
Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները ներկայացրել են ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծ. ինչ են առաջարկում

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսված գործընթացի՝ ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
Նախաձեռնության հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
ՔՊ-ական պատգամավորներն
Առաջարկում են
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 36-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ մաս.
«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները»:
Որպես իրենց առաջարկի հիմնավորում՝ ՔՊ-ականները պնդում են
Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական այս կարևոր ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
ՔՊ-ականներն առաջարկվող փոփոխություններով նախատեսում են.
– սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները,
– սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը,
– սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները: