Ինչու վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Լյուքս Ստեփանյանի մահվան գործով կայացված վճիռը
Ինչպես հայտնի է, վերաքննիչ դատարանը ափոփոխ թողեց Լյուքս Ստեփանյանի մահվնան գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը: Առաջին ատյանի դատարանը Դավիթ Խաչատրյանին մեղավոր էր ճանաչել Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 112-րդ հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը դատավճռով հանգել էր հետևության, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է անուղղակի դիտավորությամբ. գիտակցելով իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը և չցանկանալով արարքի վտանգավոր հետևանքները՝ գիտակցաբար թույլ է տվել դրանք:
Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ դատարանը գտել է, որ որ Դավիթ Խաչատրյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելը և նրա մեղքը հաստատված, իսկ պատճառաբանությունները հերքված են քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով:
Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական գործի ուսումնասիրության արդյունքում եկել է համոզման, որ դատավճիռն օրինական է ու հիմնավորված, դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի` որպես արդարադատության ակտի իմաստը, խախտել է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, որպիսի պայմաններում ամբաստանյալին արդարացնելու, նրա արարքները վերաորակելու, գործը նոր քննության ուղարկելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու առումով դատական ակտը բեկանելու և բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
Ի՞նչ ցուցմունք է տվել Դավիթ Խաչատրյանը
Առաջադրված մեղադրանքում Դավիթ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ առաջադրված մեղադրանքում մեղավոր չճանաչելը չի նշանակում, որ Լյուքսի մահվան և Հրաչի ստացած մարմնական վնասվածքի մեջ ինքը մեղք չունի: Ինքը չի ցանկացել, որ նրանց հետ նման բան պատահի, շատ է ցավում ու իրոք տանջվում է կատարվածի համար: Ամեն ինչ կտար, որ նրանց հետ նման բան չլիներ: Հասկանում է, որ այդ ամենն իր գործողությունների հետևանքով է առաջացել: Իրենք շատ մոտ ընկերներ են եղել: Ծառայությունը զորամասում իրար հետ են սկսել և մի ընտանիքի նման են եղել: Այնքան մոտ են եղել, որ ընկերական նեղ շրջապատում կարող էին իրենց թույլ տալ հայհոյանքով կատակել իրար հետ:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը ժամապահ է եղել պահակատան դռան մուտքի մոտ: Արդեն իր հերթափոխի ժամն է եղել, ժամ է հարցրել տաղավարում նստածներից: Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել ու նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը:
Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ ու իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «ինչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»: Ի պատասխան նրան` ինքը ծիծաղելով ասել է` «Հավեսդ չունեմ», ու այդ ամենը կատակ է եղել: Դրանից հետո Լյուքսն սկսել է հայհոյանքով կատակել, իսկ ինքը պատասխանել է` «Թարգի, հավեսդ չունեմ» ու հայհոյել է: Լյուքսն սկսել է նորից հայհոյել իրեն: Դրանից հետո երկու անգամ գետնից չորացած հողի կտոր է վերցրել ու նետել դեպի տաղավար` որպես կատակ: Մինչ հողակտորը նետելը` զենքը կախված է եղել իր աջ ուսին, տեղափոխել է ձախ ուսը, որպեսզի աջ ձեռքով հողակտորն ավելի հեռու նետի:
Որոշ ժամանակ զենքը կախված է եղել ձախ ուսին: Երբ զենքը ձախ ուսից հետ է բերել աջ ուսը, այդ պահին Լյուքսն իրեն ասել է, որ չի կարող կրակել: Իր մոտ միտք է առաջացել, որ վախեցնի նրան: Զենքն ուսից հանել է, դրել ոտքին, բացել ապահովիչը, լիցքավորել, որպեսզի վախեցնի: Դրանից հետո զենքը բարձրացրել է ուսի հատված, պահել տաղավարի ուղղությամբ, իսկ Լյուքսը մի քանի անգամ հայհոյել է իրեն` ասելով, որ չի կարող կրակել: Հրաչոն Լյուքսի կողքն է նստած եղել ու իրեն ասել է` «Իջեցրու զենքը, խաղալիք չէ»: Այնուհետև զենքը նույն դիրքով իջեցրել է, ցանկացել լիցքաթափել: Նկատել է, որ անհարմար է, չի կարողացել որևէ գործողություն կատարել, զենքը դեպի իրեն հետ է տարել և այդ ժամանակ զենքի կոթն արգելքի է հանդիպել: Ըստ իրեն` այդ արգելքը կողքին կախված ենթապայուսակն է եղել: Այս ամենն ակնթարթորեն է կատարվել:
Այնուհետև փորձել է ուժ գործադրել, որպեսզի անցնի այդ արգելքը: Այդ ուժը պետք է գործադրեր ձեռքերի միջոցով: Երբ ուժ է գործադրել դեպի հետ ու ներքև, զենքի կոթը միանգամից ազատվել է պայուսակից ու ազատվելու ժամանակ կրակոց է արձակվել: Վախեցել է, նայել է տաղավարի ուղղությամբ և նկատել խառնաշփոթ իրավիճակ: Միանգամից վազելով գնացել է տաղավար, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվել:
Երբ մոտեցել է տաղավարին, տեսել է, որ Հրաչոն գետնին է ընկել, իսկ Լյուքսը նույն դիրքով նստած էր` գլուխը կախ, արյուն էր հոսում գլխից: Այդ ամենը տեսնելուց հետո վախից չի մոտեցել, սկսել է գոռալ, լացել` ասելով. «Էս ինչ եղավ, էս ինչ արեցի»: Զինվորներից մեկը, իր հիշելով` Գևորգն էր, գրկել է իրեն և տարել ավելի հեռու՝ ասելով.«Գցիր զենքը»: Հետո ռազմական ոստիկանության աշխատակիցներն են եկել ու իրեն տարել:
Վերքաննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է. «Դատարանը, քննության առնելով գործով ձեռք բերված ապացույցները և ամբաստանյալի ցուցմունքը գնահատելով դրանց ամբողջության մեջ, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ նրա ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում և նա նպատակ ունի մեղմել կատարած հանցանքի համար իր պատասխանատվությունն ու պատիժը»:
Ի՞նչ ապացույցներով է դատարանը հիմնավորված համարել նրա մեղքը
Որպես Դ. Խաչատրյանի մեղքը հիմնավորող և նրա պատճառաբանությունները հերքող ապացույցներ դատարանը վկայակոչել էր հետևյալները.
1.Գործով տուժողի իրավահաջորդը՝ նրա մայր Լուիզա Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ որդուն սպանելու համար պահանջում է կամ մասսայական մահապատիժ, կամ, ծայրահեղ դեպքում, ցմահ ազատազրկում, որպեսզի յուրաքանչյուր զինվոր հասկանա, թե ինչ է զինվորի կորուստը ծնողի համար:
2. Լյուքս Ստեփանյանի հայրը՝ վկա Իշխան Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ լսել է, որ իր երեխային դիտավորյալ են սպանել: Իրեն զինկոմն է ասել: Նա գիշերը, ժամը 11-ին, կանչել է իր մոտ և ասել, որ մի երևանցի խփել է Լյուքսին, որը մահացել է: Այդ պահին չի իմացել, թե ով է այդ արարքը կատարել: Հետագայում իմացել է, որ Դավիթ Խաչատրյանն է եղել, բայց ինքը նրան ծանոթ չէ: Իր որդին, ծառայության ընթացքում և մինչև ծառայության մեկնելը, որևէ խնդիր չի ունեցել: Դեպքից 20-25 օր առաջ որդին եղել է հիվանդանոցում, դրանից հետո եկել է ու մոտ մեկ շաբաթ, կամ 10 օր անց, եղել է այդ դեպքը: Գործի փաստաթղթերից և դիսկերից իրեն հայտնի է, որ ամբաստանյալն իր որդուն դիտավորյալ է սպանել:
3. Գործով վկա Հրաչյա Մարգարյանի ցուցմունքով, այն մասին, որ դեպքի ժամանակ իրենք գտնվել են պահակատանը: Խոսակցություն է եղել մուտքի մոտ կանգնած դիտորդ, ժամապահ Դավիթ Խաչատրյանի և արթուն հերթափոխի պահակային Լյուքս
Ստեփանյանի միջև: Ինքը, վերջինս, Հրաչ Սարգսյանն ու Արշակ Պետրոսյանը բացօթյա տաղավարում նստած` սովորում էին պահակային կանոնադրությունը, իսկ ժամապահը կանգնած էր դռան մուտքի մոտ` հենց առջևում: Հստակ հիշում է, որ Դավիթը ժամ հարցրեց, իրենց մոտ չկար ժամ: Այդ ժամանակ Դավիթը պզուկներն էր ճտտացնում հայելու դեմը: Լյուքսը պզուկների վերաբերյալ կիսահեգնական ժպիտով ինչ որ բան է ասել Դավիթին ու այդպես շարունակվել է խոսակցությունը: Վերջինս քար է շպրտել Լյուքսի ուղղությամբ: Այնուհետև Լյուքսը հայհոյել է ու հենց այդ պահին Դավիթը կրակել է: Իր ուշքը գնացել է ու էլ բան չի հիշում, ջրով իրեն ուշքի են բերել: Լյուքսը քար նետելու պատճառով չի հայհոյել: Ընթացքում նա անընդհատ հայհոյում էր: Դավիթը միանգամից չի կրակել: Լյուքսը սեռական բնույթի հայհոյանք է տվել, անձնական վիրավորանք հասցրել Դավիթ Խաչատրյանին: Նման հայհոյանքները կատակով չեն ասում: Լյուքսի ժպիտից ենթադրել է, որ կատակ է, սակայն դա վիրավորական էր: Ինքը, Լյուքսը, Հրաչը և Արշակը նստած են եղել տաղավարում, իսկ Դավիթը կանգնած է եղել դռան դեմը: Միշա Ջանազյանը լվացվում էր լվացարանի մոտ: Դավիթն իրենցից գտնվել է մոտ 25 մետր հեռավորության վրա: Նրա կանգնած տեղից տաղավարն ամբողջությամբ տեսանելի էր: Մինչ կրակոցի ձայնը լսվելը` Դավիթն ինքնաձիգն իջեցրել է: Երբ վերջինս զենքը կրծքին էր պահել` եղել են բացականչություններ. Հրաչը և Միշան ուզում էին հետ պահել, Դավիթին ասում էին` իջեցրու զենքը, խաղալիք չէ, սակայն բառերը հստակ ու կոնկրետ չի կարող հիշել:
Լյուքսը լավ հարաբերությունների մեջ է եղել Դավիթի հետ: Հրաչը և Դավիթը եղել են ջերմ ընկերական հարաբերությունների մեջ: Վերջինս իր կանգնած տեղից խոսել է միայն Լյուքսի հետ, իր ու Արշակի հետ չի խոսել: Խոսել են մոտ 5-10 րոպե: Դեպքի մասին ինքը պատմել է գնդի հրամանատարին, մի սպայի ու քննիչին: Հայհոյանքներն այնքան էլ լուրջ բնույթ չեն կրել, անլուրջ խոսակցություն է եղել: Մինչ այդ` Դավիթն ու Լյուքսն իրար երբևէ հանաքով հայհոյանքներ չեն տվել, չի լսել, և որևէ մեկն իրեն նման բան չի ասել: Կրակոցից առաջ Դավիթն առաջ չի եկել, ինչ դիրքում կանգնած է եղել` այդտեղից էլ կրակել է: Լյուքսին կարող է բնութագրել որպես աշխատասեր, ընկերասեր, իսկ Դավիթին` նվիրված, ընկերասեր:
Վկա Հրաչյա Մարգարյանը նախաքննական ցուցմունքներում նշել է`«…Ժամը 15:00-ի սահմաններում մենք ծխարանում ծխում էինք և կանոնագրքով պարտականություններն էինք սովորում: (…) Պահակատան մուտքի ժամապահ Դ. Խաչատրյանը մեզանից ժամ հարցրեց, որից հետո շարքային Լ. Ստեփանյանը նրան ասաց, այ պզուկոտ ժամ չունեմ, որից հետո Դ. Խաչատրյանը ասաց հավեստ չունեմ, վերջինիս խոսքից հետո Ստեփանյանը Խաչատրյանին հայհոյեց…: (…) Վերջինս ասաց մի հայհոյի, ի պատասխան Դ. Խաչատրյանի խոսքերին Լ. Ստեփանյանը կրկին նրան հայհոյեց…: Լ. Ստեփանյանը կատակով էր հայհոյում Դ. Խաչատրյանին, այդ ընթացքում նրանց միջև վիճաբանություն չի եղել: Դրանից հետո վերջինս գետնից քար վերցրեց և նետեց դեպի Լ. Ստեփանյանի ուղղությամբ, քարը չդիպավ ոչ ոքի և Լ. Ստեփանյանը շարունակեց հայհոյել, որից հետո Դ. Խաչատրյանը առանց որևէ բան ասելու, ուսից հանեց իրեն ամրակցված AKM տեսակի ինքնաձիգը, իջեցրեց իր աջ կրծքավանդակի շրջանից ներքև, 2 ձեռքով էր բռնել զենքը և փողի ուղղությունը պահել էր դեպի Լ. Ստեփանյանի կողմը, որից հետո վերջինս Դ. Խաչատրյանին ասաց. «Չես խփի, ով չխփի..»:
Այդ խոսքերից հետո վերջինս ծխարանի ուղղությամբ մեկ կրակոց արձակեց:
Երբ Դ. Խաչատրյանը զենքի փողը պահել էր Լ. Ստեփանյանի ուղղությամբ, այդ ժամանակ նա չէր ծիծաղում, լուրջ հայացքով էր նայում նրան: (…) Հայհոյանքից անմիջապես հետո, Դ. Խաչատրյանն իր զենքի խզակոթը դրեց ոտքին և լիցքավորեց իր զենքը, որից հետո իջեցրեց իր աջ կրծքավանդակի շրջանից ներքև` փողի ուղղությունը պահելով Լ. Ստեփանյանի ուղղությամբ, նշեմ, որ այդ րոպեների ընթացքում Դ. Խաչատրյանը ոչինչ չէր խոսում նայում էր դեպի Լ. Ստեփանյանին, այդ պահին վերջինս Դ. Խաչատրյանին ասաց «Չես խփի, ով չխփի…» ու մի քանի վայրկյանների ընթացքում նա իր ինքնաձիգով մեկ կրակոց արձակեց:
Երբ Լ. Ստեփանյանը Դ. Խաչատրյանին պզուկոտ ասեց իսկ նա պատասխանեց, որ իրեն նման բան չասի, Լ. Ստեփանյանը նրան ասաց. «Դու ինձ մի մի ասա ինչ անեմ…» իսկ Դ. Խաչատրյանը պատասխանեց՝ ասելով «Ինձ քֆուր մի տու»: Դրանից հետո Լ. Ստեփանյանը շարունակեց հայհոյել Դ. Խաչատրյանին (…): Վերջինս գետնից քար վերցրեց և այն շպրտեց բիսետկայի ուղղությամբ` ավելի ճիշտ Լ. Ստեփանյանի ուղղությամբ, քարը ոչ ոքի չդիպավ, իսկ վերջինս շարունակում էր հայհոյել Դ. Խաչատրյանին, ով այդ ժամանակ զայրացավ և երկրորդ քարը նետեց Լ. Ստեփանյանի ուղղությամբ, բայց երկրորդն էլ որևէ մեկին չկպավ: Ներկայումս չեմ հիշում, թե քարերը շպրտելու ժամանակ Դ. Խաչատրյանը ինչ որ բան ասել է թե ոչ, բայց նկատելի էր որ նա նյարդայնացել էր: Հիշում եմ որ այդ ընթացքում Դ. Խաչատրյանը կրկնել է որ Լ. Ստեփանյանը իրեն չհայհոյի, բայց նա շարունակել է հայհոյել: (…) Դրանից հետո Դ. Խաչատրյանն իր ինքնաձիգը, որը փոկով գցած էր աջ ուսին, մի տեսակ ոչ սովորական ձևի ուսից հանեց ու բռնեց ձեռքը` ընդ որում աջ ձեռքով բռնեց ձգանի մոտի բռնակից իսկ ձախով գազամխոցի տակից զենքը պահելով գոտկատեղի և փորի շրջանում` փողը ուղղելով Լ. Ստեփանյանի ուղղությամբ: (…), ով տեսնելով որ Դ. Խաչատրյանը զենքը վերցրել է ձեռքը ու պահել իր վրա, ասաց՝ «Չես կարա կրակես» մի տեսակ կիսա ուրախ տոնով, որից հետո ավելացրեց «Ով չկրակի…»:
Երբ Լ. Ստեփանյանը Դ. Խաչատրյանին ասաց որ նա չի կարող կրակել, վերջինս իմ հիշելով աջ ձեռքով բացեց զենքի ապահովիչը և կատարեց լիցքավորման գործողություն, որից հետո նոր Լ. Ստեփանյանը ասաց վերը նշված հայհոյանքը չկրակողի հասցեին: Այդ ժամանակ Միշա Ջանազյանը, ով գտնվում էր պահակատան շենքի արջև քայլեց Դ. Խաչատրյանի ուղղությամբ և ինչ որ բան ասաց չկրակելու մասին, ինչը ես հստակ չեմ հիշում, շարունակելով քայլել Դ. Խաչատրյանի կողմ և այդ ժամանակ վերջինս կրակոցն արձակեց:
Դատելով Դ. Խաչատրյանի կատարած գործողություններից` զենքի ապահովիչը բացելը, այն լիցքավորելը և Լ. Ստեփանյանի ուղղությամբ այդ վիճակում պահելը վկայում է այն մասին, որ նա գիտակցաբար կրակել է Լ. Ստեփանյանի վրա, ինչի արդյունքում նա մահացել է, իսկ Հ. Սարգսյանը պատահաբար է վնասվածք է ստացել:
5.Գործով վկա Արշակ Պետրոսյանի ցուցմունքով, այն մասին, որ Դ. Խաչատրյանը դիտորդ է եղել պահակատան առաջ: Իրենք նստած են եղել վերջինցս մոտ 20-30 մետր հեռավորության վրա: Դավիթը նստածներից ժամ է հարցրել, որից հետո Լյուքսի կողմից վիրավորանք է հնչել նրա հասցեին: Դավիթի հետ եղել են ծառայողական հարաբերությունների մեջ, թշնամանք չի եղել միմյանց հետ:
Խոսակցությունն սկսվել է այն ժամանակ, երբ վերջինս դեմքն էր մաքրում բշտիկներից: Մի քանի անգամ դրա վերաբերյալ Լյուքսը վիրավորական արտահայտություն է արել: Կոնկրետ խոսակցությունը բառերով չի հիշում, բայց Դավիթը Լյուքսին ասել է` մի ասա, սակայն Լյուքսը շարունակել է և Դավիթը նորից է ասել` մի ասա: Դրանից հետո Լյուքսը հայհոյել է նրան: Դավիթը քար է շպրտել, որպեսզի Լյուքսը սուս մնա:
Լյուքսի ու Դավիթի միջև խոսակցությունն սկսվելուց մոտ 4 րոպե հետո, վերջինս զենքը լիցքավորել է: Դավիթը Լյուքսին ասել է` լռիր, սպառնալիք եղել է, թե ոչ` չգիտի, ուշադիր չի եղել: Տեսել է, որ Դավիթը զենքը պահել է ծխարանի ուղղությամբ, հետո իջեցրել է դեպի ներքև ու կրակել: Մինչ կրակելը վերջինիս կողմից հնչել է` «Տենց բաներ մի ասա», չգիտի, թե ուրիշ ինչ է ասել: Նկատել է, որ Դավիթը մի քիչ լարված է, ջղայնացած, նա կատակները լուրջ է ընդունել, թե ոչ` չգիտի:
Կրակոցից հետո Դավիթն ասում էր` «Էս ինչ արեցի», երևում էր, որ չէր ցանկանում նման բան անել, ընկճված էր, նա չի փորձել զենքը ձեռքին փախչել, Լյուքսին չի հայհոյել, ինքը նման բան չի լսել, Դավիթին ճանաչելով` կարող է ասել, որ նա հայհոյանք չէր տա, նրանից նման բան չի լսել:
Գործով վկա Արշակ Պետրոսյանն իր նախաքննական ցուցմունքներում նշել է` «…Այդ ժամանակ պահակատան մուտքի դռան մոտ կանգնած էր շարքային զինծառայող Դավիթը և ծառայություն էր իրականացնում: Մի պահ նկատեցի, որ նա կանգնած է պահակատան մուտքի դռան աջ կողմում ներսից կախված հայելու առաջ ու ձեռքերով դեմքի շրջանում ինչ որ բաներ է անում, հավանաբար դեմքի վրա առկա բշտիկներն էր մաքրում: Այդ ժամանակ իմ կողքին նստած Լյուքսը սկսեց վերջինիս հետ կատակել` նրան անվանելով «պզուկ» ընդ որում մի քանի անգամ: Իսկ Դավիթը Լյուքսին պատասխանեց, որ իրեն նման բաներ չասի: Դրանից հետո վերջինս սկսեց հայհոյել Դավիթին` 3-4 անգամ նրան ասելով «..», իսկ իրեն հայհոյելուց հետո վերջինս Լյուքսին պատասխանեց, որ ինքը նյարդայնացած է, իրեն հայհոյանք չանի, այդ կերպ կատակներ չանի իր հետ, ասելով` «Հետս քֆուրով կատակ չանես»: Այսքանից հետո սակայն Լյուքսը շարունակում էր նրա հասցեին նման հայհոյանք տալ և այդ ամենը տեսել ու լսել ենք ես, Հրաչ Մարգարյանը և Հրաչ Սարգսյանը, մեզնից որևէ մեկը չխառնվեց նշված խոսակցությանը, քանի որ նրանք նախկինում նման ձևով իրար հետ կատակներ շատ են արել ու այդ ժամանակ էլ մտածեցինք, որ հերթական անգամ իրար հետ կատակում են և որևէ լուրջ բան չկա: Իրեն հայհոյելուց հետո Դավիթը մի փոքր նյարդայնացավ ու երկու անգամ քար նետեց տաղավարի ուղղությամբ, Լյուքսին ասելով` «սուս մնա»:
Այդքանից հետո վերջինս կրկին շարունակում էր Դավիթի հասցեին կատակով հայհոյանքներ տալ…: Այդ պահին նկատեցի, որ վերջինս նյարդայնացած ուսից իջեցրեց իրեն ամրակցված ինքնաձիքը և լիցքավորեց` առանց որևէ բան ասելու ու զենքի փողը ուղղեց դեպի տաղավարը, ավելի կոնկրետ դեպի Լյուքսը` զենքը երկու ձեռքով իր կրծքավանդակից ներքև բռնած: Այդ ժամանակ վերջինս Դավիթին, որը կանգնած էր պահակատան մուտքի մոտ, ասաց. «չես կարա կրակես» դրանից հետո ասելով. «ով չկրակի …», այդքանից անմիջապես հետո Դավիթն իր ինքնաձիգից արձակեց կրակոց մեկ անգամ:
6. Գործով վկա Միշա Ջանազյանի ցուցմունքով, որ դեպքի պահին ինքը լվացվում էր: Այդ ընթացքում վիճաբանում էին Խաչատրյան Դավիթը և Լյուքս Ստեփանյանը. կոնկրետ չի հիշում` ինչի մասին էին վիճում, բայց մոտավոր հասկացել է, որ կատակում են: Այդ ժամանակ Դավիթը գետնատնակի ժամապահ էր, իսկ Լյուքսը և Սարգսյանը գտնվում էին ծխարանում: Վեճ է սկսվել նրանց միջև. լսել է զենքի ապահովիչը բացելու ձայնը և թեքվել ձայնի ուղղությամբ: Տեսել է, որ Դավիթը նշան է բռնել, հետո իջեցրել է զենքն ու այդ ընթացքում ասել է` կկրակեմ: Լյուքսն ասել է` չկրակողի, ու հայհոյել: Դրանից հետո Դավիթը կրակել է ու ինքը նկատել է, որ Սարգսյանն ընկավ գետնին, իսկ Ստեփանյանը գլուխը կախեց: Մինչ կրակելը ցանկացել է առաջ գնալ, սակայն չի հասցրել:
Նրանց միջև թշնամանք չի եղել, բոլորը նորմալ ծառայել են և բոլորի նպատակը մեկն է եղել` հասնել իրենց ծնողներին: Ծառայել են հարազատ եղբայրների նման: Մինչ միջադեպը Լյուքսն ու Դավիթը գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ: Կրակոց արձակելուց հետո Դավիթն ասել է. «էս ինչ արեցի»: Վերջինս նշան էր բռնել դեպի ծխարանը:
Գործով վկա Միշա Ջանազյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է` «ժամը 15:25-ի սահմաններում, երբ ես լվացվում էի լսեցի զենքի ապահովիչի բացման ձայն և անմիջապես թեքվեցի դեպի ձախ ու նկատեցի, որ շարքային Դավիթ Խաչատրյանը իր զենքը լիցքավորում է և նշան բռնեց դեպի ծխարան, այնուհետև նա զենքը իջացրեց և պահեց իր աջ կողմը կատարեց կրակոց: Նշեմ մինչև Դավիթի կողմից կրակոց կատարելը` նշան բռնելուց հետո շարքային Ստեփանյան Լյուքսը մի քանի անգամ կրկնում էր «Ով չկրակի…»
Իմ կարծիքով՝ Դավիթը վրդովվել է, երբ Լյուքսը ասել է «Ով չկրակի…», իսկ վերջինս էլ կրակել է: (…) Շարքային Հ. Մարգարյանց լսել եմ, որ երբ իրենք ծխարանում նստած են եղել, իսկ Դավիթը պահակատան դռան մոտ ժամապահ է եղել, այդ ժամանակ շարքային Լյուքսը նրան ասել է «պզուկոտ», մի քանի անգամ ասել «…», որից հետո ասել է Դավիթին «ով որ չկրակի…», դրանից հետո վերջինս կրակել է: Այս ամենը լսելուց հետո, ես ենթադրում եմ, որ Դավիթը հունից դուրս է եկել և իր ինքնաձիգից կրակոց արձակել: (…) Հարցին չեմ կարող պատասխանել, թե նա դիտավորյալ է կրակել թե ոչ, միայն կարող եմ ասել, որ նա հունից դուրս եկած էր, քանի որ Լյուքսը նրան ասել էր «ով որ չկրակի…»:
7. Գործով վկա Արտյոմ Խոդերյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի պահին ճաշի ժամ է եղել և գտնվել է տանը: Իր բնակարանը գտնվում է պահակատան հետևում: Լուսամուտի մոտ հեռուստացույցի հետ կապված աշխատանքներ էր կատարում, երբ կրակոցի ձայն է լսել: Լուսամուտից ներքև է նայել, տեսել է խառնաշփոթ, ձայներ էին գալիս: Վազելով իջել է ներքև ու հասնելով պահակատուն, տեսել է, որ զինվորներից մեկը ծխարանում մեջքի վրա պառկած` գոռում է: Ինքնաձիգը գցած էր գետնին, իսկ զինվորները վազվզում էին, ամեն մեկը` մի կողմ: Նկատել է ամբաստանյալին, տեսել է, որ ինքն է ավելի շատ խառնված, անկանոն բաներ էր անում: Հասկանալով, որ Դավիթն է արարքը կատարել, գոտին ու սվին-դանակը վրայից հանել է և նրան տարել մի կողմ:
Դեպքի վայր սպաներ են եկել, խնդրել է, որ ամբաստանյալին պահեն իրենց մոտ ու նորից գնացել է այնտեղ, որտեղ զինվորը պառկած գոռում էր: Ծխարանում տեսել է մի զինվորի` գլուխը կախ, և հասկացել, որ մահացել է: Եկել են բժիշկները, վիրավոր զինվորին պատգարակով իր մեքենայով տեղափոխել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց ու հետ է եկել զորամաս:
8. Գործով վկա Սարգիս Վարդանյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի պահին գտնվել է պահակատանը` արթուն հերթափոխի սենյակում: Կրակոցի ձայնից դուրս է եկել ու տեսել, որ Սարգսյան Հրաչն ընկած է գետնին ու գոռում է: Տեսել է նաև Դավիթին` կանգնած, նա ոչինչ չէր անում: Տեղյակ է, որ Լյուքսը հայհոյել է նրան, իսկ նա զգուշացրել է, որ չհայհոյի:
9. Գործով վկա Արամ Սողոմոնյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի ժամանակ նստած է եղել արթուն հերթափոխի սենյակում: Երբ լսել է կրակոցի ձայնը, անմիջապես դուրս է եկել, տեսել է մի հոգի մահացած, մեկն էլ վիրավոր` պառկած, զենքը գտնվել է Դավիթի ձեռքին: Դեպքի մանրամասները լսել է ներկա գտնվողներից` Հ. Մարգարյանից և Ա. Պետրոսյանից: Կրակոցից հետո Դավիթից լսել է` «Հորս արև, ինչ արեցի» արտահայտությունը և տեսել է, որ ձեռքերով գլուխը բռնել է: Դավիթը գտնվում էր հոգեպես վատ վիճակում, նա եղել է լավ զինվոր, այնքան լավ զինվոր է եղել, որ 6 ամիս ծառայել է և իրեն ջոկի հրամանատար են նշանակել, զինվորների հետ շատ բարեհամբույր է եղել, ոչ ոքի չի վիրավորել: Մինչ միջադեպը, երբևէ նրանց միջև որևէ կոնֆլիկտ չի նկատել: Լյուքսը նույնպես շատ լավ զինվոր է եղել:
Դատարանը որպես ապացույց վկայակոչել էր դեպքին ոչ ականատես մի քանի այլ անձանց ցուցմունքներ, փորձաքննությունների եզրակացություններ:
Իր որոշման մեջ վերաքննիչ դատարանը նշել է, որ քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի հարցը, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափը որոշելիս, պահպանել է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և նշանակել է համաչափ պատիժ: