Փաշինյան-Էրդողան հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, ադրբեջանցիների վերադարձի հարց չի եղել. Վահան Կոստանյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետության ղեկավար, պետք է որ մասնակցի համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2026 թ. գարնանը Երևանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` հստակ չպատասխանելով հարցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թ. անցկացվելու է Երևանում։

Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք Էրդողանն ընդունել է Փաշինյանի առաջարկը և կգա Հայաստան։

«Որպես կանոն` հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին և որպես կանոն` անդամ բոլոր պետությունները` ղեկավարների մակարդակով մասնակցում են»,– հստակեցրեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի արդյունքներին և հայկական կողմի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նա ասաց, թե Հայաստանի` կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։

«Կա ընդհանուր ըմբռնում, որ ՀՀ-ն կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացման վերաբերյալ իր առաջարկներով։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,- ընդգծեց նա։

Արձագանքելով լրագրողների հարցին` Կոստանյանը նշեց, որ ինքը Թուրքիայի կողմից չի լսել, որ Հայաստանով ճանապարհը պետք է անարգել անցնի։

«Դուք նրանցից նման պնդում լսե՞լ եք, ես չեմ լսել։ ՀՀ-ի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ կոմունիկացիաները պետք է լինեն ՀՀ իրավազորության ներքո, և այդ ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվի ՀՀ սուվերենությունը»,- ասաց նա։

Կոստանյանի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։

«Հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն, որոնց մասին մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք»,– ընդգծեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա նա այս հարցերում փակուղի չի տեսնում, քանի որ երկու կողմի հետ էլ քննարկումներ կան։

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային հարցերում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։

Նա անդրադարձավ նաև 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը` նշելով, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պիտի արվեն։

Լրագրողի հարցին, թե Ռեջեփ Թայիփ էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների` Հայաստան գալու ու ապրելու հարցը, փոխարտգործնախարարն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը»։

Տեսանյութեր

Լրահոս