Նիկոլ Փաշինյանի սոցիալ-հոգեբանական բարդույթները, կամ՝ ինչու է «ահաբեկչական» գործողությունների ժամանակ հիշում հենց Հոկտեմբերի 27-ը

Իշխանությունները և նրանց մերձակա շրջապատն արդեն հասցրել են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի, շարժման աջակիցների կամ ընդդիմության՝ գործի չդրված «հեղաշրջման պլանը» բարձրացնել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կամ ահաբեկչական ակտի մակարդակին, որի ժամանակ սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

«Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել: Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:

Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել: Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- հունիսի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, երեկ գրել ենք, որ Ադրբեջանը ևս ընդդիմադիրների շուրջ զարգացումների ֆոնին հիշել է Հոկտեմբերի 27-ի մասին: Իհարկե, այս դեպքում նպատակները տարբեր են:

Կարդացեք նաև

Օրինակ, Ալիևը փորձում է Հայաստանին ոչ միայն «ռազմական հանցագործ» ներկայացնել (ոչ միայն Բաքվի «դատավարության» շրջանակում, այլ նաև միջազգային տարբեր հանդիպումներում, վերջին թարմ օրինակը երեկ էր, երբ բացվում էր Մինգեչաուրի էլեկտրակայանը), այլ նաև մի երկիր, որտեղ «ահաբեկչությունների և ռազմական հեղաշրջումների» վտանգ կա:

Փաշինյանի դեպքում, բնականաբար, նպատակներն այլ են, որոնցից 1-2-ին ավելի ուշ կանդրադառնանք:

Իսկ մինչ այդ մի քանի այլ հիշեցում անենք, օրինակ, երբ 2023 թվականին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե խափանվել է «Հյուսիսային տերևաթափ» «ահաբեկչական» գործողությունը, իշխանության ներկայացուցիչներից դարձյալ հիշել էին Հոկտեմբերի 27-ի մասին:

«Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել։ Վերջերս մի խումբ բացահայտեց Ազգային անվտանգության ծառայությունը: Իսկ նախկինում ինչո՞ւ չէր բացահայտում: Դուք գիտե՞ք, որ ինչ-որ պահի քննչական խմբում լավագույն քննիչները, որոնք իրենց աշխատանքի արդյունքում դուրս էին եկել կոնկրետ ուղղության վրա, հետագայում այդ քննիչների վրա նաև քրեական հետապնդում սկսվեց՝ Սամվել Հովհաննիսյան և այլն: Այնպես չէ, որ Նաիրի Հունանյանն իր եղբոր ու ինչ-որ մարդկանց հետ որոշեցին, գնացին երկիրը գլխատեն։ Չէ, ունեցել են աջակցություն, այդ աջակցությունը բացահայտելը բացում է այն հարցի պատասխանը, որ աջակիցները պատահական մարդիկ չէին կարող լինել»,- 2024 թվականի հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ էության, իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից փորձ արվեց նմանօրինակ «գույն» հաղորդել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի դեպքերին (թեպետ մենք ունեցել ենք ՊՊԾ-ի գնդի վրա հարձակում, եղել են զոհեր, ըստ էության, իշխանության զավթման նպատակներ):

Ի դեպ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետի պաշտոնակատար, անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության հետաքննության վերսկսման հնարավորությանը՝ ասել էր. 

«Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝ այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ։ Ես այս պահին չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այդ հարցով տուժողի իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք ավելի լավ են ծանոթ գործին»:

Ավելի ուշ տեղեկություններ եղան Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա գործի վերաբացման մասին, ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի հունիսի արտահերթ ընտրությունների ժամանակ փորձեց «խաղալ» նաև այս լարի վրա:

«Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը:

Այս ընթացքում, իհարկե, առանձնապես հաջողություններ չեն գրանցվել այս ֆրոնտում, առնվազն հրապարակավ այդ մասին ոչինչ հայտնի չէ նույնիսկ թույլատրելի մակարդակում: Բայց սա չի խանգարել, որ այս տարվա մայիսին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարի, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով մեծածավալ գործողություններ են կատարվում, այնպես, ինչպես Մարտի 1-ի գործով:

Անցնենք հեղաշրջում, իշխանազավթում, ահաբեկչություն որակված տարբեր գործողությունների՝ Հոկտեմբերի 27-ի հետ համեմատելուն և այդ «կալիբրի» ներկայացնելու իշխանական նպատակներին:

Առաջին, եթե նկատեցիք, իշխանություններն այդ համատեքստում փորձում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ իրենք կարողացել են կանխել «ահաբեկչական գործողությունները», և հարցադրում են անում՝ ինչո՞ւ 1999-ին իրավապահ կամ ուժային մարմինները չէին կարող կանխել կամ չեն կանխել: Կարիք կա՞ բացատրելու, թե քաղաքական ինչ մեսիջ են հղում, և այստեղ հարցն այն չէ՝ որքանո՞վ է այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ:

Երկրորդ, Վազգեն Սարգսյանին ամբողջ կյանքում ատելով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն նրա հետ նույն հարթության վրա դնել, ինչն արտահայտվել է տարբեր ձևերով: Չգիտեմ՝ այս երևույթը մասնագետներն ինչ կանվանեն, երբ փորձում ես նմանվել նրան, ումից միշտ վախեցել ես:

Ինչևէ, 2023 թվականի մայիսին անկլավների թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշել էր 1999 թվականի տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը՝ «հրապարակված փաստաթղթերից 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է անկլավներին, եթե ճիշտ եմ հիշում հոդվածի թիվը»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծել էր «10 տարի թաքցված» մի փաստաթուղթ՝ այն որակելով «մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ»:

«Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը խափանեցին կյանքի գնով: Եթե մեր հետաքննության մեջ այս հարցը չի դիտվել՝ որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթուղթը: Փաստաթղթի հրապարակումից հետո, ես վստահ եմ, սա լինելու է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»,- մասնավորապես, հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եթե մի կողմ դնենք Լևոն Տեր-Պետրոսյանի ներքաղաքական որոշակի տրամադրվածությունը, ՀՀ առաջին նախագահը, ըստ էության, հաստատել է այն պնդումները, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ետևում արտաքին գործոն կա, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Վազգեն Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ ձևակերպումներ։ 

Արդեն 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե «կա վարկած, որ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ չի բացառվում, որ սա կարող է քննության առարկա դառնալ»:

Նույն թվականին մեկ այլ առիթով Փաշինյանը նշել է.

«Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ՝ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ»:

Նկատենք, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը Փաշինյանի ընդդիմախոսներին մեղադրում են խաղաղության օրակարգը խաթարելու համար, և հենց այդ ֆոնին պարբերաբար «ահաբեկչական գործողություններ» են կանխվում: Մենք հիմա ոչ թե քննարկում ենք այդ գործողությունների իրական կամ ոչ իրական լինելը, այլ Նիկոլ Փաշինյանի մոտիվները, այդ թվում, իր խոսքերով ասած՝ սոցիալ-հոգեբանական:

Այսինքն, Փաշինյանը, որ ամբողջ կյանքում ատել և չի ընդունել Վազգեն Սարգսյանի տեսակը, փորձում է իր «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, կերպափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանավորվածություններն արդարացնել Վազգեն Սարգսյանի միջոցով, իրեն դարձնել այդ կալիբրի գործիչ:

Եվ ոչինչ, որ Վազգեն Սարգսյանը հայտնի ասուլիսի ժամանակ՝ 1998-ին, հենց լրագրող Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան էր ասել հետևյալը.

«Կարող է երբևէ այս հարցազրույցից հետո ինձ մեղադրեն պատերազմի հրձիգ լինելու մեջ, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջ: Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություն անողներն այս պատերազմում ինչ լումա ունեն, ինչ ջանք են ներդրել, քանի ընկեր են կորցրել, քանի հարազատ, դա իրենց գործն է: Բայց պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:

Այնպես որ, ժամանակն է՝ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքը Վազգեն Սարգսյան չէ, և 7 տարի իշխանության ղեկին լինելով՝ չի դարձել պետական գործիչ, որովհետև անընդհատ պետականությունից խոսելով և պետական բարձր պաշտոն զբաղեցնելով՝ պետական գործիչ չեն դառնում, այնպես, ինչպես ՀՀ զինված ուժերը կամ Գլխավոր շտաբն ամեն ղեկավարած անձի չէ, որ կարող ես իրականում համարել ռազմական գործիչ:

 

Տեսանյութեր

Լրահոս