախոսության շուրջ մենք ստեղծում ենք տարբեր անվանումներով կուսակցություններ: Սա ասում եմ` որպես հիմնական հարց, որովհետև, երբ դնում ես վեհ գաղափար, օրինակ` անկախության գաղափարը, այդտեղ պետք է լինի նաև պատասխանատվության հարցը, իսկ երբ դու լինում ես ուրիշի հովանավորության տակ, հանում ես քեզ պատասխանատվությունից: Մենք չենք ուզում պատասխանատվություն վերցնել մեր ճակատագրի համար:

Ինչ վերաբերում է քաղաքական մշակույթին, ապա դա նույնպես հին պատմություն է: Եթե կարդաք Թումանյանի հոդվածները` «Զինվորագրվել ենք» կամ հայկական մամուլի մասին, ապա կտեսնեք, որ նույն պատկերն է եղել, ինչ այսօր. զուտ միջկուսակցական կռիվ, իրար հայհոյել` առանց լուրջ քննարկումների, և այլն, և այլն: Ես չեմ տեսել Հայաստանում երկրի ապագայի մասին գաղափարական, լուրջ քննարկումներ: Եղել են միայն հայհոյանքներ, և հայհոյանքները մեծ մասամբ այսպիսին են եղել` իրենց սպասարկող լրատվամիջոցներով դրվել է կարմիր գիծ` «կա´մ մեզ հետ ես, կա´մ մեր թշնամին ես»: Սա մեր քաղաքական մշակույթն է կամ, ես կասեի՝ հակամշակույթը: Եվ այս ամենն ինձ միշտ հիշեցնում է Պարոնյանի հայտնի խոսքը` «հայհոյանքը փաստի սով է»:

– Մի պարզ հարցադրում կա` եթե համարում ենք, որ այս իշխանությունն օրինական չէ, ուրեմն նրա քայլերը նույնպես անօրինական են, այդ դեպքում ինչո՞ւ այս իշխանության կողմից ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելն անօրինական չէ, այլ անշրջելի է:

– Խնդրում եմ` այդ հարցն ուղղեք դա ասողներին, որովհետև ես համաձայն եմ ձեր հարցի հետ:

Ես մի կարևոր հարց բաց թողեցի, որը վերաբերում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի հարցին: ԵՏՄ-ի կողմնակիցները բավական լուրջ դեմքով խոսում են անվտանգության հարցերի մասին: Մի րոպե ընդունենք, որ նրանք ճիշտ են այդ հարցում: Այդ դեպքում միանգամից երկու հարց է առաջանում: Մի քանի օր առաջ Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմական սերտ համագործակցության մասին հերթական համաձայնագիրը: Ինչո՞վ է սա ապահովում մեր անվտանգությունը` ինձ համար հարցական է: Երկրորդը, շրջանցվեց Ղարաբաղի և Հայաստանի սահմանին մաքսատուն դնելու հարցը: Եթե նույնիսկ այսօր դրան բանի տեղ չեն դնում, հետագայում` տարբեր քննարկումների ժամանակ, այդ տնտեսական միությունը ձայների մեծամասնությամբ կարող է որոշել, որ այնտեղ պետք է դրվի մաքսատուն, և մաքսավորները լինեն ղազախներ, բելառուսներ և ռուսներ:

Այդ դեպքում մենք կորցնում ենք ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլև Ղարաբաղը: Եվ դրա մասին նույնպես ընդդիմությունը չի խոսում: Հարց է առաջանում` իսկ ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն բարձրացնում հարցը` եթե այնտեղ մաքսատուն է դրվելու, մենք չենք մտնում ԵՏՄ, կամ, եթե մաքսատուն է դրվում, ապա թող դրվի նաև Հյուսիսային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի տարածքներում, որոնք նույնպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքներ չեն: Կամ արդյոք դրվելո՞ւ է մաքսակետ ՌԴ-ի և արևելյան Ուկրաինայի սահմանին(Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ): Բայց իշխանությունները վախենում են խոսել դրա մասին, ընդդիմությունը նույնպես լռում է, որովհետև չեն ուզում նեղացնել Ռուսաստանին` այն ուժին, որի միջոցով կա՛մ իշխանությունն են պահում, կա՛մ իշխանության են ուզում գալ:

 

Տեսանյութեր

Լրահոս